Ապրիլի 14-ին Արզնի գյուղում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի էր ունեցել դանակահարություն: Ֆաբրիկայի անասնապահը, ով, ըստ նրա ծանոթների, հոգեկան խնդիրներ ուներ, դանակով հարվածել եւ սպանել է նույն ֆաբրիկայի պահակին:
Եվ այսպես, ինչ էր կատարվել «Արզնի» ֆաբրիկայում ապրիլի 14-ին՝ ժամը 16:00-ին: 62-ամյա անասնապահ Միշա Սարգսյանի եւ 28-ամյա Վաղինակ Սիմոնյանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, եւ Մ. Սարգսյանը դանակով հարվածներ էր հասցրել Վաղինակի որովայնին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաղինակը ստացած վնասվածքներից արնաքամ լինելով փորձել է հասնել հեռախոսին, որպեսզի կարողանա օգնություն խնդրել, սակայն չի հասցրել:
Պարզեցինք, որ սպանված Վաղինակն ու ֆաբրիկայի անասնապահ Միշան երկար տարիներ միասին աշխատել են ֆաբրիկայում: Սպանված Վաղինակի հարազատները, ովքեր հարգելի պատճառներով չցանկացան ներկայանալ, որոշ մանրամասներ պատմեցին դեպքից: Ըստ նրանց՝ Միշա Սարգսյանը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է եղել: «Ֆաբրիկայի աշխատողները պատմել են, որ երբ անցնելուց են եղել անասնագոմի կողքով կամ գնացել են անասուններին հաշվելու, նկատել են, որ Միշան հարվածել է անասուններին, ինչ -որ տարօրինակ պահերի մեջ է գտնվել, խփել է, գոռացել: Բայց դա մի քանի րոպե է տեւել ու անցել է: Բայց որ խնդիր ուներ, դա ակնհայտ է, եւ ֆաբրիկայի աշխատողները դա նկատել են»,- մանրամասնեցին նրանք:
Ըստ մեր զրուցակցի` Միշան ոստիկանությունում հայտնել է, թե սպանվածը մեկ շաբաթ առաջ գողացել է իր ծխախոտը, դրա համար էլ ինքը սպանել է նրան. «Մենք այդքան էլ չենք հավատում, որ դա կարող էր լինել սպանության պատճառը, ուղղակի երեւի իր հոգեկանը խանգարվել է ու այդ պահին նա հարվածել է ու չի գիտակցել, թե ինչ է անում»:
Սպանված երիտասարդի հարազատները պատմեցին, որ Վաղինակն ամուսնացած չէր եւ ապրում էր սոցիալապես շատ վատ պայմաններում. «Մայրը տարիներ առաջ էր մահացել, իսկ հայրն էլ հաշմանդամ էր ու տանն անկողնային վիճակում պառկած: Տան բոլոր հոգսերը հոգում էր Վաղինակը: Երկու քույր ունի, որոնք ամուսնացել, գնացել են: Ինչ ասենք, գնաց հասավ իր մայրիկին: Շատ անշառ տղա էր, երբեք չենք լսել, որ կռիվ աներ կամ մեկին վատություն աներ»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեպքից հետո «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի հերթապահ աշխատակիցներին տարել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն` հարցաքննության: Իսկ սպանվածի հարազատները սպասում են Վաղինակի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող քեռուն, քանի որ նա պետք է վերադառնա Ռուսաստանից եւ հոգա հուղարկավորության ծախսերը:
Տեղեկացնենք, որ Մ. Սարգսյանը բնակվում է Նոր Հաճնում: Քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը հայտնեց, որ իրեն նույնպես տեղեկություններ էին հասել, որ Միշան առողջական խնդիրներ ուներ: Նոր Հաճնի բնակիչների խոսքով էլ՝ Միշան կնոջ հետ է ապրում, իսկ նրա դուստրն ու որդին գտնվում են արտերկրում:
Բնակիչների խոսքով՝ տարիներ առաջ եւս նման մի դեպք է եղել: Միշան վնասել է մի մարդու, սակայն բարեբախտաբար այդ մարդու կյանքը կարողացել են փրկել:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Գեղամ Ջանվելյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքը երկում չէ եւ տեղյակ չէ ինչ դեպքի մասին է խոսքը: Իհարկե, առնվազը տարօրինակ է, որ ֆաբրիկայի տնօրենը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել իր սեփական ֆաբրիկայի տարածքում, որ սպանվել է իր աշխատողներից մեկը, սակայն հուսով ենք, որ մեր հրապարակումից հետո պարոն Ջանվելյանը կտեղեկացվի եւ միգուցե կհետաքրքրվի իր աշխատողների վարքագծով, ու նաեւ սպանված Վաղինակի հուղակավորության եւ ընտանիքին փոխհատուցման հարցով:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) հատկանիշներով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Միշա Սարգսյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՐՏԱՑԱՎ Է ԵՂԵԼ
Օրեր առաջ Կոնդ թաղամասի բնակիչները կրկին հավաքվել են Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի կառավարական առանձնատների մոտ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոնդի բնակիչներից Օֆելյա Ավետյանը տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է հանդիպել եւ զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ «Դաուն թաուն» շինարարական ընկերության կողմից խաբված Կոնդ թաղամասի բնակիչներն արդեն յոթ տարի է, ինչ շարունակում են պահանջել իրենց հասանելիք բնակարանները: «Նախագահն իրեն շատ քաղաքակիրթ է պահում: Սրտացավ է մեզ հետ խոսում: Սակայն արդեն յոթ տարի է, ինչ մեր հարցը չի լուծվում»,- փոխանցեց տիկին Օֆելյան՝ ավելացնելով, որ այս գործի հսկողությունը հանձնարարված է ՀՀ նախագահականի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին: «Նախագահի հետ հանդիպումից հետո մենք զրուցեցինք նաեւ Հովսեփյանի հետ: Բայց նա էլ հստակ բան չասաց: Ամեն ինչ անորոշ է»,- հուսահատված ասաց մեր զրուցակիցը: Նրա պատմելով, սրանից ուղիղ մեկ տարի առաջ` գրեթե նույն օրերին, կոնդեցիները կրկին հանդիպել էին Սերժ Սարգսյանին, որի ընթացքում վերջինս հայտարարել էր. «Եթե դուք ձեր ընկերոջը բան եք խնդրում, ապա ժամանակ չե՞ք տալիս նրան, որ կատարի իր խոստումը»: Այս զրույցից անցել է մեկ տարի, սակայն այդպես էլ հարցին լուծում չի տրվել:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրիի «Ծերերի եւ հաշմանդամների» տուն ինտերնատում: Տուն ինտերնատի բնակիչներից 54-ամյա Գագիկը որոշել էր 2-րդ հարկից ինքնասպանության փորձ կատարել, սակայն դեպքի վայր հասած ոստիկանները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ տուն ինտերնատի բնակիչ Գագիկն այդ քայլին գնացել է տնօրենի հետ վիճաբանության հետեւանքով: Պարզվում է՝ Գագիկը սննդի հետ կապված վիճաբանություն է ունեցել տնօրեն Ներսես Մարգարյանի հետ, որից հետո էլ որոշել է ինքնասպան լինել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԴ «ԵՐԳԸ» ՇԱՏ ԵՆ ԼՍԵԼ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները նախորդ ուրբաթ ստացել են իրենց մեկ ամսվա աշխատավարձերը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ աշխատակիցներից. «Սակայն ինչ է լինելու հետո, բան չեն ասում: Նորից անորոշություն է: Մենք էլ արդեն սովորել ենք այս ամեն ինչին»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե նաիրիտցիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն նորանշանակ վարչապետից, նրանք պատասխանեցին. «Հնից ինչ լավ բան տեսանք, որ նորից ինչ սպասենք: Իրականում ոչինչ էլ չի փոխվել, միայն անուններն են փոխվել, իսկ մարդկանց հանդեպ վերաբերմունքն ու սկզբունքները մնացել են նույնը: Մենք չենք հավատում, որ այս հարցը դրական կլուծվի: Այնքան ենք այդ երգերը լսել»:
ԲԼԹ
«Ես պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ, ես նախագահի գործունեությանը գնահատական տալու իրավունք չունեմ»:
Լեւոն Սարգսյան yerkir.am
Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը համատեղության կարգով նաեւ հատուկ հանձնարարություններով դեսպան է՝ նշանակված իր իսկ եղբոր կողմից։ Պաշտոնն, իհարկե, ցածր չէ, բայց որտեղի՞ց Լեւոն Սարգսյանը վերցրեց, թե ինքը իրավունք չունի գնահատական տալ նախագահի գործունեությանը: Երկրի նախագահի գոծունեությանը գնահատական տալու իրավունքի վրա որեւէ օրենք որեւէ արգելք չի դնում՝ անկախ գնահատական տվողի պաշտոնից, այնպես որ, Լ. Սարգսյանը միանգամայն կարող է իրացնել իր իրավունքները: Այլ հարց է, որ այս դեպքում նախագահն իր եղբայրն է, եւ այդ իսկ պատճառով Լ. Սարգսյանը խուսափում է գնահատական տալուց:
««Ժառանգություն»-ը մշտապես հայտարարել է եւ հիմա էլ հայտարարում է, որ անձի խնդիր դրված չէ, թե ով է Հայաստանի վարչապետը, կարեւորը ծրագիրն է, որով նա կներկայանա»:
Ռուբեն Հակոբյան 168.am
Բայց ոչի՞նչ, որ այդ անձը ներկայացնում է նույն կուսակցությունը, որի դեմ այսքան ժամանակ իբրեւ թե պայքարել եւ պայքարում է «Ժառանգություն»-ը»։ Եվ այդ ինչպե՞ս է պատկերացնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, որ ՀՀԿ-ն ներկայացնող Հովիկ Աբրահամյանը կարող է հանդես գալ այլ ծրագրով, այն դեպքում, երբ նա նույն իշխանական թիմն է ներկայացնում եւ իր թիմին հակառակ չի կարող գնալ: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանը մեծ ավանդ ունի այդ թիմի վերարտադրության գործում՝ որպես ընտրակեղծիքների հիմնական կազմակերպիչներից մեկը: Ժառանգականների նման մոտեցումը կասկածի տակ է դնում նրանց ուղղվածությունը:
«Ոչ, չեմ սիրում, չեմ էլ ընթերցում»:
Նահապետ Գեւորգյան armlur.am
Խոսքը Համո Սահյանի մասին է, ում ծննդյան օրն էր երեկ: Հայ դասական գրողներին ճանաչում են գրեթե բոլորը՝ անկախ կրթվածության աստիճանից, հատկապես որ Սահյանի պոեզիան մտնում է դպրոցական ծրագրի մեջ: Բայց ՀՀԿ-ական պատգամավորի դեպքում ոչ միայն հայ բանաստեղծներին, այլ նաեւ ընդհանրապես գիրք չկարդալը նորմալ երեւույթ է, քանի որ այլ պարագայում նա չէր կարող հայտնվել խորհրդարանում: Բացի այդ, գիրք կարդալը ազդում է մարդու բառապաշարի վրա, ուստի Նահապետ Գեւորգյանին դա բնավ պետք չէ, քանի որ «քուչի» բառապաշարի օգտագործումն այսօր ավելի մեծ պահանջարկ ունի իր թիմակիցների շրջանում:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ