ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ ԷՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Երեկ մանուկների մուտքն անվճար էր:
ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿ
Եթե նախորդ 20 տարիների նման կեղծվեն ընտրությունները, ապա «Ժառանգություն»-ն ու ժողովուրդը կգան հրապարակ եւ կպայքարեն հանուն ժողովրդավարության: Այս մասին երեկ Ազատության հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Մենք նախորդ հինգ տարիներին եղել ենք փոքրամասնություն, եւ մեր յոթ պատգամավորների կատարած աշխատանքը բոլորը շատ լավ տեսել են: Հիմա արդեն ժամանակն է, որ մենք լինենք մեծամասնություն եւ ձեւավորենք կառավարություն»:
ՈՒՆԵՎՈՐ Է
Դավիթ Հարությունյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է 6 բնակարան, որոնցից մեկը՝ Մոսկվայում (30.2 քմ), 3-ը՝ Երեւանի Փափազյան փողոցում (52.9 քմ) եւ 2-ը՝ Զաքյան փողոցում (89.4 քմ եւ 170.9 քմ մակերեսով): Դ. Հարությունյանը Կոտայքի Հրազդան քաղաքում ունի 336 քմ մակերեսով շինություն՝ կից հողամասով, Երեւանի Դավիթաշեն թաղամասում (ձորի մոտ) 954 քմ շինություն՝ կից հողամասով, Սեւան-Ճամբարակ ճանապարհին գտնվող հանգստյան գոտում 56.4 քմ եւ 50.8 քմ մակերեսով 2 շինություն, նաեւ փոքրիկ հողամաս Դիլիջանում: Դ. Հարությունյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող գեղանկարներ եւ մետաղադրամների հավաքածու, որոնց իրական արժեքը, սակայն, գնահատված չէ:
ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
««Դաշնակցություն»-ը, ի տարբերություն շատ քաղաքական ակումբների կամ միավորումների, իսկական կուսակցություն է եւ առաջնորդվում է ընդհանուր որոշումներով: Նման ընդհանուր որոշում մեր թեկնածուի վերաբերյալ այս պահին գոյություն չունի»,-Henaran.am-ին ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում որպես ՀՅԴ թեկնածու հանդես գա ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
ԱՆԱԶԱՏ ԵՆՔ
Freedom House-ը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որում Հայաստանը դարձյալ ներկայացված է որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ 197 երկրներից 66-ը Freedom House-ը համարել է ազատ, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ: Հայաստանը, ինչպես նախորդ տարի, ունի 65 միավոր: Նշենք, որ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան ունի 97 միավոր: Այս տարի մեր երկիրը տեղ է գրավել Անգոլայի եւ Պակիստանի միջեւ։
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՂՔԱՏ ՉԷ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եկամուտներն անցած տարվա ընթացքում գոյացել են նախագահական թոշակից ու իրեն պատկանող հողամասի վարձակալությունից: Համաձայն ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եկամուտները կազմել են մոտ 26 միլիոն դրամ: Այդ թվում հասարակական նշանակության տարածքից որպես վարձավճար նա ստացել է 21 միլիոն 862 հազար 900 դրամ եկամուտ, իսկ պետությունից ստացած թոշակը կազմել է 3 միլիոն 840 հազար դրամ: Նախկին նախագահը ունի մեկ բնակարան, մեկ ավտոմեքենա, մեկ հողամաս եւ 3 հասարակական տարածք: Նա որպես անշարժ գույք հայտարարագրել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իր առանձնատունը եւ նույն հասցեում գտնվող մոտ 1 հա հողամասը: Եւս 3 հասարակական տարածքներից երկուսը Լեւոն Տեր-Պետրոսյանին պատկանում են համասեփականության իրավունքով: