Ուրբաթ դադարեց գոյություն ունենալ Եվրազեսը, որին պետք է փոխարինի ռուսաստանյան իշխանությունների կողմից ակտիվորեն առաջ մղվող և Արևմուտքի ակնհայտ մտավախությունն առաջացնող ԵՏՄ-ն:
Արևմուտքի մտավախությունները դեռևս 2012թ.-ին ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ արտահայտել էր Հիլարի Քլինտոնը, տեղեկացնում է BBC-ին:
«Նկատվում է տարածաշրջանի վերախորհրդայնացման միտում: Իհարկե, դա այլ կերպ կկոչեն՝ Մաքսային միություն կամ Եվրասիական միություն, կամ նման մի բան: Սակայն եկեք այդ առնչությամբ մոլորության մեջ չընկնենք: Մենգ գիտենք այդ գործընթացի նպատակները և փորձում ենք այն դանդաղելու արդյունավետ միջոցներ գտնել», – ասել է Քլինտոնը:
Ինչ է ԵՏՄ-ն.
Եվրասիական տնտեսական միությունը դեռևս կես տարի առաջ դեռ անվանում էին Եվրասիական միություն: Այն ժամանակ ռուսական կողմը դեռևս փորձում էր պարզել՝ նպատակահարմար չէ արդյոք նոր ինտեգրացիոն կառուցվածքի շրջանակներում ստեղծել եվրասիական խորհրդարան՝ դրանով իսկ կազմակերպությանը քաղաքական բովանդակություն հաղորդելով:
Սակայն բելառուս և ղազախ գործընկերների մոտ այդ հարցում լավատեսություն չնկատելով՝ Մոսկվան որոշեց սահմանափակվել տնտեսական միության ստեղծմամբ:
Նոր միավորումը, որը կսկսի գործել 2015թ.-ի հունվարի մեկից, անդամակցում են երեք պետություններ, որոնք ներառված են Մաքսային միության կազմում՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Ի դեպ, Մաքսային միությունը, չնայած Եվրազեսի փլուզմանը, շարունակելու է գոյություն ունենալ: Հետագայում միությանը կանդամակցեն նաև Հայաստանն ու Ղրղզստանը:
Ինչով է տարբերովում ԵՏՄ-ն.
Հայտարարվում է, որ ԵՏՄ-ն տնտեսական ինտեգրման նոր մակարդակ է:
ԱՊՀ ազատ առևտրի գոտին, որը գործում էր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի միջև, ենթադրում էր հարկերից ազատ առևտուր անդամ-պետությունների միջև:
Մաքսային միության դեպքում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն ընդհանուր մաքսային քաղաքականություն էին վարում երրորդ երկրների հետ առևտրում:
Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում այդ նույն երեք պետությունների մասնակցությամբ խոսքը գնում էր դրանց սահմաններում ոչ միայն ապրանքների, այլև աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին:
Ինտեգրման նախորդ փուլերի համեմատ, ԵՏՄ-ն իր առջև ընդհանուր առևտրային, դրամական, հարկային քաղաքականության ստեղծման նպատակ է դնում:
Բացի այդ, նոր կազմակերպությունը՝ ի տարբերություն նախորդի, գրանցվելու է իբրև իրավաբանական անձ:
Ինչումն են ինտեգրման օբյեկտիվ դժվարությունները.
Ոչ միայն ԵՏՄ-ի հակառակորդները, այլև դրա կողմնակիցները բազմաթիվ դժվարություններ են տեսնում հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհին:
Ամենաակնհայտը Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում տնտեսական աճի տեմպրի նվազումն է: Տնտեսագետների ընդանուր կարծիքի համաձայն, 2014թ.-ին Ռուսաստանում ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0,3-0,5 %-ով, ինչը գրեթե նշանակում է տնտեսական լճացում:
Այս պայմաններում երկրների միջև ապրանքաշրջանառությունը նույնպես դանդաղում է: Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի խոսքով, վերջին երկու տարիներին Մաքսային միության շրջանակներում առևտուրը փաստացի լճացում է ապրում: 2013թ.-ին Ղազախստանի հաշվարկներով այն կազմել է 64,2 մլրդ դոլար:
Անցած տարի նկատվել է նաև փոխադարձ ներդրումների անկում, նշում են փորձագետները: Վերջապես, քիչ նշանակություն չունի աշխարհաքաղաքական լարվածությունն Ուկրաինայում, որը միության բոլոր անդամների համար հանդիսանում է կարևոր առևտրային գործընկեր:
Կարևոր հանգամանք է հանդիսանում նաև այն, որ այն երկրներում, որոնք կարող էին անդամակցել ԵՏՄ-ին, հարցումները գրանցել են կոոպերացմանն աջակցության անկում: Մասնավորապես, Ղրղզստանում այդ աջակցությունը կիսով չափ կրճատվել է: