«ՀԵՑ»-Ի ԱՅՍԲԵՐԳԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԻՏԱՆԻԿ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկը, մեղմ ասած, ծիծաղելի վիճակի մեջ է դրել իշխանություններին՝ հօդս ցնդեցնելով նրանց հայտարարությունները՝ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ արտագաղթի նվազեցմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: ՊԵԿ-ն ապացուցեց, որ ամեն օր գովազդվող ձեռքբերումներն ընդամենը «փուչիկ» են: Միայն մեկ տվյալ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման եւ վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Արդեն իսկ ակնհայտ կեղծ սնանկության այս ֆոնին, սակայն, եւս մի ուշագրավ հանգամանք կա՝ էլեկտրամատակարար ընկերությունն այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է 1,8 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28%-ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի գինը նախորդ հուլիսից, ինչպես հայտնի է, թանկացել է 27%-ով: Տրամաբանություն փնտրելն ավելորդ է: Հանրահաշվային այս թնջուկը հնարավոր է լուծել միայն ՀՀ-ում գործող խաղի կանոնների գործադրմամբ. կամ միլիարդները ստվերային հոսք ունեն, պետբյուջե չեն մտել, կամ արտագաղթի պատճառով` բնակչությունը քիչ «լույս է վառել»: Երկու պարագան էլ անասելիորեն ցավալի երեւույթ է մեր երկրի համար:

 

 

 

 

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի: 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: Ուշագրավ է, սակայն, որ ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը 16 հազար 550 է: Նշենք, որ 2012թ. ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է ավելի քիչ՝ 13 հազար 176: Վիճակագրական այս տվյալները, հուսով ենք, կարժանանան ՀՀ իշխանությունների ուշադրությանը, հանձինս ՀՀ միգրացիոն ծառայության, որ արտագաղթի նվազման վերաբերյալ հայտարարություններ անելիս, չհայտնվեն անհարմար վիճակի մեջ: Ի վերջո՝ մախաթը պարկում չես պահի:

 

 

 

 

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ հայ համայնքի դիրքորոշման մասին, ասաց հետեւյալը. «45 միլիոնանոց այդ երկրում ընդհանուր ապրում է մոտ 550.000 հայ ու ամենաշատ հայերը բնակվում են Դոնեցկի մարզում: Հիմա մեզ մոտ մայիսի 11-ին Հանրապետության հռչակագրի օր են հայտարարել, իսկ մայիսի 25-ին մյուս կողմը նախագահական ընտրություն է հայտարարել: Մենք պետք է Ժողով անենք ու հասկանանք, թե ինչ է ուզում հայ համայնքը: Մի ստվար զանգված ռուսամետ է, մի ստվար զանգված՝ արեւմտամետ: Մենք ասում ենք, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, մենք չգիտենք՝ ինչ կլինի, դրա համար ավելի լավ է՝ չեզոք դիրքում մնալ, քանի որ, օրինակ, մենք զոհեր ունեցանք, առաջին զոհը Սերգեյ Նիգոյանն էր, ում Մայդանի հերոս հռչակեցին, երկրորդը Գեորգի Մուրադյան էր, ում եւս հերոս հռչակեցին, իսկ երրորդը` Ռուբեն Ավանեսյանն էր, ում Դոնեցկում սպանեցին, եւ նրան էլ ռուսամետները հերոս հռչակեցին»:

 

 

 

 

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը` Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին` հայտարարեց, որ շքեղ մեքենաների փոխարեն հայ նախարարները կարող են հեծանիվ քշել: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան: Իսկ ժողովին ներկա Սերժ Սարգսյանը սա լսելուց հետո կատակեց. «Հեծանիվը նախարարի՞ն, թե՞ երիտասարդին»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու երկրի առաջին դեմքն անլուրջ վերաբերվեց իր բարձրացրած խնդրին, գիտնականը պատասխանեց. «Իհարկե, իրենք իրավունք չունեին կատակելու հեծանիվի կապակցությամբ. թե՛ Ռ. Մարտիրոսյանը, թե՛ հանրապետության նախագահը: Իմ կարծիքով՝ ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին: Չի կարելի, որ իրենք իրենց նման շքեղություն թույլ տան: Այն սրբազանը (Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը), եթե ես հիշեի իր մեքենայի ֆիրման` «Բենթլի»-ն, ապա դա էլ կասեի»:

 

 

 
ՎԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ

Եվ այսպես` Երվանդ Զախարյանին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակելով` Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, բացահայտեց իր քաղաքական խաղի տրամաբանությունը: Զախարյանն այն ամենակարեւոր պակասող օղակն էր, որն ամբողջացնում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված երկնիշ տնտեսական աճի հեղինակների ողջ շղթան: Կարեն Ճշմարիտյան, Երվանդ Զախարյան, Նարեկ Սարգսյան. սրանք այն մարդիկ են, որոնց անմիջական ջանքերով Հայաստանում մեկնարկեց շինարարական բումը, որը հետագայում Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից որակվեց որպես սպեկուլյատիվ տնտեսական փուչիկ:
Ինչպես հիշում եք` Տ. Սարգսյանի կողմից տարեվերջյան իր ասուլիսում հենց շինարարության` «փուչիկ» լինելու մասին հայտարարությունը պատճառ դարձավ, որ Ռ. Քոչարյանն իր երկարատեւ լռությունից հետո հանդես գար ագրեսիվ քննադատությամբ` հողին հավասարեցնելով Տ. Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունն ու այդպիսով մեծապես վնասելով նաեւ Ս. Սարգսյանի` առանց այդ էլ օրեցօր անկում ապրող հեղինակությունը: Եվ ինչպես հիշում եք, Քոչարյանին հատկապես էմոցիոնալ հակադարձեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների` թվում էր` ցմահ նախարար Արմեն Մովսիսյանը, ում, սակայն, երեկվանից փոխարինում է Քոչարյանի ամենասիրելի կադրը:
Եթե վերլուծում ենք քոչարյանական «կովկասյան վագրի» կառուցվածքը, տեսնում ենք, որ դրա «առջեւի 2 ոտքը» շինարարությունն էր, իսկ հետեւինը` «հանքարդյունաբերությունը»: Եվ հենց այս երկու ոլորտներում նշանակելով Քոչարյանի սիրելի կադրերին` Ս. Սարգսյանը փորձում է կամ վերակենդանացնել «վագրին», կամ ի տես բոլորի, այդ թվում եւ` հենց Ռ. Քոչարյանի, ցույց տալ, որ «վագրն» ի սկզբանե էլ «կատու» է եղել:
Եթե Քոչարյանի երկնիշ տնտեսական աճի հեղինակ նախարարները կարողանան լուծել իրենց առջեւ դրված խնդիրը, եւ նույն Քոչարյանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ` կրկնել երբեմնի հաջողությունը` լավ, դրանից հաստատ Սերժ Սարգսյանի հեղինակությունը չի տուժի: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վագրագետները» ձախողվեն, եւ չկարողանան ցանկալի տնտեսական աճ արձանագրել (ինչն, իհարկե, օբյեկտիվորեն չափազանց դժվար է` թե՛ ստացած ժառանգության, եւ թե՛ գլոբալ տնտեսական գործոնների պատճառով), այդ ժամանակ Ս. Սարգսյանը կկարողանա Ռ. Քոչարյանին եւ նրա տնտեսական քաղաքականության գովքն անողներին հակադարձել` ասելով` սա էլ ձեր թիմն էր, թե կարող էին` թող անեին:
Երկու դեպքում էլ Ս. Սարգսյանը խաղից շահած դուրս կգա, եւ որ ամենակարեւորն է` երկու դեպքում էլ նա Ռ. Քոչարյանին կզրկի իր հենարանից. եթե քոչարյանական նախարարները լավ աշխատեն` «իրենով կանի» եւ կկիսի նրանց հաջողության դափնիները, իսկ եթե ոչ` պաշտոնանկ կանի` որպես ոչ պիտանի ձախողակների:




Լրահոս