Պետք չէ Ս. Սարգսյանին համեմատել Գ. Ծառուկյանի հետ. Արա Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարկե, Հայաստանում բազմաթիվ թերություններ կան, բայց չի կարելի ամեն անգամ դրա պատճառով իշխանափոխություն պահանջել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա անդրադարձել է ոչ իշխանական եռյակի  կողմից հնչող իշխանափոխության կոչերին:

«Եթե խորհրդարանական եռյակն ունի ծրագրեր, թող ներկայացնեն դրանք: Եթե այդ ծրագրերը կնպաստեն երկրում տնտեսական իրավիճակի բարելավմանը, ապա ինչու ոչ, մենք կհամագործակցենք նրանց հետ: Բայց երբ ասում են մենք կանենք, դա բավարար չէ»,-ասել է ՌՀՄ ղեկավարը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրը կայուն լինի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:  Ա. Աբրահամյանն անդրադարձավ նաև 2018-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաղթանակի հնարավորություններին, և նշեց. «Ես միայն կարող եմ ասել, որ նա շատ լավ, հայրենասեր քաղաքացի է եւ շատ լավ գործարար: Նա նույնպես անհանգստացած է Հայաստանում կայունության ապահովմամբ»:

Այն հարցին, թե արդյոք Ծառուկյանն արժանի հետևորդ է Սերժ Սարգսյանի համար, Արա Աբրահամյանն արձագանքեց, թե ամեն մեկն իր տեղն ունի և պետք չէ մեկին համեմատել մյուսի հետ:




Լրահոս