ՕԵԿ-ը խուճապային վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս հուլիսի 21-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել էր որոշում, որով ՕԵԿ-ին պարտավորեցրել էր վերականգնել Ագրարային համալսարանին պատկանող ավտոտեխ­սպասարկման կայանի, ՕԵԿ-ի կողմից ապօրինի կերպով ապամոնտաժ­ված ծածկը՝ չթույլատրելով կատարել որևէ այլ շինարարական աշխատանք: Չնայած դրան՝ ՕԵԿ-ը շարունակում էր Ագրարային համալսարանին պատկանող տարածքում ապօրինի շինարարությունը, ընդ որում, որպես կանոն գիշերային ժամերին, չունենալով ո´չ շին թույլտվություն և ո´չ էլ քաղաքաշինական նորմատիվային որևիցէ փաստաթուղթ: Փաստը երեք անգամ արձանագրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից կազմված ակտերով և արձանագրությամբ:

ՕԵԿ-ի կողմից իրականացվող՝ ապօրինի շինարարության հետ կապված, Համալսա­րանի ահազանգերին ի պատասխան՝ ժամանած ոստիկաններին, քաղաքա­պե­տարանի աշխատակիցներին և մյուս պատկան մարմիններին ՕԵԿ-ը գցում էր մոլորության մեջ, թե ինքը շինարարություն է իրականացնում Աբովյան 43/1 հասցեում, այլ ոչ թե Տերյան 74-ում (համալսարանի տարածքում): Այդ իսկ պատճառով համալսարանը ստիպված եղավ կրկին անգամ դիմելու դատարան, և օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում՝ լիովին բավարարելով համալսարանի հայցադիմումը ու կրկին անգամ ՕԵԿ-ին պարտավորեցրեց անհապաղ վերականգնել Տերյան 74 և Աբովյան 43/1 հասցեներում գտնվող՝ համալսարանին պատկանող, շինության տանիքը (որը քանդվել էր ՕԵԿ-ի կողմից), և արգելել էր կատարել որևէ այլ շինարարական աշխատանքներ:

Այս ամենից հետո ՕԵԿ-ը, դրսևորելով անբնական և անհասկանալի վարքագիծ, գտնվելով խուճապում, տարածում է կեղծ հայտարարություններ՝ իբրև թե շահել է դատը և կարող է շարունակել շինարարությունը:

Համալսարանի կոլեկտիվը և ուսանողությունը հավատացած են, որ դատարանի այդ որոշումը և կատարման հսկողությունը կիրականացվի պատշաճ մակարդակով: Մեր այս անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ը փոխանակ կատարելու դատարանի որոշումը, լրատվամիջոցներին տրամադրելով միանգամայն կեղծ տեղեկատվություն, փորձում է մոլորության մեջ գցել հասարակությանը և պատկան մարմիններին: Սա է ամբողջ իրականությունը, որն անհերքելի փաստ է: Այս պայմաններում մամուլում հայտնվում է հաղորդագրություն ՕԵԿ-ի կողմից դատը շահելու, ինչ-որ հեռուստատաղավար կառուցելու և սեպտեմբեր ամսին շահագործման հանձնելու մասին, ինչն էլ առաջացրեց համալսարանի աշխատակիցների և ուսանողության զայրույթը:
Հաշվի առնելով ՕԵԿ-ի վերջին 2 ամիսների վարվելակերպը՝ մենք դիմում ենք պատկան մարմիններին դատարանի որոշումն իրականացնելու և ապօրինի շինությունը ապամոնտաժելու, ինչպես նաև համալսարանի ղեկավարությանը՝ սեպտեմբեր ամսից սկսած նոր լաբորատորիայում ուսումնական դասընթաց կազմակերպելու հնարավորություն ստեղծելու խնդրանքով: Հակառակ պարագայում դա կիրականացնենք մենք՝ աշխատա­կիցների և ուսանողության միջոցով:

Ի դեպ, վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը երկու տարվա աշխատանքների արդյունքում շահել է դրամաշնորհ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համաֆինանսա­վորման միջոցներով ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկայի նորագույն նմուշները՝ առավել որակյալ կրթություն կազմակերպելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ ՕԵԿ-ի կողմից ապօրինի զավթած տարածքը նախկինում հենց հանդիսացել է գյուղատնտեսական մեքենաների սրահ, որի վերականգնումը և մինչև սեպտեմբերի մեկը շահագործման հանձնելը համալսարանի համար համարում ենք կենսական հարց:

Ն.ԲԱԶԻԿՅԱՆ
պրոֆեսոր, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի դեկան

Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
պրոֆեսոր, Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոն

Ա.ԱՄԻՐՅԱՆ
պրոֆեսոր, Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոնի վարիչ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի դասախոս

 




Լրահոս