2011 թ. հունիսի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասին հարակից անտառում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին՝ դեմքի եւ պարանոցի փափուկ հյուսվածքների բացակայությամբ: Ավելի քան 3 տարի ընթացող քննությունից հետո՝ 2014 թվականի սկզբին, գործը կարճվեց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 3 տարի շարունակ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, եւ միայն այս տարի է քննչական վարչությունը համոզվել, որ Տիգրանի ինքնասպանության մեջ մեղավոր անձինք չկան:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցածը, Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանը նշեց, որ Տիգրանը Նորաբացի այն երիտասարդներից մեկն էր, ով ոչ մի խնդիր չուներ ընկերական շրջապատում կամ առհասարակ համագյուղացիների հետ: Համայնքապետը վստահ է, որ Տիգրանի ծնողներն իրավացի են` պնդելով, որ իրենց որդին երբեւէ ինքնասպանության չէր դիմի:
Մամուլում տարածված լուրերի համաձայն` ծնողներն իրենց որդուն վերջին անգամ տեսել են 2011 թվականի ապրիլի 29-ին Կարմրաքարում, երբ հերթական անգամ այցելել են նրան: Որդու տրամադրությունը եղել է շատ լավ, ոչ մեկից եւ ոչ մի բանից բողոք չի ունեցել: Վերջին հեռախոսազրույցը որդու հետ մայրն ունեցել է նրա անհետացման օրը` հունիսի 28-ին, ժամը 11:00-ի կողմերը: Որդին ունեցել է լավ տրամադրություն, մորը խնդրել է լիցքավորել հեռախոսը, վերջինս ասել է, որ զանգի հորաքրոջը: Ժամը մոտավորապես 11:10-ին, երբ հորաքույրը հետ է զանգահարել, Տիգրանը խոսել է հորաքրոջ հետ, խնդրել է լիցքավորել հեռախոսը, ինչպես նաեւ՝ փող ուղարկել: Ժամանակ առ ժամանակ հարազատները Տիգրանին 5-10 հազար դրամ էին ուղարկում: Այդ նույն օրը Տիգրանի մորը՝ տիկին Անահիտին, զանգահարել է շտաբի պետը՝ Արսեն Ոսկանյանը, եւ հարցրել, թե որտեղ է գտնվում Տիգրանը, քանի որ նա զորամասում չէ: Ի պատասխան՝ մայրն ասել է, որ նա ծառայության մեկուկես տարվա ընթացքում երբեւէ ինքնակամ դուրս չի եկել: Անհանգստացած ծնողները զանգել են Տիգրանին, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել: Ժամը 23:00-ի սահմաններում Տիգրանի հայրը զանգահարել է շտաբի պետին եւ հայտնել, որ ուզում է այցելել զորամաս, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «միգուցե Տիգրանը մի բարեկամի մոտ լինի եւ շուտով գա»:
Հաջորդ օրն՝ առավոտյան, անհետացած զինվորի ծնողները գնացել են զորամաս: Մինչ այդ մտել են ՎիվաՍել-ՄՏՍ -ի գրասենյակ՝ տեղեկանալու Տիգրանի հեռախոսազանգերի մասին: Գրասենյակում ասել են, որ Տիգրանի հեռախոսն անջատվել է նախորդ օրը՝ հունիսի 28-ին, ժամը 12:30-ին: Համարի հաշվին եղել է 1097 դրամ, իսկ հեռախոսի մարտկոցը «նստած» չի եղել: Արդեն զորամասում Տիգրանի ծնողները զինվորներին հարցուփորձ են արել իրենց որդու մասին, եւ նրանցից մեկն ասել է, որ Տիգրանին տեսել է լվացվելիս հունիսի 28-ին՝ ժամը 12:00-14:00-ի կողմերը, ինչից հետո նա թռել է զորամասի պատի վրայով եւ գնացել: Տիգրանի հոր հարցին, թե ո՞ւր է իր որդին, շտաբի պետը պատասխանել է՝ փախած կլինի:
Նաեւ պարզվել է, որ Տիգրանը հունիսի 26-ին՝ երեկոյան ժամը 6-ին, ընդունել է վերակարգը զորամասի շտաբում եւ երկու օր շարունակ եղել է նույն ծառայության վայրում, ինչը, սակայն, հայրն անհնար է համարել, քանի որ սա առաջին դեպքն է եղել մեկուկես տարվա ընթացքում, որ Տիգրանը վերակարգի լինի հենց շտաբում: Ընդհանուր զրույցի ժամանակ Տիգրանի հորը` Բենիկ Համբարձումյանին, հայտնել են, որ որդին ճաշարանում կամ ճաշարանի հետնամասում վիճելիս է եղել ինչ-որ մեկի հետ:
Իսկ արդեն հունիսի 29-ին՝ ժամը 15:00-ին, զինվորի հորը զանգահարել է Մասիսի զինկոմը եւ հայտնել, որ որդուն գտել են անտառում` հոշոտված: Դեպքի վայրում Բենիկ Համբարձումյանը տեսել է որդուն մի մեծ ծառի տակ՝ ուղիղ դիրքով պառկած, բերանքսիվայր, գլուխը խաչած ձեռքերի վրա դրած, գլխի աջ մասի ուղղությամբ վզի հատվածը կամ դանակով, կամ ճանկերով կտրտված: Ուշագրավ է, որ պարանոցից ներքեւ դիակի վրա որեւէ վնասվածք չի եղել, անգամ հագուստը պատառոտված չի եղել:
Հայրը պատմելիս նշել է. «Ինձ ուզում են համոզել, որ երեխայի գլուխը որդերն են կերել»: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տիգրանի դիակի մոտ հայտնաբերվել է ածելի, իսկ նրա ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք:
Շրջանառության մեջ մտած առաջին վարկածն այն էր, որ Տիգրանը գնացել է անտառ՝ քնելու, եւ գայլերը հոշոտել են նրան: Հաջորդ վարկածի համաձայն՝ Տիգրանը ինքնասպան է եղել` ածելիով կտրելով ձեռքը, իսկ անտառի գազանները հոշոտել են նրա գլուխը: Սակայն զինվորի հորը զորամասում հայտնել են, որ այդ անտառում երբեւէ գայլեր չեն եղել, առավելագույնը կարող էր պատահել վայրի շուն կամ բորենի:
Տիգրանի մայրը` տիկին Անահիտը, ավելի վաղ նշել է, որ որդին ասում էր, թե շտաբի պետը լարված հարաբերություններ ունի նրա հետ եւ «տանել չի կարողանում իրեն»: Միայն Տիգրանի մահից հետո է նրա եղբայրը հարազատներին հայտնել, որ դեռեւս 2011 թ.-ի հունվարին շտաբի պետը ծեծի է ենթարկել եղբորը, որից հետո հարազատները հասկացել են, թե ինչից են առաջացել Տիգրանի այտի վրայի սպիները:
Նշենք, որ Տիգրանը լավ ծառայության համար ստացել էր շքանշան, 18 օր հերթական արձակուրդ, նրան նույնիսկ խոստացել էին սերժանտի կոչում տալ:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում մահվան փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով՝ «ինքնասպանության հասցնելը»: Արդյո՞ք քննության ընթացքում հարցաքննվել է շտաբի պետ Արսեն Ոսկանյանը՝ հայտնի չէ:
Ուշագրավ եւս մի հանգամանք. դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Տիգրանը դեպքից ժամեր առաջ ալկոհոլ է օգտագործել: Իսկ թե ո՞ւմ հետ եւ ի՞նչ հանգամանքներում է ժամկետային զինծառայողը հասցրել խմել, քննությունն այդպես էլ չի պարզել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ