Ի՞ՆՉ ԿԱ ԳՐՎԱԾ 5 ՕՐՎԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՉՔԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը վեց տարվա վարչապետ էր եւ միայն հրաժարականի դիմումից հետո իջավ իր բարձունքից ու օրերս գնաց Կառավարության շենքի առջեւ հավաքված «Դեմ դեմ» շարժման ցուցարարների մոտ՝ արժանանալով նրանց սուլոցներին: Իսկ ահա 5 օր առաջ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը երեկ հատուկ թիկնապահներով ահագին ճանապարհ կտրեց, հասավ Բաղրամյան 26՝ հանդիպելու նույն ցուցարարներին: Ու թեեւ ԱԺ նախկին նախագահի ղեկավարած կառույցում էր ընդունվել «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» ՀՀ օրենքը, որից դժգոհում են «Դեմ եմ» շարժման անդամները, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը երեկ երիտասարդներին խնդրում էր հավատալ իրեն. «Եթե նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծորեն եմ ասում»: Իսկ ի՞նչ են ասում Աբրահամյանի «անկեղծ աչքերը». «Մեզ ժամանակ է հարկավոր, բայց որ քայլեր են արվելու, հավատացեք, խնդրում եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում»: Դե իհարկե, իր բնորոշմամբ «երեք օրվա վարչապետ» Հ. Աբրահամյանը (իրականում երեկ նրա պաշտոնավարման 5-րդ օրն էր) գերազանց պատկերացնում է, որ ներկայիս իրավիճակում միակ լուծումը ժամանակ ձգելն է: Ժամանակը «բուժիչ» հատկություն ունի, հանդարտեցնում է հուզումները, խաղաղեցնում կրքերը: Հատկապես որ փորձն աչքի առջեւ է` ոչ վաղ անցյալում Րաֆֆի Հովհաննիսյանի «փոթորիկն», ի վերջո, ՀՀ ոստիկանապետի հետ համատեղ աղոթքով հանդարտվեց:

 

 

 

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել, եւ չի բացառվում, որ այս գործն անկանխատեսելի ընթացք ստանա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, Կիպրոսում հաստատվել է, որ օֆշորային փաստաթղթերի տակ դրված է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը: Իսկ եթե այդ ամենը հանկարծ պաշտոնապես հաստատվի, Տիգրան Սարգսյանի դիվանագիտական առաքելությունը երեւի թե առկախվի, քանզի առաջ կգան քրեական պատասխանատվության խնդիրներ: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ՀՀ դատախազությունից հաստատեցին, որ Կիպրոսի դատախազությունից ստացել են նոր փաստաթղթեր, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չհրապարակեցին դրանց բովանդակությունից որեւէ տվյալ: Իսկ փորձը հուշում է, որ երբ պետական մարմինները որեւէ գործի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակությունից գաղտնի են պահում, ապա դա ուղիղ հաստատումն է լրատվամիջոցների ունեցած լուրերի հավաստիությանը:

 

 

 

Շուրջ երկու ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը հայտնվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում եւ երկու անգամ հասցրել է տուգանքի ենթարկվել: Դեռեւս մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ 2014թ. փետրվարի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության լիազոր անձ Վաչագան Օգանեսյանը Հայաստան է ներմուծել դեղամիջոցներ՝ 1481 կգ բրուտտո (1278 կգ նետտո) քաշով դեղեր, որոնց վերաբերյալ մաքսային հայտարարագիրը 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չէր ներկայացվել, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմա էլ Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է բժշկական կահույք ներմուծել եւ հայտարարագիրը 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չի ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամով:

 

 

 
ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռեւս չի լքել ՕԵԿ-ը` ի տարբերություն իր կուսակից ընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զուլոյանը եւս ցանկացել է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նախագահական նստավայրից նրան արգելել են: Թերեւս նախագահական նստավայրում մտահոգված են ՕԵԿ-ի ճակատագրով, որ կուսակցությունից սկսված արտահոսքը կարող է շատ շուտով ճակատագրական դառնալ նրանց համար: Մինչդեռ, իշխանություններին պետք է հնարավորինս բազմամարդ գրպանային ընդդիմություն: ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը Զուլոյանի մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Նման տեղեկատվության չեմ տիրապետում, իրենից հարցրեք»: Ի դեպ, հավելենք, որ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալու օրը, կուսակցության քաղխորհրդի նիստից առաջ, իր նախարարների հետ զրույցում ասել է, թե այսքանից հետո Սերժ Սարգսյանը մնում է իր ընկերն ու նա ամեն ինչի մասին տեղյակ է:

 

 

 

ՁԱԽՈՂՎԱԾ

Ապրիլի 22-ին լրանում է հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ»-ի հրապարակման հինգերորդ տարին: Եվ այդ կապակցությամբ իր ասելիքը հայտնելու համար Սերժ Սարգսյանը դարձյալ դիմել է վերջին ամիսներին կիրառվող արհեստական եւ բավականին անհաջող հնարքին, երբ այս կամ այն նախարարություն կատարած այցելության շրջանակներում աշխատակիցներից մեկը երկրի ղեկավարին տալիս է պետք եղած հարցը: Այդպես Ս. Սարգսյանը Ղարաբաղի հարցով բանակցությունների մասին խոսեց Մշակույթի նախարարությունում, Ի. Ալիեւի սպառնալիքների մասին` Սոցապնախարարությունում, իսկ ահա հայ-թուրքական արձանագրությունների մասին էլ, համաձայն նախագահականի «պիառշիկների» տրամաբանության` նա պետք է խոսեր Պաշտպանության նախարարությունում: Այնինչ` ընդամենը մի քանի օր առաջ հերթական այցով Արտգործնախարարությունում էր:
Ինչեւէ. անդրադառնալով հայ-թուրքական ձախողված գործընթացին` Ս. Սագսյանն ասել է. «Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ»: Ինչ խոսք` շա՜տ, շա՜տ մեծ ձեռքբերում է: Բայց արդյոք որեւէ մեկը մտածում էր, որ այդ հայկական կողմն է, որ հայտարարել է Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին:
Որպես այդ խայտառակ գործընթացի դրական արդյունք` Ս. Սարգսյանը նաեւ նշում է. «Մենք շատ կարեւոր մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարեւորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել եւ մեկ անգամ եւս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ քննարկել ամենադժվարին խնդիրները»: Թե ինչպիսի «քննարկումներ» եղան, թերեւս շատերն են հիշում. օրինակ` երբ ՀՀ ԳԱ ակադեմիայում հրավիրված քննարկման ժամանակ բազմաթիվ տիտղոսավոր գիտնականներից միայն մեկը` Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համարձակություն ունեցավ դեմ խոսելու արձանագրությունների ստորագրմանը։
Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի՝ սփյուռքյան շրջագայությանը, ապա այդ «քննարկումներ»-ի արդյունքում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում լրջագույն խզում առաջացավ:
Առավել ուշագրավը, սակայն, Ս. Սարգսյանի հետեւյալ միտքն է. « Եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջեւ չէին կանգնի»: Աա ուղղակի սպանիչ տրամաբանություն է, որի դառը պտուղները մենք արդեն քանի տարի է` քաղում ենք: Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ եթե մի բան չի բխում Թուրքիայի շահերից, դա դեռ չի նշանակում, որ այն համահունչ է մեր շահերին:
Հ. Գ. Վստահաբար կարելի է ասել, որ եթե չլիներ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի՝ վերջերս ընդունած բանաձեւը, Ս. Սարգսյանն այս հարցին չէր անդրադառնա: Ի՞նչ երեսով:




Լրահոս