Հուլիսի 22-ին Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այդ ժամանակ արձակուրդում է եղել:
Այս մասին armlur.am-ին ավելի վաղ հայտնել էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Լուրեր էին տարածվել, թե քաղաքապետն ու մյուս երեք ուղևորները Քաշաթաղ էին ժամանել որս կատարելու համար, սակայն, ինչպես armlur.am-ին հայտնել էր շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այն տարածքում, որտեղ պայթել էր ականը, որսը կտրականապես արգելված է:
Իմանալու համար քաղաքապետը վերջնականապես կազդուրվե՞լ է, թե՞ ոչ և արդյոք աշխատանքի գնու՞մ է, փորձեցինք կապ հաստատել Արմավիրի քաղաքապետարանի հետ, որտեղ, սակայն, այդպես էլ մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: Իսկ քաղաքապետարանի քարտուղարությունից ասացին, թե իրենք չեն կարող միացնել քաղաքապետի հետ և խնդրեցին իրենց չխանգարել:
Արմավիրի քաղաքապետի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց, իսկ մարզպետ Ա. Ղահրամանյանը հայտնեց, որ տեղյակ չէ՝ Խլղաթյանի արձակուրդն ավարտվել է, թե ոչ: Մարզպետը նաև տեղեկություններ չուներ քաղաքապետի առողջական վիճակից:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Քաշաթաղի հյուսիսային մասում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով մահացել է քաղաքապետի վարորդը, իսկ 3-ը՝ այդ թվում Ռուբեն Խլղաթյանը, ստացել են մարմնական վնասվածքներ:
Տաթև Հարությունյան