ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ

ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սակայն մինչեւ այսօր ԱԺ ոչ իշխանական ուժերն այդ հայեցակարգի վերաբերյալ որեւէ տեսակետ չեն արտահայտել: Իսկ իշխանությունն էլ լռում է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է Սերժ Սարգսյանին: Հայեցակարգի հետ կապված ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Ժառանգություն» խմբակցությունը, արդեն ուսումնասիրե՞լ եք այն:
-Եթե հիշում եք, մենք մեր տեսակետն ասել ենք այդ առումով ու նշել ենք, որ բովանդակային քննարկումների մեջ չենք մտնելու ու դրա հետ կապված մենք հատուկ խորհրդաժողով կազմակերպեցինք ու բացատրեցինք, թե ինչու: Մենք նույնիսկ առաջարկություններ արեցինք՝ նշելով, որ եթե իշխանությունն իսկապես անկեղծ է իր մոտեցումներում ու ուզում է բարեփոխումներ իրականացնել, ապա, նախ եւ առաջ, թող սահմանադրական նորմերն իրականացնեին այն, ինչ կա: Ըստ էության իշխանությունը դրան որեւէ տրամաբանական պատասխան չտվեց, ու շատ հասկանալի է, որ բարեփոխումներ ասելով կամ իրենց օրակարգում այն առաջին պլան մղելով՝ բոլորովին այլ խնդիր են ցանկանում լուծել: Իսկ այդ խնդիրը իշխանության վերարտադրության խնդիրն է: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ու երբեմն էլ այստեղ շատ են խոսում Վենետիկի հանձնաժողովի մասին, այնտեղ մի աքսիոմատիկ պայման կա, որը պետք է նկատի ունենա գործող իշխանությունը՝ նման գործառույթ իրականացնելիս: Պետք է նախ՝ դա լինի հասարակական պահանջ, որն այսօր բացարձակ չկա, իսկ երկրորդն էլ՝ որոշակիորեն լինի հանրային կոնսենսուս, որը եւս չկա: Ու ոչ միայն չկա, այլեւ բեւեռային ընդգծված մոտեցում կա սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Ես զարմանում եմ, որ այս երկու կարեւոր աքսիոմատիկ ճշմարտության պարագայում իշխանությունը փորձում է ոչ խոհեմությամբ իրականացնել այդ սահմանադրական բարեփոխումները: Կրկնում եմ՝ մենք որեւէ բովանդակային քննարկման խնդիր չենք դրել:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ այդ սահմանադրական բարեփոխումները չի իրականացնելու, քանի որ դրանք շրջանառության մեջ են դրվել ընդամենը քաղաքական օրակարգը «պահելու» համար: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ հայեցակարգին:
-Կարելի է ամեն տեսակ մեկնաբանություններ անել, բայց չեմ բացառում, որ ի վերջո այդ հարցը հանեն քաղաքական օրակարգից, որովհետեւ, էլի եմ կրկնում, հստակ է, որ հասարակական պահանջ չկա, ու այդ հարցում հասարակության կարծիքը բեւեռացված է: Ուղղակի մի խորհուրդ կտամ՝ դուրս գալ այդ ամենի շրջանակից ու հասկանալ, որ պետության վիճակը փոխելու միջոցը դա չէ, ու պետք չէ ինչ-որ խնդիրներ առաջ բերել, որոնք ընդհանրապես կապ չունեն այսօրվա իրականության հետ: Ես չեմ բացառում, ավելին՝ կհորդորեմ հրաժարվել այդ ամենից: Առավել եւս, որ ինչքան հիշում եմ՝ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով մանրեւելու հնարավորություն թողել է սահմանադրական բարեփոխումների ու, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի հետ կապված իր մոտեցումներում: Բայց, իսկապես, ես խորհուրդ կտամ հրաժարվել այդ ինքնանպատակ գործընթացից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
-Պարո՛ն Ջհանգիրյան, ինչպիսի՞ տեսակետ ունի ՀԱԿ-ը սահմանադրական բարեփոխումների` ներկայացված հայեցակարգի շուրջ:
-Մենք գտնում ենք, որ դա ժամանակավրեպ, արհեստական օրակարգ է: Դրա համար բովանդակային քննարկման փուլ չենք մտնում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն ի՞նչ դիրքորոշում ունի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ:
-Մենք առաջիկա օրերին կուսումնասիրենք ու մեր տեսակետը կհրապարակենք:
Հ. Գ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների տեսակետը մեզ չհաջողվեց պարզել, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Հավելենք, որ 2012-ի Աժ ընտրություններում ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ընդգրկել էր նաեւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Սակայն այժմ ԲՀԿ-ականները դեմ են այդ բարեփոխումներին:

 

 
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եռյակի կազմում Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի շուրջ «Ժառանգություն»-ում առկա է որոշակի տարակարծություն:

-Պարո՛ն Սաֆարյան, Դուք արդեն տեւական ժամանակ է, ինչ քննադատում եք քառյակ-եռյակի գործունեությունը: Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս ոչ իշխանական ուժերի վարած քաղաքականության մեջ:
-Ես ոչ թե հակված եմ նրանց մասին խոսելու, այլ ուղղակի, երբ հարց են ուղղում իմ վերաբերմունքի մասին, ես պարտադիր ասում եմ, որ ես այդ հոսանքի համակիր չեմ, ես այդ հոսանքի քաղաքական ու աշխարհաքաղաքական հակումներին չեմ կարող զորակցել եւ հավանություն տալ: Այդ շարժման առանցքը համարվող երկու քաղաքական ուժ՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կողմ են ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությանը: Դա նույն է, ինչ ինձ հարցնեն, թե ես ինչո՞ւ չեմ համակրում կոմունիստական կուսակցությանը: Հետեւաբար ես բացարձակ անտարբեր եմ իրենց գործունեության նկատմամբ, եւ, հաստատ, եթե ՀՀ-ում իշխանության ձեւավորման խնդիր լինի, ես չեմ քվեարկի ու այդ թիմում դժվար լինեմ: Ես չեմ կարող համաձայնել այն աճպարարությունների հետ, որոնք կատարվում են նրանց մերձակա շրջանակների կողմից՝ հանրությանը ներկայացնելով, թե իրենք իշխանափոխություն են անում:
-Բայց այդ իշխանափոխության պահանջին միացել է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որի անդամն եք նաեւ Դուք:
-Ես «Ժառանգություն»-ը չեմ ներկայացնում, եւ տվյալ պարագայում «Ժառանգություն»-ն ինքն իր փոխարեն պետք է պատասխանի, թե իր մասնակցությունը կոնկրետ ի՞նչ է բերելու, ի՞նչ է տալու իրեն, հանրապետությանը եւ, ընդհանրապես, այդ հոսանքին:
-Իսկ Դուք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այս առիթով զրուցե՞լ եք, պարզե՞լ եք, թե ինչու է նա միացել այդ ուժերին:
-Րաֆֆի Հովհաննիսյանն իմ դիրքորոշումներին քաջածանոթ է, քաջատեղյակ է դեռեւս տարեսկզբից, երբ սկսվել էր, այսպես ասած, քառյակի ձեւավորման պրոցեսը: Հետեւաբար, ես կարծում եմ, որ իր համար նորություն չէ այն, ինչ ես ասում եմ, որովհետեւ ես նույն բաներն ասել եմ նախկին վարչության բազում նիստերի ժամանակ:
-Որոշ փորձագետներ պնդում են, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկայում դուրս է գալու այդ ձեւաչափից…
-Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հարցազրույցից եւ «Ժառանգություն» կուսակցության այլ ներկայացուցիչների հայտարարություններից ես կարծում եմ, որ այնտեղ կա առնվազն երկու կարծիք այդ խնդրի վերաբերյալ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ շարունակում է իր՝ ոչ ամառային հանգիստը վայելել: Երեկ «Ժողովուրդ»-ը քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանից տեղեկացավ, որ Բալասանյանն արձակուրդից կվերադառնա հոկտեմբերի 20-ին: Իսկ թե որտեղ է նա այժմ գտնվում, մամլո խոսնակը հրաժարվեց նշել երկիրը՝ ասելով, որ տեղեկություններ չունի: Այն հարցին, թե ԲՀԿ անդամ քաղաքապետը կմասնակցի՞ ոչ իշխանական երեք ուժերի՝ հոկտեմբերի 24-ին հրավիրած հանրահավաքին, մամլո խոսնակը պատասխանեց. «Քաղաքապետարանն ապաքաղաքականացված կառույց է, այս պատճառով ես չեմ կարող նման հարցի պատասխանել»: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բալասանյանը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում:

 

ՏՄՊՊՀ-Ն ԿԽՍՏԱՑՆԻ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշակած եւ ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը շարունակում է սպասել խորհրդարանի հաստատմանը: Մասնավորապես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով անբարեխիղճ մրցակցության համար տուգանքների չափերի բարձրացում է նախատեսվում: Մյուս կողմից՝ փոփոխություններով առաջարկվում է տնտեսական մրցակցության մի շարք կանոններն ավելի հստակեցնել, ինչն ակամա անբարեխիղճ մրցակցողի կարգավիճակում հայտնված ընկերություններին հնարավորություն կտա խուսափել տուգանքներից կամ գոնե ավելի մեղմ տույժի ենթարկվել: Ինչպես տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը՝ այդպիսի մեղմ մոտեցում կարող է կիրառվել, օրինակ, հակամրցակցային համաձայնության եկած այն տնտեսվարողի հանդեպ, որը կոնկրետ փաստերով Հանձնաժողովին նախապես կտեղեկացնի այդ մասին: Ինչեւէ, չնայած նախագիծը դեռեւս անցած տարվա նոյեմբերից գտնվում է ԱԺ-ում, բայց դժվար է ասել, թե խորհրդարանը ե՞րբ այն կքննարկի: Ի վերջո, խորհրդարանի մեծ մասը գործարարներ են, այսինքն՝ հենց այդ մարդկանց ընկերությունների նկատմամբ պետք է կիրառվեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները:

 

«ՈՍՏԻԿԱՆ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ»
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղեկալ Հունան Պողոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի մասին, թե արդյո՞ք հատուկ գործողություններ՝ «սառը ցնցուղ», նախատեսվում է, թե՞ ոչ, պատասխանել է, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, եւ հատուկ որեւէ բան չի արվելու, ընդամենը հասարակական կարգն են պաշտպանելու: «Չնախատեսված բան եթե լինի, մենք էլ չնախատեսված գործողություններ ենք անելու: Բոլոր գործողություններն օրենքով նախատեսված, օրենքի սահմաններում են լինելու»,- հայտարարել է փոխոստիկանապետը:

 

 




Լրահոս