ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԼՔԸ
Կառավարությունը դեռ չէր հասցրել մարսել գազմատակարարման ոլորտում տարիներ շարունակ կուտակած պարտքի դիմաց «Հայռուսգազարդ» ՓԲԸ 20 տոկոս հայկական մասնաբաժնի վաճառքի կասկածելի գործարքը, երբ խրվեց նոր սկանդալի մեջ. այս անգամ խոսքը վերաբերում է Որոտանի հէկ-ի վաճառքին: Որքան էլ իշխանությունները փորձեն համոզել, թե Որոտանի հէկ-ի վաճառքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այնուամենայնիվ, այս գործարքն ունի բավական մութ կողմեր:
Եվ այսպես, կառավարությունը հունվարի 29-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի` «ՀՀ կառավարության, «Որոտան հէկ» ՓԲԸ, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել է գույքի առքուվաճառքի պայմանագիր»: ՀՀ կառավարության անունից պայմանագիրը ստորագրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների տխրահռչակ նախարար Արմեն Մովսիսյանը, Որոտանի հէկ-ի կողմից` գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, իսկ ամերիկյան ընկերությունների անունից` Գարի Լիվսլին: Միայն թե, պետական ատյաններից ոչ մեկը` ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ էլ ԱԺ-ն, հակառակ ՀՀ օրենսդրության պահանջների, որեւէ իրավական փաստաթուղթ չեն ընդունել հէկ-ի վաճառքի մասին:
Որոտանի հէկ-ը ժամանակին ընգրկված է եղել պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրում, սակայն 2002թ. այն հանվել է այդ ցանկից: Այն ընդգրկվել էր նաեւ պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրում, սակայն կարճ ժամանակ անց հանվել էր նաեւ այս ցանկից: Դրանից հետո առ այսօր այս ընկերությունը չի ընդգրկվել պետական գույքի մասնավորեցման որեւէ ծրագրում:
Միայն 2013թ. նոյեմբերի 27-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հղում անելով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածին, որոշում է ընդունել` «Համաձայնություն տալ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ին վաճառելուն»: ՀԾԿՀ որոշմանը կցված է նաեւ հավելվածը, որտեղ ներկայացված է վաճառվող գույքը` Սպանդարյանի, Շամբի եւ Տաթեւի հէկ-երը, դրանց շահագործման համար անհրաժեշտ շենքերը, շինություններն ու այլ սարքավորումները:
Սակայն, ինչպես պնդում են վերլուծաբանները, այս որոշումն ընդամենը միջոց է` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք շրջանցելու համար:
Բանն այն է, որ Որոտանի հէկ-ը համարվում է պետական գույք: Իսկ պետական գույքի վաճառքը պետք է տեղի ունենա հենց «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Ըստ այս օրենքի 3-րդ, 12-րդ հոդվածների՝ կառավարությունը պետք է ընդուներ պետական գույքի մասնավորեցման մասին որոշում: Այնուհետեւ, նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, պետք է հէկ-ն ընդգրկեր պետական գույքի մասնավորեցման ծրագրում (ինչպես արել է նախկինում) եւ որպես օրենքի նախագիծ՝ այն ներկայացներ ԱԺ հաստատմանը: Ու միայն ԱԺ դրական որոշումն ունենալու դեպքում պետք է վաճառվեր Որոտանի հէկ-ը: Ի դեպ, կառավարությունը նախկինում այդպես է վարվել «Հայկական էլեկտրացանցեր»-ի վաճառքի ժամանակ` 2001թ., ինչպես նաեւ պետական մի շարք այլ ընկերություններ օտարելիս:
Բայց այս ընթացակարգը պահպանելու փոխարեն կառավարությունը, հղում անելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին, գտել է լավագույն լուծումը` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք շրջանցելու եւ հէկ-ը միանգամից վաճառելու համար: Թե որն է այս քայլի պատճառը, դժվար է ասել: Հայտնի փաստ է, որ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հէկ-ը վաճառելու դեպքում գումարը պետք է ուղղվեր ՀՀ պետական բյուջե: Այնինչ հէկ-ի վաճառքից գոյացած գումարը ՀՀ պետբյուջե չի մտել: Ինչո՞ւ: Անհասկանալի է: Համենայնդեպս, կառավարության կողմից առ այսօր չի հնչել որեւէ տրամաբանված, փաստարկված պատասխան: Բայց դե, կառավարության գործերն անքննելի են ու հաճախ` անհասկանալի:
Հ.Գ. Կասկածներ կան, որ կառավարությունը Որոտանի հէկ-ը մասնավորեցնելու մասին որոշում ընդունել է, սակայն այն գաղտնի է պահվում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԳԱՂՏՆԻ ԿԱՆԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանին «Ժողովուրդ»-ը երեկ հարցրեց` արդյոք այսօր խորհրդարանում վիճակն այնքան վտանգավոր է, որ ԱԺ ղեկավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեսախցիկներ է տեղադրել: «Չեմ կարող ասել, տեղադրողին ասե՛ք, ես չեմ եղել տեղադրողը»,-ասաց Մուրադյանը: Նա պնդեց, թե այդ տեսախցիկներն իրեն չեն անհանգստացնում: Իսկ գաղտնի հանդիպումների ու զրույցների մասին հարցին էլ Մուրադյանը պատասխանեց. «Եթե մեկն ուզում է գաղտնի զրուցել, ապա դա հաստատ ԱԺ-ում չի անի»:
ԴԱՍՏԻԱՐԱԿԵՑ
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից հայրենի պատգամավորներին մի քանի դասեր տվեց: Արդեն 2 օր է, ինչ ԱԺ նախագահի գլխավորությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբետ Նազարյանին դիմում էին հայրանունով` Ռոբերտ Նիկոլայեւիչ: «Ես միշտ կռիվ եմ տալու ու պայքարելու եմ այն երեւույթների ու կառույցների դեմ, ովքեր իմ ելույթի անկախության նկատմամբ ոտնձգություն են անելու, ոտնահարելու են պետականությունն ու անկախությունը՝ անկախ անձից ու կառույցից, ու այդ առումով ես օպոզիցիա չեմ, իշխանություն եմ ու տեր եմ այդ արժեքներին»: Այնուհետեւ հավելեց. «Խնդրում եմ, այս դահլիճում հայրանունները ռուսականներով չօգտագործել, ոչ թե «Ռոբերտ Նիկոլայի», այլ պարոն Նազարյան, մեր լեզուն պահպանենք այստեղ, ոչ թե «նախագան», այլ «նախագահը», ոչ թե «վերաբերվում է», այլ «վերաբերում է», ոչ թե «գույքերը», այլ «գույքը», ոչ թե «հրավերքները», այլ «հրավերը»: Սա է անկախության արժեքը, մանավանդ որ դեռ չենք մտել Մաքսային»: Իսկ երբ Մանուկյանն իր ելույթում օգտագործեց «կուկլա» բառը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե Մանուկյանը հակասում է ինքն իրեն:
ԱՐԴԵՆ ԱԺ-ՈՒՄ Է
Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին»: Հանձնաժողովի ղեկավար էր նշանակվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ու կառույցը չի գործում, քանի որ նաեւ մի շարք օրենքներում պետք է փոփոխություններ արվեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրենքների փաթեթն այժմ խորհրդարանում է: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «Քննչական կոմիտեի վերաբերյալ փաթեթն ամբողջությամբ արդեն ԱԺ է մտել եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ըստ ամենայնի, կդրվի ու կքննարկվի, եւ, բնականաբար, եթե հանձնաժողովը տա դրական եզրակացություն, ապա կընդգրկվի փետրվարի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգում»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ Երեւանն ու Բաքուն խոստանում են չխախտել հրադադարի ռեժիմը այսօր Սոչիում մեկնարկող ձմեռային օլիմպիադայի ողջ ընթացքում: Twitter-ի իր էջում արած գրառմամբ Ուորլիքը նաեւ տեղեկացրել է, որ միջնորդներին չի հաջողվել վերջին այցի ընթացքում հասնել գլխավոր նպատակին` Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման համաձայնությանը:
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԸ
Երեկ՝ առավոտյան, մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: Նրանք պահանջել են, որ Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպի եւ իրենց խնդրին լուծում տա: Երբ Սարգսյանը մոտեցել է ցուցարարներին ու սկսել զրուցել նրանց հետ, «ԳԱԼԱ»-ի օպերատորին է մոտեցել Սարգսյանի թիկնապահներից մեկն ու հարցրել. «Արտոնվա՞ծ ա ձեր էս նկարելը»: i.lur.am-ը պարզել է, որ սույն թիկնապահը ոստիկանության նախկին աշխատակից, Գել մականունով Տիգրան Աղվանյանն է, որը հանրությանը հայտնի է 2008-ի նախագահական ընտրություններից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսին, նախկին ոստիկան Արման Հարությունյանի հետ մեկտեղ Գագիկ Ջհանգիրյանի դեմ տված ցուցմունքներով: Նա, հիշեցնենք, գործով անցնում էր որպես տուժող, որը, իբր, բռնության էր ենթարկվել Ջհանգիրյանի կողմից: Լրատվամիջոցը նկատում է, որ սույն Տիգրան Աղվանյանին, ըստ երեւույթին, լավ «բռնության ենթարկվելու» համար «պարգեւատրել են»՝ անձամբ Սերժ Սարգսյանի թիկնազորում ընդգրկելով:
ԻՐԱԿԱՆ ԼՐՏԵՍԸ
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Ի պատասխան՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հերքեց Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին: «Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող, սահմանամերձ գոտու 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՆՑՅԱԼՈՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ տարիներ առաջ Տեր-Վարդանյանի անունը շոշափվում էր հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: 2010թ. փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: