Ավելի շատ հաշմանդամ աղջիկներին են տանում մանկատուն, քան տղաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ինչը ողջունելի է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում չեն ներառվում այդ աշխատանքների շրջանակներում։ Այս առումով մենք բաց ունենք։ Այս տարի մենք փոքրիկ հետազոտություն ենք կատարել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում՝ պարզելու, թե նրանցից քանիսն են ստուգվում՝ իրենց ՄԻԱՎ կարգավիճակը ճշտելու համար։ Պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող որևէ անձ չի ստուգվում»,- դեկտեմբերի 1-ին «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» խորագրով հանրային քննարկման ընթացքում նշեց «Էխո» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը՝ կոչ անելով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում, քարոզարշավներում ներառել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

Անդրադառնալով «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» թեմային՝ Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից Հայաստանում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր ութ երեխայից մեկը ապրում է մանկատներում կամ հատուկ դպրոցներում: Ընդ որում, ավելի շատ հաշմանդամ աղջիկներին են տանում մանկատուն, քան տղաներին: Հետևաբար այս երկու հիմնախնդիրների հիմքում ընկած են տղա երեխայի նախապատվությունը, ավանդական կարծրատիպերը:

«Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» ծրագրի շրջանակներում 5 բուհերում, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ «Էխո» ՀԿ-ն կազմակերպվել է հանդիպումներ։ Քննարկումների ընթացքում պարզվել է, որ շատերը կարծում են, թե հաշմանդամություն ունեցող անձանց երեխաները նույնպես կարող են ծնվել որոշակի խնդիրներով։ Կազմակերպիչները նշում են, որ սեմինարների նպատակն էր նաև մարդկանց բերել այն գիտակցության, որ հաշմանդամությունը շատ դեպքերում ձեռքբերովի է, ոչ թե ժառանգաբար է փոխանցվում։

Բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը նկատեց, որ սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները մեր հասարակության մեջ բազմաթիվ են, ինչը սեռականության շուրջ տիրող կարծրատիպերի հետևանք է։ «Ուսանողների հետ զրույցներից նկատելի է վերջիններիս դեմքերի ամոթխած, կաշկանդված, երկչոտ արտահայտությունները։ Նրանց հարցերն էլ հաճախ չեն արտացոլում իրականությունը, և սխալ պատկերացումներ ունեն, որոնք կարող են բերել տարբեր խնդիրների առաջացման։ Մարդկանց համար անսովոր է, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես կարող են ունենաք սեռական կյանք։ Եվ ամեն անգամ, երբ խոսվում է այդ մասին, կոտրվում է այն կարծրատիպը, թե սեռական կյանքը կամ սեռական առողջությունը միայն որոշակի մարդկանց մենաշնորհն է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգը։

«Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ-ի ղեկավար Մարինե Ասատրյանն էլ նկատեց, որ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկում են որպես հիվանդի։ «Մենք կարող ենք հաշտվել մեր հաշմանդամության հետ, երբ հասարակությունն առկա պատնեշները չեզոքացնի։ Մենք կարող ենք ապրել լիարժեք, լիիրավ կյանքով։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց կարելի է վստահել, նրանք կարող են աշխատել, ստեղծագործել, լինել առաջնորդներ, լավ ամուսիններ, մայրեր, հասարակության լիարժեք անդամ»,- ասաց Մարինե Ասատրյանը։

Նշենք, որ «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս