ԻՆՉՈՒ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ «ԵՎՐԱԴԱՏԱՎՈՐ» ԴԱՌՆԱԼ
Պարզվում է՝ Հայաստանում պատկերացրածից առավել շատ մարդիկ են ցանկանում դառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ: Եվ նույնիսկ նրանք, ովքեր Հայաստանում էլ վատ չեն ապրում, ունեն բարձր պաշտոն, բարեկեցիկ կյանք: Ովքե՞ր եւ ինչո՞ւ են ցանկանում դառնալ «եվրադատավոր»:
Նախ սկսենք ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու մրցութային հանձնաժողովի գործունեությունից: ՀՀ արդարադատության նախարարությունը դեռեւս անհասկանալի պատճառներով չապահովեց դիտորդների եւ լրատվամիջոցների մասնակցությունն այդ գործընթացին, եւ դիմումների ընդունման հենց սկզբից էլ ԱՆ հովանու ներքո աշխատող այդ հանձնաժողովը չիրազեկեց իր նիստերի մասին: Անգամ չէին հրապարակում դիմումատուների անունները՝ պատճառաբանելով, թե նրանք են այդպես խնդրել: Եվ այդ խնդրանքը տեւական ժամանակ հաշվի առնող հանձնաժողովը անհասկանալի կերպով հանկարծ որոշեց հրապարակել այդ անունները:
Եվ այսպես, ՄԻԵԴ-ի դատավոր են ցանկանում դառնալ 14 հոգի.
Լոռու մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը,
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը,
Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի պրոռեկտորը,
դասախոս Դավիթ Խաչատուրյանը,
ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանը,
ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը,
«Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ Արմեն Մելքումյանը,
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը,
«Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ Դավիթ Լեւոնի Հակոբյանը,
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը,
փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանը,
Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը,
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը,
Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Արայիկի Կարապետյանը,
Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն Արման Սարվարյանը, փաստաբան Արա Ղազարյանը:
Տեղեկացնենք, որ մրցույթի ընթացքում 14-ից պետք է ընտրվեն 3 թեկնածուներ, որոնց անունները ներկայացվելու են ԵԽԽՎ, որտեղ էլ վերջնական ընտրություն կկատարվի, թե ով է դառնալու ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, որը կպաշտոնավարի 9 տարի:
Նկատեցիք՝ ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու հայտ են ներկայացրել նաեւ գործող 3 դատավորներ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը անդրադառնալով այս հանգամանքին, կարծիք հայտնեց, թե չի բացառվում, որ նաեւ դատավորները զզված լինեն ՀՀ դատական համակարգից. «Տպավորությունս այդպիսին է եւ այդքան էլ հաճելի չէ, քանի որ այսօր ոչ մի դատավորի թույլ չեն տալիս, որ իր ներքին համոզմունքով, իր իրավագիտակցությամբ առաջնորդվի եւ արդար դատավճիռներ կամ իրավական ակտեր հրապարակի»:
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մրցույթի օբյեկտիվ եւ արդար անցկացման հնարավորությանը, Հովիկ Արսենյանը տարակուսեց. «Հայաստանում հնարավո՞ր է արդյոք երբեւիցե որեւէ բանի վստահել եւ այն էլ, օրինակ, իշխանական հակումներ ունեցող կառույցին: Դժբախտաբար, վստահ չեմ, որ օբյեկտիվ կլինի ամեն ինչ»:
Եվ այսպես, ինչո՞ւ են գործող դատավորները ցանկանում ՄԻԵԴ գնալ: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց թեկնածուներից Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի հետ:
-Տիկին Գրիգորյան, ինչո՞ւ որոշեցիք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցել:
-Ցանկանում եմ մարդու իրավունքների հարցերով ավելի գլոբալ զբաղվել, ինչու չէ՝ հետո ձեռք բերած փորձը գամ եւ ներդնեմ Հայաստանում: Այսինքն՝ ե՛ւ կատարելագործվելու, ե՛ւ ձեռք բերած փորձը Հայաստանում ներդնելու, ե՛ւ իմ մասնագիտական կարողությունները զարգացնելու համար եմ ցանկանում մասնակցել:
-Իսկ միգուցե ՀՀ դատական համակարգի՞ց եք զզվել եւ ցանկանում եք անկախ լինել:
-Չէ, դեռ չեմ հասցրել ՀՀ դատական համակարգից զզվել:
-Միգուցե ՄԻԵԴ-ում դատավորների աշխատավա՞րձն է Ձեզ ոգեւորել:
-Ճիշտ է, նույնիսկ համեմատել չես կարող այնտեղի աշխատավարձն այստեղի աշխատավարձի հետ, բայց պետք է նայել այսպես, որ այդ պաշտոնը ցմահ չէ, դա էլ է ժամանակավոր:
-Ի՞նչ կասեք Ձեր մրցակիցների մասին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Դուք էլ գիտեք, թե ցուցակում ինչպիսի բարձր որակավորում ունեցող մարդիկ են: Շատ ուժեղ թեկնածուներ կան, դժվարանում եմ ասել: Մարդիկ կան, որ իրենց գիտելիքներով ինձանից առավել եմ համարում, բայց դա չի խանգարում, որ ես իմ ուժերը փորձեմ եւ աշխատեմ ինձ վրա:
-Ո՞վ է Ձեզ համար ամենալուրջ մրցակիցը:
-Շատ լուրջ մրցակիցներ կան: Օրինակ՝ Արմեն Հարությունյանը, ով մարդու իրավունքների հարցում հսկայական փորձ ունի, Արա Ղազարյանը, Վահե Գրիգորյանը:
-Իսկ վստա՞հ եք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովն արդար մրցույթ կիրականացնի:
-Վստահում եմ, քանի որ շատ կանոնակարգված էր, թե ինչպես պետք է անցնի մրցույթը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ՇԱՌԼՈՏ»-Ի ՎՐԵԺԸ
Երեկ՝ ժամը 15:00 սահմաններում, Սարի թաղի նորակառույց ճանապարհին կրակել էին «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրեն Արսեն Հարությունյանի որդուն` Լեւոն Հարությունյանին, ով ոտքի շրջանում ստացած վնասվածքից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժումը ստանալուց հետո տեղափոխվել էր տուն: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Շառլոտ»-ի տնօրենից վրեժխնդիր են լինում շաբաթներ առաջ տեղի ունեցած աղմկհարույց միջադեպի համար:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր՝ օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներին դաժան ծեծի էին ենթարկել, քանի որ նրանք թեեւ «օբյեկտը փակել էին», սակայն Արսենը համարձակվել էր մեծ եղբորն իր ընկերոջ հետ ներս թողնել՝ հաց ուտելու:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքագիտության դոկտոր, հեղափոխության ձախողված փորձ իրականացրած Արկադի Վարդանյանին «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց: Հիշեցնենք, որ 10 տարի ազատազրկման դատապարտված Արկադի Վարդանյանը բարձրաձայնում էր իր առողջական խնդիրների մասին՝ ասելով, թե այլեւս չի կարող մնալ «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ փակ ռեժիմով։
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ թեեւ Արկադի Վարդանյանի առողջական վիճակը չի լավանում, այնուամենայնիվ Դատապարտյալների հիվանդանոցում հետազոտելուց հետո որոշել են նրան տեղափոխել նույն ՔԿՀ: Թե ինչ կլինի հետո, պարզ չէ:
ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ
Արդեն մի քանի օր է, ինչ Ռուբինյանց 13/5 շենքի բակում սկսվել են դեղատան շինարարական աշխատանքները: Երեկ «Ժողովուրդ»-ը բնակիչներից տեղեկացավ, որ այս շինարարության հետեւանքով նույնիսկ թեթեւ մարդատար մեքենաները չեն կարողանում մտնել շենքի բակ: Իսկ հրշեջ եւ շտապօգնության մեքենաների մասին ավելորդ է նույնիսկ խոսել: Հիշեցնենք, որ Ռուբինյանց 13/5 շենքի բակում դեղատուն կառուցելու դեմ բողոքում էին բնակիչները, սակայն մի քանի օր անց տարածքի սեփականատեր Արմեն Հարությունյանի հետ հաշտության եկան: Հիմա կրկին դժգոհում են, քանի որ սեփականատիրոջ գործողություններն անհարմարություններ են պատճառում:
ԲԼԹ
«Քվեարկության է դրվում պատգամավորներ Մարքրիտ Եսայանի… օրինագիծը»:
Գալուստ Սահակայն Slaq.am
Ինչ խոսք, բանասերը միանգամից երեւում է, նախկին ուսուցիչը, դպրոցի տնօրենը, ով այսօր ԱԺ նախագահ է, չի կարողանում թաքցնել իր սերը հայ գրականության՝ մասնավորապես դրամատուրգիայի նկատմամբ՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանին անվանելով Սունդուկյանի` ոչ այնքան գեղեցիկ հերոսուհու անունով: Թե ինչ էր ցանկանում հասկացնել Մարքրիտ Եսայանին, դժվար է կռահել: Թեեւ մյուս կողմից՝ չի բացառվում, որ դա կարող էր նաեւ պարզապես լեզվի սայթաքում լինել, ինչը Գալուստ Սահակյանի մոտ բավականին հաճախ է պատահում: Ու հենց այդպիսի սայթաքումների միջոցով է ԱԺ նախագահն այդ պաշտոնը զբաղեցրել:
«Պետք լինի, էլի կհայհոյեմ, ես թաքուն չեմ անում այդ ամենը: Ես անհատին եմ հայհոյում…»:
Առաքել Մովսիսյան Armlur.am
Իսկ ի՞նչ տարբերություն, թե ում են հայհոյում: Հայհոյելն, առհասարակ, քաղաքական գործչի համար անթույլատրելի պետք է լինի: Եթե քաղաքական գործիչն անցնում է հայհոյանքների, դա նշանակում է, որ նա այլեւս ասելիք չունի: Դե իսկ «Շմայս» մականունով ՀՀԿ-ականը երբեք ասելիք չի էլ ունեցել, այդ պատճառով միակ բանը, որ նրա մոտ ԱԺ-ում միշտ լավ է ստացվել, հայհոյելն է: Անհատին էլ հայհոյել, իհարկե, կարելի է, սակայն դրա համար կան ավելի հարմար տեղեր, քան խորհրդարանը, օրինակ` «քուչի բեսեդկեքը»: Բայց Առաքել Մովսիսյանն այլ լուծում է գտել՝ նա խորհրդարանն է վերածում «բեսեդկայի»:
«Աստծո կողմից որոշված չէ, որ որեւէ կուսակցություն պետք է հավերժ կառավարի կամ չկառավարի»:
Գարեգին Նուշիկյան 168.am
Նման բաները գերբնական ուժերը չեն որոշում, այլ երկրային, իսկ Հայաստանում այսօր այդ երկրային ուժը հենց ՀՀԿ-ն է, որն իշխանության ղեկին է եւ որի անդամ է հանդիսանում գործարար-պատգամավորը: Եվ Գարեգին Նուշիկյանը շատ լավ էլ գիտի, որ իր կուսակցությունը եթե ոչ հավերժ, ապա գոնե բավականին երկար ժամանակ դեռ կառավարելու եւ իշխանությունը պահելու ցանկություն եւ ծրագրեր ունի: Եվ եթե նույնիսկ «Աստծո կողմից որոշված» չլինելով` ՀՀԿ-ն այսքան տարի է` իշխանության ղեկին է եւ դեռ ուզում է մնալ, ապա ինչ կլիներ, եթե հանկարծ նրա մնալը «Աստծո կողմից որոշված» լիներ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ