ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶԻՆԿՈՄԻ ՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանն, անդրադառնալով Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Ռուբեն Զախարյանի, ինչպես նաեւ Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանի՝ կաշառք վերցնելու դեպքերին, կարծիք հայտնեց, որ կատարվածը մյուսների համար դաս կլինի:

Հիշեցենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ 2014 թվականի մարտի 19-ին՝ ժամը 17.10-ին, Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում կաշառք տալու դեպք էր եղել: «Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը քաղաքացի Գագիկ Վարդանյանին խաբել են, թե «3900 դոլար տուր եւ տղադ բանակ չի զորակոչվի»: Մինչդեռ իրականում Գագիկի որդին ամուսնացած է եղել եւ ունի երկու երեխա: Այսինքն՝ համաձայն օրենքի՝ նա չէր կարող բանակ զորակոչվել: Հիշեցնենք, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:
Ինչեւէ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը: Սակայն Նոր Նորքի զինկոմի պետի պաշտպան Հրանտ Անանյանն ասել էր, թե իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Կալանքի որոշումը նրանք բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում:
Թվում էր, թե այս դեպքից հետո մյուս զինկոմները կզգաստանային: Սակայն 4 օր անց կաշառակերության երկրորդ դեպքը գրանցվեց. դարձյալ զինկոմին կալանավորեցին:
Այս անգամ մարտի 25-ին Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանն էր 300 դոլարի դիմաց որոշել Արման անունով մի երիտասարդի զինգրքույկը «մաքուր հանձնել»: Ըստ լուրերի՝ Արմանը ծառայության ընթացքում խախտումներ է թույլ տված եղել, որը գրանցվել է զինգրքույկում:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի հետ: Ըստ նրա՝ ցանկացած անօրինականություն ինքը դատապարտում է. «Նման ստուգումներ մշտապես եղել են եւ շարունակական բնույթ են կրելու: Ես կատարվածում համակարգի խնդիրը չեմ տեսնում, բայց եթե այսպիսի դեպքեր կան, ուրեմն մի տեղ թերություն կա: Միանշանակ»:
Ըստ Հենրիկ Մուրադյանի` կատարվածից հետո ոչ միայն ինքը, այլ նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մնացականյանը հանդիպել են զինկոմիսարիատների պետերի հետ:
Իսկ այն զինկոմներին, ովքեր այսօր կալանավորված են կաշառք վերցնելու մեղադրանքով, Հենրիկ Մուրադյանը չի հանդիպել: Իսկ ձեր մեղքը չե՞ք տեսնում` հետաքրքրվեցինք Մուրադյանից: «Ոչ, չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը մյուսների համար դաս կլինի:
Իսկ ահա Հրազդանի զինվորական կոմիսարիատի պետ Արամ Պետրոսյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանից նման բան չէր սպասում, քանի որ երկար տարիներ է աշխատել նրա հետ. «Ես կալանավորման պահին զինկոմիսարիատում չեմ եղել, մինչեւ եկել եմ աշխատանքի վայր, նրան կալանավորել էին: Ավելին՝ դեպքից մեկ օր առաջ մեզ մոտ խիստ ժողով էր եղել, որ զերծ մնան այդ ամենից: Խիստ զգուշացրեցի: Ինչ ասեմ, արդեն երկու տարի է, ինչ ծառայում եմ Հրազդանի զինկոմում, բայց նման դեպք մեզ մոտ չէր եղել»:
Արամ Պետրոսյանը բացառեց, որ 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանից բացի այլ մարդիկ ներգրավված լինեն այս գործում: «Նա մենակ է արել ու ոչ մեկ չի խառնվել»,- վստահեցրեց զինկոմը:
Իսկ ինչո՞ւ են զինկոմիսարիատի պետերը կաշառակերությամբ զբաղվում. մեր այս հարցին Արամ Պետրոսյանը դժվարացավ պատասխանել. «Համակարգի խնդիրը չկա, այստեղ անձի խնդիրն է: Ավելին, կատարվածը նաեւ գումարի հետ չեմ կապում, քանի որ քիչ փող չեն ստանում»:
Հուսանք, որ Պաշտպանության նախարարության այսօրինակ հետեւողականությունը կունենա իր դրական հետեւանքները եւ երեք կալանավորումները դաս կլինեն մյուս աշխատակիցների համար, որ շարքային քաղաքացուց գումար չշորթեն:

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՌ ԱԿՑԻԱՆ ԵՎ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ

 

Երեկ մինչ Սահմանադրական դատարանը քննում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական ճանաչելու հարցը, ՍԴ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ լուռ ակցիա էին իրականացնում՝ արդար որոշման ակնկալիքով:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Աժ ՀՅԴ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ՝ մասնավորապես պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչեւ գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Նկատենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, ովքեր այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույն՝ 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին:
Երեկ ՍԴ-ում հայցվոր կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց, որ Հայաստանի բնակչության ավելի քան 88 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
Ըստ նրա՝ պատճառները, որոնք բնակչությանը ստիպում են դեմ հանդես գալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, հետեւյալն են. չկան երաշխիքներ, որ այդ համակարգն արդյունավետ կլինի: Ավելին, իրավապաշտպանը ընդգծել է, որ բնակչության բացասական դիրքորոշումը կարեւոր հիմք է՝ օրենքի 5-րդ ու 7-րդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու: Իսկ ահա ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման հետեւանքով առաջացող մի շարք բացասական հետեւանքներ: Մասնավորապես նա նշեց, որ կուտակային բաղադրիչը վտանգում է կրթությունը, մշակույթը, գիտությունը. «30 տարի աշխատող ուսուցիչը չի կարող գտնվել ավելի վատ վիճակում, քան նույնիսկ 10 տարի աշխատողը: Սա սոցիալական անարդարություն է»:
Ա.Մինասյանը նաեւ ներկայացրեց մի քանի օրինակ, թե երբ են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները սնանկացել՝ մասնավորապես Ռուսաստանում 2012 թ.-ին մի քանի ֆոնդ է սնանկացել, քաղաքացիները զրկվել են կուտակած 470 մլն դոլարից:
Իշխանության ներկայացուցիչը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էր, ով ակնհայտ թույլ հակափաստարկներ էր ներկայացնում:
Ինչեւէ, ՀՀ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ հայցի քննությունը կշարունակի երկուշաբթի՝ մարտի 31-ին:

Նյութերը` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Բոլորն էլ գիտեն, որ կա 3-րդ կողմ, որը սրտատրոփ սպասում է, թե երբ պիտի վատանան մեր հարաբերությունները: Բայց հիասթափեցնեմ նրանց՝ ասելով, որ մեր հարաբերությունները Արթիկի քաղաքապետի հետ շատ ջերմ են»:

Մուշեղ Պետոյան «Առավոտ»
Արթիկից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը նկատի ունի իր եւ Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հարաբերությունները, որոնք, ըստ տեղեկությունների, վերջին ժամանակներում բավականին լարված են։ Բնականաբար, պատգամավորը, ինչպես եւ շատ այլ այլընտրանքայիններ, երբեք բացահայտ չեն ասի, որ իշխանության ներկայացուցիչների հետ վատ հարաբերություններ ունեն՝ միշտ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ընդդիմություն չէ եւ ամեն պահի կրկին կարող են հայտնվել իշխանության կազմում՝ ինչպես որ կասի իրենց կուսակցության առաջնորդը։

 

 

«Դրվում է արմատական փոփոխությունների սկիզբ: Դրանք կլինեն կա՛մ սահուն ու համագործակցված, կա՛մ ռադիկալ պահանջներով»։

Վահան Բաբայան yerkir.am
Ահա, ինչպես ասում են, տեղ հասանք: ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, ով մինչ այս սուսուփուս իր թիկնապահներով ԱԺ-ում շրջում էր, շրջադարձ է խոստանում: Հիշեցնենք, որ այս պատգամավոը ԲՀԿ-ական է դարձել «բարիկադների հակառակ կողմից»: Նա նախկինում ամենաընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության երիտթեւի նախագահն էր, հետո երիտկուսակցապետ, հիմա էլ այլընտրանքային ԲՀԿ է եւ բարիկադների կառուցում է խոստանում: Իհարկե, լավ է, որ երիտասարդները փոփոխություն են ցանկանում, պարզապես հարց է, թե ով է այդ փոփոխության կողմնակիցը:

 

 

«Նմանատիպ լրատվական կառույցներին էլ կասեի, որ դատարկաբանություն եք դուրս տալիս, հո դուք սատանա չե՞ք, ընկել եք ժողովրդի ջանին, այ, ձեր լրագրողները սատանայի գործակալներ են»։

Վարդան Ղուկասյան News.am
Ո՜նց է երեւում իսկական կարկառուն ՀՀԿ-ականը, որ միշտ ուշադիր է իր նախագահի ցանկացած խոսքի նկատմամբ։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էր Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մեղադրում լրատվամիջոցներին, որոնք գաղջ մթնոլորտ են ստեղծում։ Հիմա էլ Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետն է կրկնում իր առաջնորդի մտքերը, իհարկե, չկրկնվելու համար գաղջ մթնոլորտը փոխարինում է ժողովրդի ջանին ընկնելով։ Դեռ լավ է՝ կոչ չի անում ժողովրդին՝ դուրս գալ բողոքի ակցիա իրականացնել լրագրողների դեմ։ Երեւի լրագրողները չլինեին՝ ինքը եւ իր ազգականներն այդքան չէին առնչվի կրիմինալի հետ։

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս