Ամենայն հավանականությամբ, վաղը՝ ապրիլի 10-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո պարզ կդառնա, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը: «Ժողովուրդ»-ը դեռեւս շաբաթ օրը հրապարակել էր, որ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պատահական չէ, որ նախօրեին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Հ. Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու հավանականության մասին, հայտարարել էր. «Նա ընդունելի է բոլորի համար»: Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում:
Նախկինում, երբ Աբրահամյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի պաշտոնը, անթաքույց ցանկություն ուներ հայտնվել վարչապետի պաշտոնում: Ավելի ուշ` 2011թ. փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում նա խոստովանել էր. «Առաջ ցանկանում էի վարչապետ դառնալ, բայց հիմա խորհրդարանի նախագահի պաշտոնն ինձ բավարարում է»: Նախորդ տարվա փետրվարի 27-ին էլ նա կրկնել էր այդ միտքը. հարցին, թե գուցե ցանկանում եք վարչապետ լինել, Աբրահամյանը նշել էր. «Ուզում էի, բայց հիմա չեմ ուզում: ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր եւ ավելի լավ պաշտոն է»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն այսօր այնքան էլ ոգեւորված չէ վարչապետ դառնալու հեռանկարով: Ավելին, երբ Վիլնյուսում նրան հարցրել են՝ կուզենա դառնալ վարչապետ, Աբրահամյանը բավականին դժգոհ պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1.5 ամսվա աշխատավարձի փող ա մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները՝ ասելով. «Նման խոսակցություն որեւէ մեկի հետ չի եղել ու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Նկատենք՝ ԱԺ նախագահի աթոռը վարչապետի աթոռի հետ փոխելը Հովիկ Աբրահամյանի համար իրականում կլինի պաշտոնի իջեցում: Հայտնի փաստ է, որ ԱԺ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ համարվում է ՀՀ երկրորդ, իսկ վարչապետը՝ երրորդ պաշտոնյան:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. Հովիկ Աբրահամյանը ԱԺ վերջին ընտրություններից ամիսներ առաջ՝ 2011թ. նոյեմբերին, խորհրդարանի ղեկավարի պաշտոնից պարտադրված հրաժարական ներկայացրեց, բայց այնուհետեւ, ընտրություններից հետո կրկին վերադարձավ խորհրդարանի ղեկավարի պաշտոնին: Ու հիմա ԱԺ նախագահի պաշտոնից կրկին հրաժարվելն ու ավելի ցածր՝ վարչապետի պաշտոնի տեղափոխվելը մի տեսակ սիրուն չէ:
Ուշագրավ է, որ Հ.Աբրահամյանն ԱԺ նախագահի պաշտոնում կարողացել էր հասնել նրան, որ փորձում էր լեզու գտնել բոլորի, այդ թվում՝ արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ: Պատահական չէ, որ «հրաշալի քառյակ»-ի ներկայացուցիչները քննադատում են բոլոր պաշտոնյաներին, բացի՝ Աբրահամյանից:
Բացի այդ, ԱԺ նախագահի պատասխանատվության շրջանակներն անհամեմատ ավելի քիչ են, քան՝ կառավարության ղեկավարինը: Ի վերջո, վարչապետը պատասխանատու է ՀՀ տնտեսության համար: Բայց այսօր Հայաստանում տնտեսությունը գտնվում է ողբալի վիճակում. ով էլ ստանձնի վարչապետի պաշտոնը, նա ժառանգելու է անմխիթար, գրեթե ամբողջությամբ քայքայված տնտեսություն: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է ստիպված արձանագրել այդ ձախողումները:
Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշները 2013թ. ողջ ընթացքում, ըստ էության, չաճեցին. 3.5 տոկոս տնտեսական աճը, որ արձանագրել է ԱՎԾ-ն, ըստ էության, նշանակում է տնտեսության լճացում, տեղում դոփել: Ավելին՝ միայն այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է արդյունաբերական արտադրանքի 4.1 տոկոս անկում. մի ցուցանիշ, որը կարելի է համարել վերջին տարիների համար աննախադեպ երեւույթ: Կտրուկ նվազել են արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 5.8 տոկոսով. ներմուծման ծավալները նվազել են 6.7 տոկոսով, իսկ արտահանմանը՝ 3.2 տոկոսով: Նվազել են նաեւ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալները՝ 35.3 տոկոսով: Աղքատությունը շարունակում է գերազանցել 32 տոկոսը: ՀՀ պետական պարտքը հասել է 4.6մլրդ դոլար, որից միայն 3.9 մլրդ-ն ՀՀ արտաքին պարտքն է: ՀՀ մշտական բնակչությունն, ըստ պաշտոնական վիճակագրության, 3մլն 26 հազար է, այնինչ՝ 2008-ին այդ թիվն ավելի էր՝ 3մլն 230հազար: Ընդ որում, սրանք միայն այսբերգի երեւացող մասերն են, իսկ թե իրականում ինչ վիճակ է, մնում է միայն պատկերացնել:
Ու հիմա, ով էլ լինի վարչապետ, նա ժառանգելու է ահա նման տնտեսություն՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Ապագա վարչապետն ինքնաբերաբար հայտնվելու է ծանր իրավիճակում՝ կրելով նաեւ նախորդի պատասխանատվությունը: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այս իրավիճակը միանգամից չի շտկվի, եթե, իհարկե, ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հնարավոր է այն ընդհանրապես շտկելը:
Այնպես որ, մնում է սպասել ու տեսնել Աբրահամյանը վերջին պահին կհրաժարվի՞ արդյոք վարչապետ դառնալու անխուսափելի թվացող պարտադրանքից, թե՞ կհամաձյանվի իր պաշտոնն իջեցնեն ու լրացուցիչ բեռի տակ դնեն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉՍՏԱՑՎԱԾ ՆԱԽԱՐԱՐ
Թեեւ Հայաստանում գնալով նվազում է ծնունդների թիվը, փոխարենն աճում է ծննդաբերության նպաստ ստացողների քանակն ու նպաստների չափը: Այս առումով ուշագրավ փաստեր է պարունակում ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը: ՀՀ-ում 2011թ.գրանցվել է 43 հազար 340 ծնունդ, նպաստառուների թվաքանակը կազմել է 12 հազար 587 մարդ, վճարվել է 3մլրդ 927մլն 940 հազ. դրամ նպաստ: 2012թ. գրանցվել է 42 հազար 480 ծնունդ, նպաստառուների թվաքանակը՝ 12 հազար 445 մարդ, վճարվել է 3մլրդ 646մլն 735 հազ. դրամ նպաստ, 2013թ.գրանցվել է 41 հազար 770 ծնունդ, նպաստառուների թվաքանակը՝ 13 հազար 370 մարդ, վճարվել է 5մլրդ 38մլն 531 հազ. դրամ նպաստ: «Այսպիսով, 2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1մլրդ 391 մլն 795 հազ. դրամ ավելի գումար»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ: Նշենք, որ այս ոլորտի պատասխանատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է, ով, չնայած իր ղեկավարած ոլորտում եղած բացահայտումների առատությանը, շարունակում է պաշտոնավարել:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՐՈՇՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համար հասկանալի չէ ՍԴ որոշումը` կուտակային կենսաթոշակների օրենքի մասին: Նա նշել է, որ իրենք էլ ինչ-որ իմաստով մոլորված են, քանի որ չեն հասկանում՝ ինչպես մեկնաբանել ՍԴ որոշումների 6-րդ եւ 7-րդ կետերը: «Այս գլուխկոտրուկը, որը մենք տեսնում ենք ՍԴ որոշման մեջ, չենք հասկանում՝ որքանո՞վ է իրավաչափ: Ես միշտ հանգիստ ասել եմ իմ դիմումատուներին, որ եթե չեք ուզում՝ մի՛ վճարեք, սակայն մինչեւ սեպտեմբերի 30-ը չգիտեմ վճարե՞ն, թե՞ չէ: Հիմա հստակ ասել չեմ կարող: Ինքս էլ չեմ վճարել»: ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում այն, որ լինելով իրավաբան՝ չի կարողանում հասկանալ այդ կետերի տարբերությունը:
ԱՆՏՐԱՄԱԴԻՐ Է
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավականին ծանր է տանում իր քավորի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին նա փակված է իր աշխատասենյակում ու գրեթե չի շփվում նախարարության աշխատակիցների հետ, անգամ՝ իր տեղակալներին չի ցանկանում ընդունել: Իսկ Դավիթ Սարգսյանին մտահոգում է ոչ միայն քավորի, այլեւ՝ անձամբ իր ճակատագիրը. հանդիսանալով Տիգրան Սարգսյանի թիմի ամենակարկառուն ներկայացուցիչը, ավելին՝ քավոր-սանիկական հարաբերություններ ունենալով նրա հետ, ակնհայտ է, որ Դավիթ Սարգսյանը չի լինի նոր կառավարության կազմում, հատկապես, եթե կառավարությունը գլխավորի Հովիկ Աբրահամյանը, ում համարում են ամենահավանական թեկնածուն: Մինչ այս, քավոր վարչապետի կառավարությունում Դավիթ Սարգսյանը «առաջին կռուգ»-ի տղաներից էր: «Ժողովուրդ»-ը փորձեց Դ. Սարգսյանի տրամադրության անկման պատճառների մասին տեղեկությունները ճշտել Ֆինանսների նախարարությունից, սակայն՝ ապարդյուն. մեր հարցումները մնացին անպատասխան:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՔՉՈՎ
Երեւանի ոսկու շուկայի ոսկերիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շուկայի տնօրենը, ճիշտ է, բարձրացրել է տաղավարների վարձավճարները, բայց ոչ թե 60-100 տոկոսով, այլ՝ 30-50 տոկոսի չափով: Այս տարբերակը ձեռնտու է նաեւ ոսկերիչներին: Տեղեկացնենք, որ առաջիկայում կբարձրացվի նաեւ շուկայում ոսկու վաճառքով զբաղվող առեւտրականների տաղավարների վարձավճարները:
ԱՐԾՎԻԿՆ ԱՄԵՆԱԱԿՏԻՎՆ Է
Parliamentmonitoring.am-ն ամփոփել է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները: Ըստ կայքի վիճակագրության՝ մարտի 31-ի դրությամբ ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը (304), ամենաշատը «կողմ» է քվեարկել Գալուստ Սահակյանը (308), իսկ ամենաշատը «դեմ» է քվեարկել Նիկոլ Փաշինյանը (132): 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ (122 հարց եւ ելույթ) եւ ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած(145) պատգամավորը շարունակում է մնալ Արծվիկ Մինասյանը:
ԿԱՊՎԱԾ ՁԵՌՔԵՐՈՎ ԳՆԱՑ
«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին»,-168.am-ի հարցին ի պատասխան ԱԺՄ առաջնորդ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մի քանի վայրկյան քահ-քահ ծիծաղելուց հետո պատասխանել է. «Հետո մի առիթ կլինի` կխոսեմ: Երկիր է, միշտ էլ լինում է` վարչապետը հրաժարական է տալիս, նոր վարչապետ է գալիս: Ի՞նչն է այստեղ պրոբլեմը»: Իսկ հարցին, թե անձնապես ինչ տպավորություն ունի Տիգրան Սարգսյանի հրաժարականից, Վ. Մանուկյանն արձագանքել է, թե իր անձնական տպավորությունը զուտ մարդկային հարց է եւ կարեւոր չէ պետական տեսակետից: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի քաղաքական կնքահայրը համարվող Վազգեն Մանուկյանը ժամանակին հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են եւ նա չի կարողանում լիարժեք աշխատել:
Ի՞ՆՉ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ
Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն: Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ եւ թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին եւ երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորություններին: