ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր կազմակերպել էին «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) Ծրագրի ավարտական աշխատաժողովը:
Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված «Խուստուփ» և ընդլանված «Զանգեզուր» պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի, նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են:
Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ներքո Վայոց Ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել “Գնիշիկ” պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի ծրագրի շրջանակներում լրամշակված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013 թվականի մայիսին ներկայացվել է Ազգային Ժողով:
Խոսքի ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման մեջ ներդրում ունեցած բոլոր կողմերիին և մասնակիցներին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ տիկին Քլեր Մեդինան:
Ներկայացնելով կատարված աշխատանքները և հիմնական ձեռքբերումները՝ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը տեղեկացրել է, որ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքների համակարգի ավելի լավ զինում, ինչը հնարավորություն կտա ներառել և պահպանել ներկայում թերի ներկայացված էկոհամակարգերը և դրանց կապակցված տեսակները: Համայնքային տարածքներում ծրագիրը ներդրում է ունենում լանդշաֆտների արդյունավետ կառավարման ապահովման գործընթացում, լուծում նաև սոցիալական խնդիրներ: Այն հզորացնում է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի ֆինանսական կայունությունը: