Հոգևորակա՞ն, թե՞ դերասան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերի 1-ից Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ոչ պարտադիր ծրագրով դասավանդվում է խոսքի արվեստ առարկան: Դասախոսը դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանն է: Ճեմարանի քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վահան սարկավագը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դասընթացի հիմնական նպատակն է ապագա հոգեւորականներին ճիշտ խոսել սովորեցնելը եւ խոսքի իմաստը ճիշտ փոխանցելը: «Հոգեւորականը խոսում է բեմից, ժողովրդի հետ, նա խոսքը հասցնելու խնդիր ունի, եթե շեշտադրությունը ճիշտ չդնի, խոսքի իմաստը սխալ կհասկացվի»,-մեկնաբանեց Վահան սարկավագը:

Թերեւս հենց այն պատճառով, որ այսօր հոգեւորականները խոսում են միայն բեմերից, նրանք պարտավոր են տիրապետել նաեւ խոսքի արվեստին: Այն, որ ամեն հոգեւորական պետք է տիրապետի գրագետ խոսքին, պետք է իմանա իր միտքը կառուցել, երգել ու ասմունքել, դա հասկանալի է, սակայն սա հիմք չէ, որ արվեստը մուտք գործի եկեղեցական ծառայության շրջանակ: Հոգեւորականը պետք է բեմից արվեստ քարոզի՞, թե՞ փորձի գրագետ, բայց անմիջական, առանց շինծու պաթոսի առնչվել ժողովրդի հետ: Եթե ճեմարանների ուսանողներին դասավանդվում են հռետորություն, քարոզխոսություն առարկաները, ինչպես Վահան սարկավագն է ասում, քարոզը ճիշտ ձեւակերպելու, այն ճիշտ պատրաստելու եւ մատուցելու հմտություններին տիրապետելու նպատակով, ապա ուսանողների առջեւ ի՞նչ խնդիր է դրվում խոսքի արվեստ առարկան ուսուցանելու դեպքում:

Եթե այս առարկաների բնույթը նույնական չէ, ապա ո՞րն է տարբերությունը: Դավիթ Հակոբյանի պարզաբանմամբ՝ ուսանողները քարոզխոսություն են սովորում, բայց խոսքի տեխնիկան, որը զուտ մասնագիտական խնդիր է, չէին անցնում. խոսքը վերաբերում է ճիշտ շնչելուն, բաղաձայններն օգտագործելուն, դադարներ տալուն, տրամաբանական շեշտեր փոխանցելուն եւ այլ մասնագիտական հարցերի: Եվ, այնուամենայնիվ, դերասանը խոստովանեց այն, ինչը մեր մտավախության առարկան էր. «Համարյա նույն բանն ենք սովորեցնում, ինչ դերասանի վարպետության ժամանակ դերասաններին. բեմում ելույթ ունենալ, բեմից ճիշտ խոսել, վերջին հաշվով, քահանան էլ դերասանի պես ելույթ է ունենում անկախ իրենից»,-եզրափակեց Դավիթ Հակոբյանը:

Այս ամենից հետո հավատացյալներին մնում է կռահել, թե եկեղեցական ծեսերի եւ արարողությունների ժամանակ որտեղ է ավարտվում հոգեւորականի կերպարը եւ սկսվում դերասանինը. եկեղեցում վարագույրները չեն բացվում ու չեն փակվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս