Առաջիկայում 370 հազար մանրաձուկ կլցվի Սևանա լիճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր, դիմելով Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, նշեց, որ բյուջեից գումար է տրամադրվում Սևան մանրաձուկ լցնելու համար, և հետաքրքրվեց, թե արդյոք հարկավոր չէ Սևան թափող գոնե երկու գետի վրա ԳԷՍ-եր չկառուցվեն:

«Մասնագետները կորոշեն՝ որ գետերն են հարմար, և որ ձկները պետք է բուծել ավելի շատ: Մեխանիկորեն այդ ձկները լցնելը դժվար է, թույլ տանք մեխանիկորեն երկու գետ իրենով բնական եղանակով ձուկ աճեցվի», – հարցրեց նա:

Նախարարը պատասխանեց, որ համակարգ է մշակված, և թույլ չեն տա, որ ավելորդ տեղը ջուր օգտագործեն: «Մենք ունենք այն, ինչ ունենք: Այս դահլիճում նստած բոլորս էլ ցանկություն ունենք, որ չլիներ սակավաջրություն, այլ լիություն լիներ, գետերը նորմալ լինեին և կարողանային ձկները գետերում ձվադրում իրականացնել ու տեղափոխվել Սևան: Մենք ծրագիր ենք իրականացնում, ու առաջիկայում 60 միլիոն դրամի չափով 370 հազար մանրաձուկ են լցնելու Սևան: Սա համարում եմ արդյունավետ ծրագիր, որովհետև այսօրվա վիճակով մենք տեսնում ենք, որ ձուկ կա Սևանում»,- հայտարարեց նախարարը:

ՀԷԿ-երի մասին նախարարը նշեց, որ դրանք արդյունավետություն ունեն, և այսօր դրանք փակելը արդարացի չի լինի: Նրա խոսքով, սակայն, արդարացի կլինի, որ մեկ-երկու գետ մաքրվի ու ամբողջովին իրականացնի իր աշխատանքները:




Լրահոս