ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել էր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու եւ նորերը սահմանելու մասին: Ընդ որում, ԱՄՆ նախագահն իր ելույթում ընդգծել էր, որ իրենք պատժամիջոցներ են կիրառում ոչ միայն ռուս պաշտոնյաների, այլեւ` հենց ՌԴ-ի նկատմամբ:
«Ես եւս մեկ հրամանագիր եմ ստորագրել, որն իրավունք է տալիս ինձ պատժամիջոցներ կիրառել ոչ միայն անհատների, այլեւ Ռուսաստանի տնտեսության առանցքային ճյուղերի նկատմամբ: Հարկ է նկատել, որ այդ քայլը բացասական հետեւանքներ կարող է ունենալ նաեւ համաշխարհային ողջ տնտեսության վրա»,- հայտարարել էր Բարաք Օբաման:
Ակնհայտ է, որ ՌԴ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով լուրջ խնդիրներ կստեղծվեն նաեւ Հայաստանի տնտեսության համար. ՀՀ տնտեսությունն այսօր առավել քան երբեւէ լուրջ կախվածության մեջ է ՌԴ-ից, եւ այնտեղ տեղի ունեցող ցանկացած վայրիվերում անմիջապես անդրադառնում է ՀՀ-ի վրա:
Դատեք ինքներդ. ռազմավարական նշանակության գրեթե բոլոր կարեւորագույն օբյեկտները` երկաթուղի, էլեկտրացանցներ, գազամատակարարում եւ այլն, ժամանակին ՀՀ իշխանությունների թեթեւ ձեռքով հանձնվեցին ՌԴ-ին: Մյուս կողմից՝ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների զգալի մասը` մոտ 40 տոկոսն, իրականացնում է ՌԴ-ն: Երրորդ` բավականին մեծ թիվ է կազմում ՌԴ-ի հետ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը. 2012թ. ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 23.7 տոկոս, 2013-ին` 24.3 տոկոս: Եւ վերջապես` չորրորդ հանգամանքը. ՀՀ տրանսֆերտների զգալի մասը գալիս է ՌԴ-ից: 2013թ. ՀՀ եկել է 1մլրդ 869.7մլն դոլարի դրամական օգնություն, որից 1մլրդ 606.6մլն-ն ուղարկվել է ՌԴ-ից:
Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից բազմիցս փաստել են նաեւ ՀՀ պաշտոնյաները` իրենց հրապարակային ելույթներում: Օրինակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013 թվականի տնտեսական աճի նվազումը բացատրել էր արտաքին գործոններով. «2013-14 թվականներին Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչն էական ազդեցություն է թողնում Հայաստանի վրա»:
Տնտեսագետների կանխատեսումներով, ՌԴ-ում տնտեսական խնդիրների հետեւանքով կտրուկ կնվազեն Հայաստանում գործող ռուսական ձեռնարկություններում ներդրումները, չի բացառվում նաեւ` դա հանգեցնի աշխատատեղերի կրճատման: Խնդիրներ կարող են ստեղծվել նաեւ արտահանման հետ կապված, մանանվանդ որ սրընթաց տեմպերով դեպի Մաքսային միություն ընթանալով Հայաստանի առաջ ԵՄ երկրներն այնքան էլ բարեհաճությամբ չեն բացի իրենց դռները, ու մեծ շուկա որպես կմնա խնդիրներ ունեցող ՌԴ-ն: Հայաստանին սպասվող ամենամեծ հարվածը, սակայն, կլինի ՌԴ-ից եկող տրանսֆերտների կտրուկ կրճատումը` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ընդ որում, ՀՀ տնտեսության մեջ արդեն իսկ նկատվում են խնդիրներ. այդ մասին արդեն ահազանգում են սոցիալ-տնտեսական վերջին ցուցանիշները: Միայն այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 4.1 տոկոսով. մի հանգամանք, որը վերջին տարիներին չէր եղել. պաշտոնական վիճակագրությունը գոնե արդյունաբերական արտադրանքի առումով միայն դրական ցուցանիշ էր արձանագրում: Շարունակում է նվազել էլեկտրաէներգիայի արտադրությունը` 4.4 տոկոս: Կտրուկ նվազել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները` 5.8 տոկոսով, ընդ որում, 3.2 տոկոս նվազել են արտահանման, եւ 6.7 տկոսով` ներմուծման ծավալները: Սա եւս կարելի է աննախադեպ համարել, քանի որ մինչեւ հիմա ՀՀ պաշտոնական վիճակագրությունը նաեւ այս ոլորտում էր անընդհատ աճ նկարում:
Այսքանից հետո, թերեւս, հարց է ծագում` ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները` սպասվող բացասական հետեւանքները չեզոքացնելու համար: Պարզվում է` ոչինչ. ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Կենտրոնական բանկը սպասողական վիճակում են: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց` իրենք արդեն հաշվարկե՞լ են տնտեսական մարտահրավերները եւ ինչ քայլեր են անում: «Այդ պատժամիջոցների սպեկտորը հայտնի է շատ քիչ մարդու, հետեւաբար` մենք չգիտենք, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու: Եթե չգիտենք ինչ պիտի լինի, ինչպե՞ս կարող ենք դրան արձագանքել, ասել, թե ինչպիսին կարող է լինել մեր արձագանքը»,- ասաց Մինասյանը: Իսկ հարցին, թե չկա՞ն կանխատեսումներ, թե ինչ կարող է սպասվել, Մինասյանը նշեց. «Պատժամիջոցները կարող են լինել ամենանվազագույնից առավելագույնը: Իսկ կանխատեսումները կլինեն քաղաքական կանխատեսումների ոլորտից»: Հետաքրքիր է, իսկ միգուցե ՀՀ իշխանությունները պարզապես ի վիճակի չեն կանխատեսումներ անել ու արձագանքել սպասվող մարտահրավերներին, հետեւաբար` նման պատասխան են տալիս: Ի՞նչ իմանաս:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՄՈՍԿՎԱՅԻՑ ՄԵԿՆԵԼ Է
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ռ. Քոչարյանը Մոսկվա էր մեկնել «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովի հերթական նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել՝ արդյոք Ռ. Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է Հայաստան:
-Պարոն Սողոմոնյան, Ռ. Քոչարյանն արդեն Հայաստանո՞ւմ է:
-Պարոն Քոչարյանը Մոսկվայում է եղել մարտի 13-ին, 14-ին եւ 15-ին: Իսկ 16-ին մեկնել է Մոսկվայից:
-Այսիքն՝ Հայաստան չի՞ վերադարձել:
-Ոչ, Հայաստան չի վերադարձել, ուղեւորությունը Մոսկվայից շարունակել է:
-Իսկ որտե՞ղ է մեկնել: Գործնակա՞ն հանդիպումներ է ունենում Ռ. Քոչարյանը:
-Այսպես ասեմ՝ գործնական, մասնավոր: Դժվարանում եմ տարանջատել մեկը մյուսից:
-Նախքան Ռ. Քոչարյանի մեկնումը քննարկվում էր այն հարցը, որ Ռ. Քոչարյանը այնտեղ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահի հետ: Եղա՞վ նման հանդիպում:
-Ինչպես ես նախօրոք հայտարարել էի, որեւէ հանդիպում չի եղել:
-Իսկ ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չի արձագանքում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին:
-Ճիշտն ասած, ընդհանուր քննարկումներ ունեցել ենք, բայց արձագանքելու դեռեւս առիթ չունենք: Եթե ինչ-որ բան լինի արձագանքելու անպայման կարձագանքենք:
-Ե՞րբ է Ռ. Քոչարյանը Հայաստան վերադառնալու:
-Կարծում եմ՝ առաջիկա օրերին, մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում: Հստակ չեմ կարող օր ասել, բայց այնպես չէ, որ շատ երկար ժամակով է գնացել:
ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերջերս շուկայում գործող մի քանի ոսկերչական արհեստանոցների տնօրենների հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ նրանք ապրիլի 1-ից պետք է վճարեն տաղավարների 60-100 տոկոսով ավելացված վարձը: Մյուս մասի հետ շուկայի տնօրինությունը պայմանագիր կկնքի ապրիլի 20-ից հետո, որպեսզի նրանք էլ մայիսի 1-ից սկսեն վճարել:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ շուկայի տնօրենն իր այս քայլը պատճառաբանել էր՝ նշելով, որ թանկացումներն անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի ենթակայան կառուցելու համար: Սակայն, այս ամենի արդյունքում տուժում են աշխատակիցները, ովքեր ազատվում են աշխատանքից: Նշենք, որ ոսկու շուկայում արդեն մեկ ամիս է, ինչ կրճատումներ են ընթանում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՆԱԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԵՏ
ԲՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպում, որին մասնակցել են կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Կողմերը նշել են, որ երկրում կուտակված խնդիրների լուծումը կարելի է գտնել միայն միասնական աշխատանքի արդյունքում:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՐԱԿԵԼ Է
Հրազդան քաղաքի խանութներից մեկում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ մարտի 9-ի երեկոյան գրանցված միջադեպի կապակցությամբ yerkir.am-ը տեղեկացնում է, որ Հրազդանում հայտնի «Պույ-Պույ»-ի Արտակը՝ «Պույ-Պույ» խանութ-սրճարանի տերը, ով նաեւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, վերջերս էլ ԵԿՄ վարչության անդամ դարձած Մխիթար Հարությունյանի մորեղբոր որդին է, ոգելից խմիչքի ազդեցության տակ, անցնելով Միկրոշրջան թաղամասում գտնվող «ՎԵՎ» սուպերմարկետի մոտով, մեքենան հանկարծակի կանգնեցրել է խանութի տիրոջ` Սամոյի առջեւ եւ փակել նրա ճանապարհը, ինչը վիճաբանության առիթ է դարձել: Բանը հասել է նրան, որ Սամոն հարվածել է Արտակին, ինչից հետո վիճաբանությանն են խառնվել Մխիթար Հարությունյանի ազգականները, այդ թվում` ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանությանը մասնակցող անձանցից մեկին, այնուհետեւ` կրակել հատակին:
ԿԹԱՆԿԱՑՆԵ՞Ն
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երեւանի քաղաքապետարանի բրիֆինգների դահլիճում կկայանա Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը երեկ գումարել է երկրորդ նիստը, որի ընթացքում ՌԴ կողմից ակումբի պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, թե ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր: Երեկվա նիստում հայ եւ ռուս խորհրդարանականները քննարկել են մի շարք օրակարգային հարցեր, անդրադարձել են նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:
ԵԶԴԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Նշենք, որ ազգությամբ եզդի Մախմուդյանը նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացված էր ԲՀԿ ցուցակում, սակայն նրա հերթը չհասավ:
ՎՏԱՆԳԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի կարծիքով՝ Ղրիմիում անցկացված հանրաքվեից հետո սառը պատերազմը վերսկսվել է: «Եվ այդ պատերազմի հետեւանքներն անկանխատեսելի են: Պատմությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողությունները միշտ անց է կացնում իր սահմաններից դուրս, եւ այս ֆոնին մեծանում է արցախյան պատերազմի վերսկսման վտանգը: