Խորհրդային տարիներին որեւէ մեկի մտքով չէր անցնի Կալինինո ավանը քաղաք անվանել, սակայն անկախության հռչակումից հետո, ուրբանիզացման տենդով բռնված, Կալինինո-Տաշիրին քաղաքի կարգավիճակ տվեցին` մոռանալով քաղաք կառուցել: Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը, որի նախագահը ոսկեբերան Արշակ Սադոյանն էր, Հայաստանում ձեւավորեց վարչական նոր պատկերացումներ` վերացնելով ավանները: Ու Տաշիրն էլ քաղաք հռչակվեց, ընդգրկվեց քաղաքների կազմում` զարմացնելով այստեղ ապրող մալականներին ու տարբեր գյուղերից եկած հայերին:
Անասնապահությամբ զբաղվող եւ մի պանրագործարան ունեցող Տաշիրն այդպես էլ քաղաք չդարձավ, բայց ունեցավ քաղաքապետ, որի պաշտոնն արդեն տեւական ժամանակ զբաղեցնում է Նշան Սողոյանը: Նրա անունը գրեթե երբեք չի երեւում լրատվամիջոցներում, նրա մասին չեն խոսում իշխանական շրջանակներում: Մարդը սուսուփուս աշխատում է, սուսուփուս ընտրվում քաղաքապետ: Ասենք, այստեղ համայնքապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողներն էլ շատ չեն, որովհետեւ օրավուր դատարկվում է քաղաք կոչվող բնակավայրը:
Նշան Սողոյանը ծնվել է նախկին Կալինինոյի շրջանի ամենամեծ` Շահնազար գյուղում: Այս գյուղի դպրոցներից մեկն էլ ավարտել է 1978-ին եւ ընդունվել Ժողինստիտուտի տնտեսագիտական կիբերնետիկայի ֆակուլտետ: Ավարտելուց հետո բարեխղճորեն ծառայել է բանակում, վերադարձել եւ նշանակվել Կալինինոյի կարի ֆաբրիկայի պլանա-տնտեսագիտական բաժնի պետ, այնուհետեւ նշանակվել գլխավոր ճարտարագետ, փոխտնօրեն: Այստեղ նա պաշտոնավարել է մինչեւ 1998 թվականը: Մեզ հայտնի չէ, թե այս ֆաբրիկան 1992-ից հետո ինչ կարգավիճակով է գործել, ովքեր են սեփականաշնորհել: Գիտենք միայն, որ 1998-ին Նշան Սողոյանն աշխատանքի է անցել սոցիալական ապահովագրության Տաշիրի տարածքային կենտրոնում, դարձել դրա տնօրենը: 2 տարի անց հեռացել է այս եկամտաբեր պաշտոնից եւ ստացել ոչ պակաս եկամտաբեր` «Հայէլցանց»-ի Տաշիրի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Եւս 2 տարի անց էլ որոշել է դառնալ Տաշիրի համայնքապետ ու դարձել է: Ուրեմն արդեն 10 տարի ղեկավարում է Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհին գտնվող բնակավայրը, որից աղքատություն ու թշվառություն է «բուրում»:
Եւ չնայած այս աղքատությանը, քաղաքապետ Նշան Սողոյանն ինքնակամ է որոշում համայնքային բյուջեի ճակատագիրը, ինքն է տնօրինում միջոցներն ու բաշխումներն անում «իր քիմքին հարմար»: Ի դեպ, բյուջեի բաշխումների խնդիրը ժամանակին հետաքրքրել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, որոնք էլ սկսել են հետազոտություններ կատարել: Իհարկե, ցանկացած ստուգում այստեղ կարող էր «ջրվել», որովհետեւ Նշան Սողոյանին աջակցում եւ հովանավորում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ Նշանն էլ, ի նշան երախտագիտության, ամեն տեղ հայտարարում է, թե Կարապետյանի արածն իրենք հիսուն տարում չէին անի: Բնականաբար, եթե մարդուն պաշտպանում էր Կարեն Կարապետյանի նման հզորը, նրան չէին կարող անհանգստացնել ստուգող կառույցները:
Բայց, որքան էլ Կարեն Կարապետյանը սատարեր Նշանին, այնուհանդերձ, գտնվեցին կառույցներ, որոնք բացահայտեցին հատկապես հողահատկացումների հարցում Նշանի թույլ տված խախտումները: Այսպես, կառավարությունը ստիպված էր կասեցնել Տաշիրի քաղաքապետի` 2011 թվականի հունիսի 20-ի թիվ 50-Ա «ընդհանուր օգտագործման 1609 քմ տարածքը բնակելի տան կառուցապատման համար հատկացնելու մասին որոշումը եւ համապատասխան շինարարության թույլտվությունը»: Երեւի սա միակ դեպքը չէր, որ քաղաքապետն ընդհանուր օգտագործման տարածքները «նվիրաբերում էր» իր մտերիմներին` բնակելի տներ կառուցելու համար:
Փոխանակ քաղաքի բարեկարգմամբ զբաղվելու` քաղաքապետի մտահոգությունը միայն հողատարածքներն են դարձել: Տաշիրում փսփսում են, որ Նշան Սողոյանը բազմաթիվ հողատարածքներ է նվիրաբերել Կարեն Կարապետյանի մտերիմներին, իրեն էլ չի մոռացել: Իհարկե, այս ամենը ստուգելու համար մեծ ջանքեր են պետք, որովհետեւ ինչպես շատ տեղերում, այստեղ եւս հայտնվել են սեփականատերեր, որոնք, բնականաբար, ձեւական են, նրանց թիկունքում թաքնվում են իսկական տերերը: Խոսում են նաեւ քաղաքապետի ունեցած տարածքների մասին: Դե, պետք է ըմբռնումով մոտենալ քաղաքապետին, քանի որ մարդը 4 զավակ ունի, հարկավոր է բոլորին էլ ապահովել: Իսկ քաղաքի մասին մտածել պետք չէ. այստեղից կհեռանան նաեւ վերջին հնաբնակները, ու մի օր քաղաքը կվերածվի «Տաշիր» գրուպի հերթական մասնաճյուղերից մեկի: Իսկ Նշան Սողոյանն էլ կնշանակվի այդ մասնաճյուղի տնօրեն:
ՏԱՇԻՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՎԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ