Հայաստանում հօգուտ եզդիների քիչ գումար է հավաքվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղում 1 միլիոն 300 հարյուր հազար եզդիից մնացել է մոտ 60 հազարը:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, ով տեղեկացրեց, որ աջակցությունը, որն ուղղված է եզդիներին, անհասկանալի պատճառներով հասնում է քրդերին:

Այս առիթով եզդիներն այսօր՝ ժամը 14-ին, հավաքվելու են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ` հայտարարելու, որ ցեղասպանության ենթարկվում են ոչ թե քրդերը, այլ` եզդիները:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին, Շարոյանն ասաց, որ այս հարցը քննարկել է Իրաքում գտնվող եզդիների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել Արցախի Հանրապետության պատրաստակամության վերաբերյալ:

«Ուրախ ենք, որ Արցախը ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեց, որ կա Արցախ ինքնուրույն պետությունը: Բոլոր եզդիներն էլ ուրախ են ու շատ զգացված այդ առաջարկի համար, ինչն իրոք անակնալ էր: Այս պահին այստեղ է նորաստեղծ կոմիտեի անդամներից մեկը, ում հետ հարցը քննարկում ենք, և անպայման կարձագանքենք»,- ասաց Ամո Շարոյանը` տեղեկացնելով, որ նմանատիպ առաջարկ ստացել են նաև Ավստրալիայից:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը տեղեկացրեց նաև, որ կոմիտեն, որը ստեղծվել է եզդիներին օգնություն ցուցաբերելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ուրախալի ցուցանիշներ է գրանցել:

Ամո Շարոյանի փոխանցմամբ` Ռուսաստանից կոմիտեի հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 1 մլն դրամ, ԱՄՆ-ից` 4 մլն:

Մի քանի այլ երկրից ևս աջակցել են, ինչը շարունակական բնույթ է կրում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Ա. Շարոյանը հայտնեց, որ այստեղ համեմատաբար քիչ ներդրում է կատարվել` ելնելով սոցիալական պամաններից:

«Եզդիների միասնությունն ու դժվար պահին իրար աջակցելը գովելի և ուրախացնող է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միասնականությամբ մենք շատ բանի կհասնենք և աշխարհին կապացուցենք, որ միասնական եզդիներին հնարավոր չէ ոչնչացնել»,- եզրափակեց Ամո Շարոյանը:

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գործող «Իսլամական պետություն» կազմակերպության ծայրահեղականներն արդեն ավելի քան կես մլն եզդի են սպանել: Իրաքի մարդու իրավունքների հարցերով նախարար Մուհամմեդ աս-Սուդանին հայտարարել է, որ իր ունեցած ապացույցների համաձայն՝ երբեմն կանանց և երեխաներին հուղարկավորել են կենդանի վիճակում:

Որոշ լուսանկարների վրա, ըստ նրա, երևում են եզդիների՝ կողք կողքի պառկած դիակներ, որոնք սպանվել են գլխին արձակված կրակոցից, և հրճվանք ապրող ծայրահեղականներ:




Լրահոս