Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում ՀՀ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային ուղիներ փնտրել: Եվ արդյունքում` ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց` ՀՀ տասնյակ բնակավայրերում 21-րդ դարում էլ մարդիկ մնում են փայտի ու աթարի հույսին:
Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ` բոլորը, նորից անցել են փայտ վառելուն: Անգամ Երեւանում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք գերադասում են փայտ վառել: Իսկ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահապետական վիճակ է տիրում. մարդիկ նորից աթար են վառում, ինչն ավելի էժան վառելիք է:
Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք: Իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է, որը նրանք այլեւս չեն կարող իրենց թույլ տալ:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տարբեր մարզերի գյուղապետերի հետ: ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում ձմեռը երկար է տեւում. այն սկսվում է հոկտեմբերից եւ ձգվում է մինչեւ մայիս: Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանի խոսքով՝ գյուղը տեւական ժամանակ է, ինչ գազաֆիկացված է, սակայն բնակիչներն այն գրեթե չեն սպառում: «Մեզ մոտ ձմռան ամիսները ցուրտ են լինում: Նրանք ստիպված աթար են վառում, որ տաքանան: Մեզ մոտ նույնիսկ փայտ չկա: Գյուղի մոտ 5 տոկոսն է միայն գազով իրենց տները ջեռուցում, բայց այն էլ՝ մի քանի օրով: Հետո նորից անցնում են աթարին: Ամբողջ տարին աթար են հավաքում, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին յոլա գնալ»,- ներկայացրեց գյուղապետը:
Գորայք համայնքի ղեկավարի պատմելով՝ իր համագյուղացիների մեծ մասը նույնիսկ աթարի վաճառքով է զբաղված: «Ե՛ւ մեր գյուղի բնակիչներին են վաճառում, ե՛ւ հարեւան համայնքի: Օրինակ՝ տավարի աթարի մեկ խորանարդ մետրը 3.000 դրամով են վաճառում, ոչխարինը՝ 8.000 դրամով: Ե՛ւ էժան է, ե՛ւ ավելի լավ է վառվում ու տաքացնում: Իսկ փայտի մեկ խորանարդ մետրը 22 հազար դրամ է: Բնականաբար, մարդիկ ո՛չ գազից են օգտվում, ո՛չ էլեկտրաէներգիայից եւ ո՛չ էլ՝ փայտից»,- նշեց գյուղապետը:
Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքի բնակիչները նույնպես գազի սակագնի բարձրացումից հետո գազ չեն սպառում: Նրանց մի մասն աթարով է ջեռուցում իրենց բնակարանները, իսկ մի մասն էլ՝ փայտի վառարաններով: «Եթե մեր իշխանությունները գազի սակագինը կրկին բարձրացնեն, ապա մարդիկ նույնիսկ իրենց կերակուրները եփելու համար գազ չեն սպառի: Մինչեւ ժողովրդի սոցիալական վիճակը չկարգավորվի, եւ մեր վճարունակությունը չբարձրանա, մենք չենք կարող մարդավայել ապրել: Այս պահին գազի սակագինն այնքան բարձր է, որ այն միացնելուց առաջ մտածում ենք՝ արժե միացնել, թե ոչ»,- վրդոված նկատեց Չքնաղի համայնքապետ Վանյա Դավթյանը:
Սերժ Սարգսյանի ծննդավայրում՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, մարդիկ նույնպես դժգոհում են գազի բարձր սակագնից: Գյուղապետ Սաղաթել Գալստյանի խոսքով՝ բնակիչները ստիպված են փայտ վառել, քանի որ վճարունակ չեն: Իսկ ահա Արմավիրի մարզի մի շարք համայնքներում բնակիչները ո՛չ գազ են կարողանում սպառել, ո՛չ էլ՝ էլեկտրաէներգիա. նրանք իրենց բնակարանները ջեռուցելու համար օգտագործում են այսպես կոչված «թեփ», որը գոյանում է փայտից:
Ի դեպ, Ռուսաստանի կողմից վերահսկվող տեղական գազաբաշխիչ ընկերության տվյալներով՝ 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում 1.865-ով աճել է բնական գազ սպառողների թիվը: Ըստ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի՝ 2014 թ. ապրիլի 1-ին Հայաստանում իրական բաժանորդների թիվը եղել է 652.360:
Հ.Գ. Հիշեցնենք, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիոն իշխանության մաս էր կազմում, եւ գազի սակագինը բարձրացնելու մասին որոշումն էր քննարկվում, այդ ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեր հայրենակիցներին առաջարկեց աթար վառել: Փաստորեն` նրա առաջարկն իրականություն դարձավ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ՀՈՂԻՆ ԿՀԱՎԱՍԱՐՎԻ
Կապանի Լեն-հանքերի թիվ 7 շենքի բնակիչները 2004 թ-ից մինչ օրս տարբեր գերատեսչական դռներ են բախում: Հույսները վերջնականապես կորցրած՝ մոռացված ու անտեսված շենքի բնակիչներն օգնության խնդրանքով դիմել են «Ժողովուրդ»-ին` ահազանգելով, որ շենքը շուտով հողին կհավասարվի:
Թաղամաս հասնելուն պես, ի զարմանս մեզ, առաջինը մոտեցան հենց առաջին հարկի բնակիչները: Մինչդեռ խնդիրն անմխիթար վիճակում գտնվող տանիքին էր վերաբերում:
Ծնունդով գյումրեցի Սաթենիկ Հակոբյանը խնդրեց տուն մտնել ու սեփական աչքերով տեսնել բնակարաններում ստեղծված պատկերը: Խոնավությունը ստիպում էր տան մուտքից արդեն հետ դառնալ.« Ե՛կ, տե՛ս, աղջիկ ջա՛ն, ես այս տանը չոր անկողին մտած չկամ»,- բողոքեց տիկին Սաթենիկը:
Պարզվեց` երեքհարկանի շենքի տանիքի ճաքերն այնքան են մեծացել, որ խոնավությունը ներծծվել է մինչեւ առաջին հարկը: Տիկին Սաթենիկի ամուսինը խողովակներ է անցկացրել, որ գոնե այդ կերպ խոնավությունը դուրս հանի տանից:
Սակայն տեղումների ժամանակ հատկապես վերջին հարկում բնակվողներն անելանելի վիճակում են հայտնվում: «Տարին կլոր ամաներն ու տարաները տանիքից չեն պակասում: Կաթոցն էլ ամբողջ գիշեր գլխիս մեջ է: Միեւնույն է՝ այլեւս օգուտ չկա: Մեր նյարդերի հաշվին ենք ապրում: Հերթական անգամ քաղաքապետարան էինք դիմել ընդունելության օրը, ու կրկին նույն պատասխանը՝ ձեր տանիքը նորոգելը 10 մլն դրամ արժի, ֆինանս չկա, լինի, կանենք»,-ներկայացրեց տիկին Անահիտը` հավելելով. «Եթե ժամանակին նորոգեին, ծախսերն այսքան չէին մեծանա: Քար առ քար շենքը թուլանում է, իսկ հիմքի մասին խոսելն անգամ ավելորդ է: Չգիտես՝ նորոգե՞ս տունդ, թե՞ սպասես, բայց ինչի՞ն»:
Քաղաքից հեռու այս թաղամասում մարդիկ ապրում են մեկ ընտանիքի պես: Նրանց բոլորի խնդիրը եւս մեկն է՝ այնպես անել, որ մարզային եւ քաղաքային իշխանությունները, ականջալուր լինելուց բացի, նաեւ լուծման գործուն տարբերակներ առաջարկեն: Այլապես մի օր ստիպված կլինեն դրսում գիշերել:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան
12 ԱՄԻՍ ՀԵՏՈ
Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հարց է հնչել, թե ինչպես կարելի է դուրս գալ միության կազմից: Ի պատասխան՝ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ միությունից դուրս գալու համար ընդամենը համապատասխան դիմում է պետք: «Դրա համար պետք չէ համաձայնություն: Դիմելուց 12 ամիս անց արդեն անդամ չես: Եթե այդ ընթացքում ֆինանսական պարտականություններ կան կուտակված, պետք է մարվի: Եթե նույնիսկ այդ մեկ տարում չկարողանաս մարել, պետությունն էլի անդամ չէ, բայց պետք է շարունակի մարել պարտքը»,- ներկայացրել է փոխնախարարը: Շ. Քոչարյանի խոսքով՝ միայն միության անդամ դառնալու համար է անհրաժեշտ կոնսենսուս: