ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Ինչպես շատ ծառեր, այս մեկն էլ նույնպես էտման է արժանացել: Բայց զարմանալի է, թե աղբի տարան ինչու է հայտնվել ծառի կողքին՝ այն էլ «կողպված» վիճակում: Երեւի այս ամենի հեղինակը ցանկացել է ապահովել ծառի անձեռնմխելիությունը:
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է իրավաբանական անձը լուծարման ենթակա համարվում: Ի՞նչը կարող է լուծարման հիմք հանդիսանալ:
Սոնա Մխիթարյան (37 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել՝
ա) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
բ) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ) դատարանի վճռով՝ առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իրավաբանական անձը լուծարվում է նաեւ սնանկության հետեւանքով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում յուրաքանչյուր գործարք իրականացնելուց առաջ ցանկալի է կարգավորել բոլոր փաստաթղթերն ու դրանք կատարել օրենքի սահմաններում:
ՀԱՐՑ. Ծնողներս վաղուց ամուսնալուծվել են: Ես բյուջետային հիմունքներով (պետպատվեր) ընդունվեցի համալսարանի բաժին եւ հայրս շարունակում էր վճարել ապրուստադրամ: Չափահասությունից հետո վճարեց եւս մեկ տարի, սակայն մի քանի օր առաջ տեղեկացա, որ ես այլեւս չեմ ստանում ապրուստադրամ: Խնդրում եմ ասեք, արդյոք նա պե՞տք է վճարի ապրուստադրամը, թե իմ չափահաս դառնալուց հետո կարող է չվճարել:
Անի Թումանյան (21 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծնողները կարող են պահել իրենց երեխաներին ինքնակամ, այդ թվում նաեւ վճարել ապրուստադրամ նրանց պահման համար անգամ երեխաների չափահաս դառնալուց հետո: Դա նրանց իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը: Ծնողները պարտավոր են պահել իրենց չափահաս երեխաներին, եթե նրանք անաշխատունակ են եւ օգնության կարիք ունեն: Ծնողները կարող են հարկադրվել պահել իրենց չափահաս երեխաներին, եթե երեխաներն ունեն առողջության լուրջ խաթարում օրգանիզմի գործունեության խանգարմամբ, որը հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում:
Ծնողները կարող են նաեւ պարտադրվել պահել երեխաներին չափահասությունից հետո, եթե ապրուստադրամը վճարում են ՀՀ ԸՕ 15-րդ գլխին համապատասխան ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնության հիման վրա: Ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրով հաստատված ապրուստադրամային պարտականությունները, ի տարբերություն ընդհանուր կանոնի, ավարտվում են ոչ թե երեխայի չափահասությունից, այլ այդ համաձայնագրով հաստատված ժամկետի ավարտից հետո:
Այսպիսով, ձեր հայրը կարող է պարտադրվել ապրուստադրամ վճարել ձեր պահման համար, եթե նա ապրուստադրամ է վճարում համաձայն ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրի, որի ժամկետը դեռեւս չի ավարտվել:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում ցավալի է, որ ամուսնալուծությունների արդյունքում տուժում են երեխաները: Ավելացնենք, որ վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվը կտրուկ ավելացել է, որը հաստատվում է պաշտոնական վիճակագրական տվյալներով. Ազգային վիճակագրական ծառայությունը փոխանցում է, որ 2012թ. առաջին եռամսյակի համեմատութամբ 2013թ. նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվը նվազել է 1,6%-ով, իսկ ամուսնալուծություններինն ավելացել է 11,5%-ով:
ՀԱՐՑ. Եթե բաժանորդը գազն օգտագործել է եւ իր ծախսած գազի դիմաց համապատասխան վճարում չի կատարել, ապա նման դեպքերում մատակարարն ինչպիսի՞ իրավունքներ ունի: Ի՞նչ կարող է անել, գազն անջատելու իրավունք ունի՞, թե՞ ոչ:
Ալինա Սամսոնյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին եւ նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին: Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց եւ այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորինս կարճ ժամկետում՝ բայց 36 ժամից ոչ ուշ, եթե պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ վճարման ժամկետից զատ, օրենքը թույլ է տալիս առավելագույնը 10 օրվա ընթացքում կատարել վճարումները: Ամեն դեպքում, ցանկալի է վճարումները կատարել ժամանակին` ավելորդ քաշքշուկների մեջ չընկնելու համար: