ԴԵՌ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 6-ին բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին իր՝ Եղվարդի բնակարանից դուրս գալու պահին երկու անհայտ անձինք ծեծի էին ենթարկել: Գեւորգյանը վերջերս  է  հիվանդանոցից դուրս  գրվել, սակայն պարզվում է՝ նրա առողջությունը դեռ վերականգնված չէ. ծեծի ենթարկված պաշտոնյան եւս  մեկ  անգամ  պետք է վիրահատվի:  Գեւորգյանին ծեծողները հայտնի են, սակայն դեռ ձերբակալված չեն, գտնվում են հետախուզման մեջ:  
Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի` ծեծի ենթարկվելու եւ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը նրա տնից գողություն կատարելու փորձն էր եղել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նշված օրը` առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք գողության նպատակով փորձել էին մտնել նրա առանձնատուն: Սակայն այդ պահին Արթուր Գեւորգյանը դուրս էր եկել,  եւ ավազակները դաժանաբար ծեծել էին նրան` հարվածներ հասցնելով գլխի շրջանում: Այդ ընթացքում տանն էին գտնվել Գեւորգյանի կինն ու երեխաները:
Դաժան ծեծից հետո Արթուր Գեւորգյանին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա գլխի վիրահատության էր ենթարկվել եւ տեւական ժամանակ հիվանդանոցում բուժվում էր: Այդ ընթացքում հարձակման ենթարկված պաշտոնյան  չէր ցանկանում դեպքի մասին զրուցել լրագրողների հետ: Երեկ մեզ ի վերջո հաջողվեց նրա հետ կապ հաստատել  եւ մի քանի հարց ուղղել: «Մի հատ վիրահատություն տարել եմ, մի հատ էլ պիտի տանեմ, բայց դա լինելու է երեք ամիս հետո, գանգոսկրի հետ է կապված վիրահատությունը, վնասված է,  նորից պիտի վիրահատեն, պրոցեդուրան է այդպիսին»,-իր առողջական վիճակը ներկայացրեց  մեր զրուցակիցը:
Արթուր Գեւորգյանը նշեց, որ իր ունեցած տվյալներով՝ հանցագործների  ինքնությունն արդեն հայտնի է. «Բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե ովքեր են կամ ինչ է եղել, դուք պետք է երեւի ոստիկանությունից տեղեկանաք»: Գեւորգյանի խոսքով՝  ինքը պատկերացում անգամ չունի, թե իր հետ ով կարող էր նման կերպ վարվել:  Տեղեկացանք նաեւ, որ բժիշկները դեռեւս նրան չեն թույլատրում աշխատել. «Հիվանդանոցից որ միանգամից դուրս են գրում, դա դեռ չի նշանակում, որ կարող ես գործի գնալ, դեռեւս բուժման որոշակի պրոցես պետք է անցնեմ, ես այժմ տանն եմ եւ ապաքինվում եմ»:
Փորձեցինք պարզել նաեւ, թե ինչ վիճակում է գտնվում Արթուր Գեւորգյանի ընտանիքը, քանի որ դեպքի օրը նրանք եւս տանն են եղել. «Մենակ ես եմ դրսում եղել, ու ինձ են հրացանի կոթով հարվածել, իմ ընտանիքին չեն վնասել: Չէ՛, իմ ընտանիքի անդամներն ահաբեկված չեն, ի՞նչ ահաբեկվելու մասին է խոսքը, նման բան չկա, ամեն ինչ նորմալ է»: Նկատենք, որ Գեւորգյանն ինչ-որ չափով խուսափում էր խոսել ապրիլի 6-ին տեղի ունեցած հարձակման մասին` չնայած մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե նման բան չկա:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ փաստի կապակցությամբ գործ էր հարուցվել 113 հոդվածի 2-րդ մասով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը: Բայց այն վերջերս վերաորակվել է 175-ի 2-րդ մասի 4-րդ կետով` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակությունը` ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:  Եւ 112-ի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով: Տեղեկացանք նաեւ, որ Գեւորգյանին ծեծող անձինք արդեն հայտնի են ու գտնվում են հետախուզման մեջ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս