Օգոստոսի 19-ին «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Armlur.am-ն ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ հուշագրի ստորագրումից հետո ԱԻՆ շարահրապարակում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով պարգևատրել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով` ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանին և ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանին:
ԵԿՄ 19 անդամ պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, 15 անդամ`«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով, «Անվեհեր փրկարար» մեդալով` 6 անդամ, իսկ ԱԻ նախարարության պատվոգրով` 10 անդամ:
Նշենք նաև, որ ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանը «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով պարգևատրել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, իսկ ԱԻՆ 50 աշխատակիցներ, որոնց թվում նաև Արցախյան ազատամարտի մասնակիցներն էին, արժանացել են ԵԿՄ հուշամեդալների, մեդալների և պատվոգրերի:
Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ ԵԿՄ վարչության անդամ նշանակված Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը նույնպես արժանացել է մեդալի:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը պարզաբանեց, որ համագործակցության շրջանակներում գերատեսչությունն ներկայացնում է այն անդամների անունները, որոնց տեսնում է պարգևատրվողների ցանկում:
Այսպիսով` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ԱԻՆ-ի կողմից պարգևատրման արժանի համարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և որդուն` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Տեղեկացնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվել է ԵԿՄ անդամ Նիկոլ Գրիգորյանը, ով Սուրիկ Խաչատրյանի ազգականն է, ում անվանը, սակայն, որևէ տեղ չենք հանդիպում:
shamshyan.com-ի հետ զրույցում Ս. Խաչատրյանը հերքել է այն, որ պարգևատրվողն իր թիկնապահ Նիկոլայ Գրիգորյանն է, ով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիս 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել և հետագայում հարցաքննվել որպես վկա:
Տաթև Հարությունյան