Երիտասարդները՝ սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սեւանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր տեղական բնական եւ մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական եւ ազգային մշակույթի մաս դարձնելը, մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգեւոր-մշակութային եւ հայրենասիրական դաստիարակությունը։

Ծրագիրը մեկնարկվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցուց, որտեղ մասնակիցները օրhնություն ստացան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից: Այնուհետեւ իրենց հետաքրքրող հարցերը երիտասարդները հղեցին եպիսկոպոսին: Մասնակիցները այցելեցին նաեւ Նորատուսի խաչքարեր:

«6 օր Սեւանի շուրջ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին նաեւ սահմանամերձ Վահան գյուղ, այցելեցին N զորամաս, մեկ օր անցկացրին զինվորի հետ, ծանոթացան զինվորական առօրյային, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը սահմանամերձ գյուղ այցելությունը հատկապես կարեւորեց հայ-ադրբեջանական լարված իրադրության պայմաններում ու հավելեց. «6 օր Սեւանի շուրջ» ծրագրի շրջանակներում գյուղապետ Գուրգեն Բալյանի հետ մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, հանդիպեցին գյուղի բնակչությանը եւ երիտասարդությանը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում միանալ հայրենիքի պաշտպանությանը»:

Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաեւ «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով սեմինար-քննարկումներ, ինչից հետո մասնակիցները բավարար պատկերացում կազմեցին Սեւանա լճի խնդիրների վերաբերյալ: Այնուհետեւ որոշեցին Սեւանա լճի հիմնախնդիրների լուծման նպատակով հանգանակություն կատարել Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամին: Տպավորիչ էր նաեւ Կալավան գյուղի այցելությունը, որտեղ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց քարե դարի մշակույթը, կրակի ստացման եղանակները: Կալավան գյուղում մասնակիցները սովորեցին նաեւ նետ ու աղեղի օգտագործման ձեւերը, եւ իրականացվեց խաղ-մրցույթ, որից հետո շուրջ 20 կմ անտառում կազմակերպվեց արշավ: Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաեւ արշավներ Գեղարքունիքի մարզի տարբեր պատմամշակութային վայրեր, այցելություն Սեւան ազգային պարկի բնագիտական թանգարան, Գավառ քաղաքի պատկերասրահ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս