Հայկական կողմը հայտարարել է, որ չի համագործակցելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողի հետ. դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լրագրողների այն հարցին, թե պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու խնդիր տեսնո՞ւմ եք, Լ. Զուրաբյանը նշեց, որ սա իշխանությունների կեցվածքն է, անձնական խնդիր չի ու նրան փոխելով՝ հարց չի լուծվի:
«Ես բացառում եմ, որ Հերմինե Նաղդալյանը գործել է ինքնագլուխ: Նման պահվածք կարող է լինել միայն իշխանությունների հստակ ինստրուկցիայի դեպքում: Ուզում է պարտությունը կապված լինի Հերմինե Նաղդալյանի հետ, ուզում է կապված լինի Գալուստ Սահակյանի հետ, ես չգիտեմ ում հետ է խորհրդակցել Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ի կողմից նման վերնագրով զեկույցի ընդունումն արդեն միջամտություն է Մինսկի խմբի բանակցություններին եւ կանխորոշում է այն էլեմենտները, որոնք պետք է ընդունվեն: Եթե ԼՂՀ-ն օկուպացված տարածք է, ուրեմն պետք է ազատեն տարածքը, սա է խնդիրը», – նշեց նա՝ անդրադառնալով «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով զեկույցին:
«Հիմա շատ դժվար է դարձել ԵԽԽՎ-ում խոսել: Առաջ ունեինք դաշնակցային դաշտ, բայց իրենք ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որ հնարավոր չէր պաշտպանել այդ աբսուրդային դիրքորոշումը: Հայաստանի պատվիրակներն անվանման քվեարկությունից առաջ թողեցին եւ լքեցին դահլիճը: Այդ դեմարշը, եթե ուզում էին անել էլ, դա պետք է անեին գոնե անվանման քվեարկությունից հետո: Սա արդեն շախմատ էլ չի էլի, շաշկի է: Հնարավոր էր այդ ճակատամարտում գոնե ինչ-որ դիրքեր պահել, բայց Հայաստանն այսօր ձեռք է բերել խռովկան երեխայի կեցվածք», – պատմեց նա: