Դիլիջան քաղաքի 61-ամյա բնակչուհի Կարինե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Դիլիջան» բժշկական կենտրոնում որպես ավագ բուժքույր, միաժամանակ՝ 1999 թվականից հանդիսանալով նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի պահպանումը եւ բաց թողումն իրականացնող պատասխանատու անձ՝ 2014թ. հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ խախտել է հիվանդանոցում եւ պոլիկլինիկայում հաշվառված հոգեկան հիվանդների անվամբ հոգեմետ դեղերի դուրս գրելու եւ այն վերջիններիս հատկացնելու, ինչպես նաեւ՝ հաշվառված դեղորայքն առանց դեղատոմսի տարբեր անձանց բաշխելու կարգը, որի հետեւանքով տեղի է ունեցել դեղորայքի հափշտակություն:
Կ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հոկտեմբերի 8-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Սահակ Մկրտումյանն այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքը բացահայտվելուց հետո ավագ բուժքույր Կարինե Սահակյանը զրկվել է հոգեմետ դեղերը պահպանելու եւ բաց թողնելու իրավասությունից: Նա այժմ գտնվում է արձակուրդում: Կշարունակի արդյո՞ք հոգեմետ դեղերի հափշտակությամբ զբաղված ավագ բուժքույրն աշխատել Դիլիջանի ԲԿ-ում՝ մեր այս հարցին ի պատասխան փոխտնօրեն Ս. Մկրտումյանն ասաց, թե դա պարզ կդառնա դատաքննության ավարտից հետո:
Ոսկան Սարգսյան