Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի`«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով՝ նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի համար պարտականություն սահմանել յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն նրա կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, գրավոր և բանավոր հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելու, մշտական հանձնաժողովների և այն հանձնաժողովների նիստերին մասնակցելու, դրանց ընթացքում ունեցած ելույթների վերաբերյալ։
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացվող հաշվետվության մեջ նախատեսվում են նաև պատգամավորի գործունեությանը վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնց ներկայացնելը նրա պարտականությունը չէ:
«Միաժամանակ, նախագծի հետ ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենսդիր մարմնի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու՝ ընտրողների առջև պատգամավորի հաշվետու լինելու ինստիտուտի ներդրման, ինչպես նաև՝ պատգամավորների միջև մրցակցությունը խթանելու միջոցով: Այդ առումով նշենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քանակը պատգամավորի ակտիվության որոշման բավարար ցուցանիշ չէ:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը»,-պարզաբանեց նախարարը: