Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապօգնության մեքենաների տեղաշարժը դժվարացել է. քարուքանդ վիճակ Էրեբունիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն կես ամսից ավելի է՝ Հայաստանի խոշորագույն հիվանդանոցներից մեկը Էրեբունի ԲԿ-ն սպասարկող հիմնական ավտոճանապարհը՝ Տիտոգրադյան փողոցը, գտնվում է շինարարական ծանր վիճակում։ Թեև այսօրվա դրությամբ ճանապարհի մի հատվածն արդեն նորոգվել է, սակայն տարածքում իրավիճակը շարունակում է անհարմարություններ պատճառել թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին։

ArmԼur.am-ի նկարահանած տեսանյութում երևում է, որ ճանապարհահատվածում ստեղծված է խիստ անհարմար և վտանգավոր միջավայր․ կանգառներ չկան, քաղաքացիները ստիպված են սպասել փոշու, կեղտի մեջ, իսկ տեղում բացակայում են բավարար զգուշացնող նշաններն ու անվտանգ տեղաշարժի համար անհրաժեշտ կազմակերպված լուծումները։

Խնդիրն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ տվյալ ճանապարհով են երթևեկում նաև շտապօգնության մեքենաները։ Ըստ տարածքում արձանագրված իրավիճակի՝ շտապօգնության ավտոմեքենաները հաճախ դժվարությամբ են կարողանում անցնել ճանապարհահատվածով, իսկ որոշ դեպքերում նրանց տեղաշարժը գրեթե անհնար է դառնում։

Տեսանյութում արձանագրված է նաև, որ մեքենաների վարորդները, անցորդների օգնությամբ, ստիպված են բարձրացնել ճանապարհը սահմանափակող կարմիր ժապավենը՝ տարածքով անցնելու համար։ Սա վկայում է աշխատանքների կազմակերպման թերի և ոչ բավարար համակարգված լինելու մասին։

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, ըստ առկա իրավիճակի, քաղաքացիների համար ոչ միայն կենցաղային անհարմարություններ են առաջացրել, այլև կարող են վտանգել մարդկանց կյանքը՝ հաշվի առնելով, որ հիվանդանոց տանող ճանապարհը պետք է մշտապես ապահովի շտապօգնության մեքենաների արագ և անխոչընդոտ տեղաշարժը։

Նախնական տեղեկություններով՝ աշխատանքները կարող են շարունակվել ևս մեկ շաբաթից տաս օր։ Մեր նկարահանման պահին աշխատակիցները չկային, ոչինչ չէր արվում: Մինչ այդ քաղաքացիները շարունակում են բախվել փոշու, կանգառների բացակայության, երթևեկության խոչընդոտների և անվտանգության անբավարար պայմանների հետ։

Ստեղծված իրավիճակը պահանջում է Երևանի քաղաքապետարանի և պատասխանատու կառույցների հրատապ միջամտությունը։ Անհրաժեշտ է ապահովել հստակ երթևեկության կազմակերպում, տեղադրել զգուշացնող նշաններ, առանձնացնել անվտանգ հատվածներ հետիոտների համար, ինչպես նաև երաշխավորել շտապօգնության մեքենաների անխափան տեղաշարժը։

Երևանի Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ տվյալ հասցեում Քաղաքապետարանը Վեոլա ջրի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում և աշխատում է ամենօրյա ռեժիմով։
«Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչ մայիսի մեկը։ Այս պահին լայն թափով աշխատանքներ են իրականացվում։ Այո, ստեղծվում են որոշակի անհարմարություններ, ինչը, բնականաբար, շինաշխատանքների ժամանակ առաջանում է։ Կարծում եմ, քաղաքացիները պետք է ըմբռնումով մոտենան, որ մայիսի 1-ից հետո արդյունքը գոհացուցիչ լինի»,- ասաց Արտյոմ Կարապետյանը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս