Լեհաստանի տարեց բնակչուհին, ում մահը հաստատել է տեղի բժիշկը, անբացատրելի կերպով կենդանացել է դիահերձարանում:
Օրերս Օսրով Լյուբերսկի քաղաքի բնակչուհի 91-ամյա Յանինա Կոլկևիչին հյուր է եկել զարմուհին՝ Բոգումիլան: Կինը նախաճաշ է պատրաստել, հետո մտնելով մորաքրոջ սենյակը, տեսել է, որ վերջինս չի շնչում: Տարեց կնոջ զարկերակը չի նշմարվել, աչքերն ու բերանը փակ են եղել:
Բոգումիլան կանչել է ընտանեկան բժշկին, ով էլ հաստատել է ծեր կնոջ մահը և համապատասխան վկայական տվել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի թղթակիցը, հուղարկավորումը նախապատրաստվում էին կատարել երկու օր անց, իսկ մինչ այդ հանգուցյալին դիահերձարան են տեղափոխել:
11 ժամ սառնարանում մնալուց հետո պարկը, որում պահվում էր Յանինայի մարմինը, հանկարծ սկսել է շարժվել՝ ապշահար անելով աշխատակիցներին: Կեսգիշերին կնոջ տուն է այցելել դիահերձարանի աշխատակիցը և պատմել կատարվածի մասին:
Երբ Յանինա Կոլկևիչին տուն են բերել, նա շարունակել է բողոքել ցրտից և թեյ է խնդրել:
30 տարվա փորձ ունեցող բժիշկը հայտարարել է, որ միանգամայն համոզված էր ծեր կնոջ մահվան մեջ, քանի որ նա չէր շնչում, սիրտը չէր բաբախում. «և ոչ մի կասկած չկար, որ նա մահացել է»: