Ապրիլի 1-ին նշում ենք հումորի, կատակի, նաեւ ստի օրը: Հումորի դերի ու նշանակության մասին կխոսեն հայ հումորիստները, որոնք տարիներ շարունակ իրենց կատակներով փորձում են մեզ դրական լիցքեր պարգեւել:
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Ինչպես մարդիկ մինչեւ հիմա չեն հասկացել` ինչ է երջանկությունը, այնպես էլ ես չեմ հասկացել` ինչ է հումորը: Ծիծաղը փրկարար օղակ է կյանքի փոթորկոտ ծովում: Լավ է այն կատակը, ուր լրջություն կա տակը: Թեթեւամիտ, էժանագին կատակներ չեմ սիրում:
-Կմտաբերե՞ք մի զավեշտալի դեպք:
-Վերջերս մի հոդված էի գրել եւ վերեւում որպես բնաբան բերել էի տերունական աղոթքը, բայց ոչ թե գրաբարով, այլ գրական հայերենով: Մեր աշխատակից Գուրգեն Բալայանին հարցրի` դու ի՞նչ կարծիքի ես: Ասաց. «Ինձ ամենից շատ դուր եկավ վերեւում գրած քո բանաստեղծությունը» (ծիծաղում է):
Մի այլ դեպք էլ` մեր Գուրգենի հետ կապված: Երբ զույգ թոռներս էին ծնվել, հարցրեց` ինչպես եք անվանել: Ասացի` Աստղիկ ու Դավիթ, 5 րոպե մտածեց, հետո ասաց. «Հասկացա, ուրեմն աղջիկ ու տղա են» :
-Գիտեմ, որ հաճախ եք գեղեցիկ կանանց հումորային երկտողեր նվիրում:
-Նախ ասեմ, որ տգեղ կին չկա, ամեն մեկի մեջ էլ հետաքրքիր բան կա: Անունդ Եվա է չէ՞: Գեղեցկուհի Եվան արժի մի Երեւան: Թեկուզ ունենաս դու ամուսին, չմոռանաս Արամայիսին (ծիծաղում է):
-Շնորհակալ եմ: Մի հատ էլ անեկդոտ կպատմե՞ք:
-Մի քիչ անպարկեշտ է, բայց ապրիլի 1-ի հետ կապ ունի: Չեմ հիշում՝ լոռեցի, թե ապարանցի մի կնոջ, ներեցե՛ք արտահայտությանս համար, բռնաբարում են ապրիլի 1-ին, բայց նա ասում է. «Չեմ հավատում, այսօր ապրիլի մեկն է»: Հուսով եմ` ժողովրդի կողմից սիրված «Ժողովուրդ» թերթի ընթերցողը գոհ կլինի իմ կատակներից: Հաճա՛խ ժպտացեք, ծիծաղը երկարացնում է կյանքը:
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
-Հումորը բարձրացնում է տրամադրությունն ու հանում սթրեսներից, մարդկանց միայն դրական բաներ է պարգեւում, այն բոլորին է պետք: Ես էլ իմ հերթին փորձում եմ այնպիսի հումոր անել, որ դրա մեջ մարդուն վիրավորող գռեհիկ, լկտի բաներ չլինեն, որ իմ կատակներից մարդ միայն բարձր տրամադրությամբ գնա տուն:
-Մի անեկդոտ կպատմե՞ք:
-Երեխան տատիկին հարցնում է. «Տատի՛կ, երեխան ո՞նց ա լինում»: Տատիկն էլ ասում է. «Բալի՛կ ջան, դա շատ երկար պատմություն է»: Երեխան էլ, թե` տատի՛, դու մենակ սկիզբը պատմի (ծիծաղում է):
ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
-Կա՞ հումորի որոշակի բանաձեւ, հասկացե՞լ եք` ինչ է հումորը:
-Հումորիստ մասնագիտություն չկա: Կասե՞ք` որտեղ սովորեն, որ դառնան հումորիստ: Չկա այդպիսի հաստատություն: Պետք է մեջից լինի: Հումորն առհասարակ ունիկալ ոլորտ է ու բավականին անշնորհակալ:
-Ինչո՞ւ:
-Ասեմ, օրինակ` երգիչները, չնայած նրանց մեծ մասն իմ ընկերներն են, բայց միեւնույն է, կասեմ. տեսե՛ք` իրենք ինչ առումով են մեզանից լավ: Մի երգ են երգում, որը քանի գնում, դառնում է սիրված, մարդիկ ուզում են դա լսել էլի ու էլի: Բայց հումորի դեպքում չես կարող երկրորդ անգամ նույն բանն ասել: Բավականին բարդ ժանր է:
-Չնայած, որ թեթեւ ժանր է, միեւնույն է, լուրջ մոտեցում ու ջանք է պահանջում:
-Ճիշտ դիտարկում էր: Չգիտեմ` ով ինչ կարծիք ունի, բայց Ձեր ասած թեթեւ ժանրի մեջ մենք փորձում ենք լուրջ մոտեցում ցուցաբերել:
-Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ ամեն կատակի մեջ ճշմարտության բաժին կա:
-Մենք, դա գիտակցելով, հաղորդման մեջ փորձում ենք մեր մտքերն այնպես ձեւակերպել, որ գռեհիկ չլինի, բայց լինի սուր եւ ունենա խորություն: Հեռուստատեսությամբ հումոր ներկայացնելու համար պետք է հետեւես շատ չափանիշների: Փորձում ենք դա պահել, քանի որ մեր երեխաներն էլ են նայում, որ հետո չամաչենք մեր արածից:
-Պատահե՞լ է, որ հումորի զգացողությունը փրկի Ձեզ տարբեր իրավիճակներից:
-Ամեն Աստծո օր: Աչքերս բացում եմ, երեխաներիս հետ օրը սկսում եմ արդեն ուրախ, հետո գնում եմ գործի, որտեղ բավականին լուրջ եմ: Օրվա մեջ քիչ եմ ծիծաղում, քանի որ ավելի շատ մտածում ենք` ոնց ծիծաղեցնենք:
-Կա մի դիտարկում, որ հումորիստները, ծաղրածուները, մարդիկ, որոնք ժպիտներ են պարգեւում, իրականում տխուր են:
-Կա տենց բան, ու դա նորմալ է, պետք չէ զարմանալ: Դա էլ իր պատճառն ունի: Երբ դուք ուրախանում եք մեր հաղորդումը դիտելիս, մենք այդ պահին մտածում ենք` ոնց մյուս անգամ ծիծաղեցնենք: Մենք ծիծաղելու ժամանակ չունենք:
-Ապրիլի մեկը ծիծաղի օրն է, բայց մենք ասում ենք նաեւ, որ խաբելու օրն է:
-Ավելին ասեմ, հիշո՞ւմ եք, հաջորդ օրը կոճակ պոկելու օրն է, իսկ մյուս օրը` յուբկա բարձրացնելու… (ծիծաղում է): Դպրոցական մակարդակի խաբելը նորմալ է, բայց դանակով հարձակվել մեկի վրա ու ասել` ապրիլի մեկդ շնորհավոր, խորհուրդ չեմ տա: