ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ` ԱՎԵՏԻՔ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Սահմանադրության 88 հոդվածի համաձայն «Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից»: Ուստի սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ, ինչը լուրջ քննարկումների, քննադատությունների առիթ դարձավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնին վերանշանակվել է ունեցած հանքերից մեկից հրաժարվելու դիմաց:

Նշենք, որ Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում: Աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը:
«Ժողովուրդ»-ը Սուրեն Խաչատրյանի հետ զրուցեց այս եւ քրեական անցյալին առնչվող մի քանի հարցերի մասին:
-Պարո՛ն Խաչատրյան, շուրջ մեկ տարի Դուք գործազուրկ մնացիք, հիմա կրկին վերադարձել եք. Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած մոտեցումները փոխելո՞ւ եք:
-Չէ, ոնց կարամ, 10 տարի աշխատել եմ նույն տեղը, նույն ձեւով էլ շարունակելու ենք էլի:
-Ձեր վերանշանակումից հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրում աշխատակիցները. ինչո՞ւ:
-Դե երեւի նախկին մարզպետի հետ պայմանավորվածություն ունեն, որ իր հետ գան Երեւան եւ միասին աշխատեն:
-Իսկ միգուցե Ձեր անձի՞ խնդիրն է, Դուք այնքան էլ նրանց համար նախընտրելի մարզպետ չեք, հոգնել են ու չեն ուզում աշխատել Ձեզ հետ:
-Չէ, նման բան չկա: Այդ հարցին հետո կանդրադառնանք:
-ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Դուք եք անձամբ սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստը: Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին:
-Նիկոլ Փաշինյանը քննի՞չ է, ոստիկա՞ն է, դատախա՞զ է, փորձագե՞տ է, ինչ է, դա եմ ուզում հասկանամ, այդ անհեթեթությունը ինչի՞ց է նա եզրակացրել:
-Պատգամավորն ունի հիմնավորումներ: Նա նշել է, որ տեսագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Դուք սպանության ժամանակ ոչ միայն քնած չեք եղել, այլեւ Ձեր առանձնատան վերեւի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, եւ, երբ վերջինս, կանչին արձագանքելով, ետ է գնացել, Դուք սառնասրտորեն կրակել, սպանել եք նրան:
-Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, եղա՞վ: Էլ ասելու բան չունեմ:
-Բոլորի համար զարմանալի եղավ, թե Ձեր ո՞ր արժանիքի համար վերանշանակեցին մարզպետի պաշտոնին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իրականում Դուք հանք եք նվիրել, ու դրա դիմաց Ձեզ նշանակել են մարզպետ:
-Բայց ես կարո՞ղ է Էներգետիկայի նախարար եմ:
-Ինչո՞ւ պարտադիր է՝ նախարար լինեք, որ նոր հանք ունենա՞ք:
-Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է:
-Ձեզ մեղադրում են մարդկանց ահաբեկելու, մարդ սպանելու, բռնաբարության մեջ: Ինչպե՞ս եք «մաքրելու» այն որակավորումները, որոնք հնչում են ձեր հասցեին:
-Իմ աշխատաոճը սաղ Հայաստանին ծանոթ է: Բոլորն էլ գիտեն՝ ոնց եմ աշխատել ու նույն կերպ էլ աշխատելու եմ: Հիմա ինչքան էլ լավ աշխատեմ, վատ աշխատեմ, կան մարդիկ, որ չարախոս են: Հիմա հո ես գործս չե՞մ թողնելու ու ընկնեմ դրանց հետեւից, դատի տամ: Միայն կարող եմ ասել՝ Աստված իրենց հետ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 
ՀՀԿ-Ն ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑ «ՏՄԱՐԴԱՎԱՐԻ» ՔՎԵԱՐԿԵԼ

Երեկ Ազգային ժողովի նիստը շատ բուռն մեկնարկ ունեցավ, քանի որ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները նախքան քվերակությունը հայտարարություններով էին հանդես գալիս: Իրավիճակն այնքան թեժացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը, որը երբեւիցե ձայնի իրավունք չի խնդրում, պահանջեց իրեն եւս խոսք տալ ու հորդորեց առաջին անգամ «տղավարի» քվեարկություն կազմակերպել, որպեսզի ինչ-որ անում են, անեն «ժողովրդի սրտով»:

ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Քառյակը նիստ է հրավիրել ու որոշում է կայացրել, որ պետք է հրատապ խորհրդակցություն հրավիրել ու քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի խնդիրները, քանի որ այն արդեն սկսել է գործել: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, թե կանոնակարգը չխախտելու համար իրենք կարող են ընդմիջում հայտարարել կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություն հրավիրելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան հայտարարեց, թե. «Երկու օր առաջ այդ առաջարկությունը մենք արեցինք, գնացիք, խորհրդակցեցիք, գնացիք այլ ճանապարհով: Մեր փոխարեն դուք եք հիմա առաջարկում: Ի՞նչ պատահեց: Մենք դեմ չենք հավաքվելուն: Իհարկե, թող որոշի ԱԺ նախագահը, խնդիր կա, պետք է քննարկենք: Ուզում եք լարումներ մտցնել, լավամարդ լինել, ցույց տալ, որ դուք ուզում եք, մենք չենք ուզում»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին նշեց, որ առեւտրականներին վարչապետն ուղղորդել էր ԱԺ. «Հիմա, պարո՛ն Սահակյան, դիմում ենք Ձեզ, որ հավաքվենք Ձեզ մոտ: Արտահերթ նիստը հենց դրա համար էր, որ քննարկեինք: Բա գայիք՝ քննարկեինք: ԱԺ-ի հեղինակությունը հաշվի առնելով՝ եկեք քննարկում կազմակերպենք՝ այդ հարցին լուծում տալու համար»:
Այս հայտարարություններից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը ինքնաբուխ հայտարարությամբ հանդես եկավ. «Պարո՛ն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի՛ քվեարկեք: Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա, սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք, սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը՝ պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք են ժողովուրդը, բերեք տղամարդավարի քվեարկենք»: Ս. Սարոյանի այս հայտարարությունն արժանացավ ծափերի: Չնայած` այդ պահին պետք է քվերակության դրվեր այլ օրինագիծ, բայց գեներալն այնքան էր ցանկանում ժողովրդի «սրտից» խոսել, որ «քննարկել» ու «քվերակել» բառերը շփոթել էր: Սակայն խորհրդարանի խոսնակը դրական չպատասխանեց գեներալի առաջարկին:
Գալուստ Գրիգորիչը որոշեց շարունակել` քվերակության դնելով մի քանի այլ նախագծեր: Սակայն այդտեղ էլ տեխնիկական խնդիրներ առաջացան. քվերակության «կոճակները» սկսեցին չգործել: Պատգամավորները ստիպված եղան 20 րոպե ընդմիջումից հետո քվեարկություն կազմակերպել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԱՌԵՐԵՍՈՒՄԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ
Օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը հերթական անգամ հրաժարվել է պաշտպանի ծառայությունից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ օրերս գործարարի հետ պայմանագիր կնքած փաստաբան Կրոմվել Գրիգորյանից. «ինձ Փայլակ Հայրապետյանն ասել է, թե հոգնել է եւ չի ցանկանում պաշտպան ունենալ, այլ բան չգիտեմ»:
Մեզ հետ զրույցում Փայլակ Հայրապետյանն ասաց, թե որեւէ խնդիր չկա, պարզապես այդպես է որոշել. «Ես ինքս կարող եմ ամեն ինչ անել: Ոչ թե Կրոմվել Գրիգորյանն է վատը, այլ ես պարզապես չեմ ուզում պաշտպան ունենալ»:
Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ չնայած ինքը ասել էր, թե չի ցանկանում Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման գնալ, սակայն օրերս քննիչի հետ է խոսել եւ որոշել, որ մյուս շաբաթ հաստատ կգնա Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման:

 

ԷԼԻՏԱՐ ՀԱՐՍԱՆԻՔ
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ շաբաթ օրը հայկական էլիտան եւս մեկ շքեղ հարսանիքի է մասնակցելու: Մեր տեղեկությունների համաձայն՝ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ) իր փոքր որդուն է ամուսնացնում: Հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանային համալիրում: Հրավիրվածների ցանկն արդեն պատրաստ է: Ներկա են լինելու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Մեզ միայն չհաջողվեց պարզել, արդյո՞ք ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը ներկա է լինելու հարսանիքին, թե՞ ոչ, քանի որ Բ. Բեգլարյանը մշտապես եղել է Տ. Սարգսյանի հովանավորյալը:

 

ՕՖՇՈՐԻՆ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
ԱԺ փոխխոսնակ, ազգությամբ կեսով հույն Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ է տվել Հունաստանի նախագահի այցելությունը Հայաստանին: «Ինչպես հայտնի է՝ Հունաստանի նախագահը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում: Մենք էլ Կիպրոսի հարցում ընդունում ենք այն դիրքորոշումը, որն ունի միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ինպես նաեւ՝ Հունաստանի Հանրապետությունը: Գիտենք նաեւ, որ Ցեղասպանության ժխտողականության հետ կապված օրենք են ընդունել, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Ու նաեւ շատ ենք կարեւորել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»,-նշեց ԱԺ փոփխոսնակը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե Հունաստանի նախագահի հետ քննարկվե՞լ է Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ կապված հարցը. ի վերջո Տիգրան Սարգսյա՞նն էր բացել այդ հաշվեհամարը, թե՞ ոչ, պատասխանեց. «Չէ, որեւէ նման հարց չի քննարկվել, Կիպրոսից միայն կիպրական խնդիրն ենք քննարկել, իրենք էլ շնորհակալություն են հայտնել, որ մենք պաշտպանում ենք իրենց տեսակետը»:

 




Լրահոս