ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵԿԱՎ ՊԱՆԹԵՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ  հայրենի պաշտոնյաները Կոմիտասի անվան պանթեոնում էին` հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին առաջնորդի հիշատակին: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Պանթեոնում էին գտնվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ մի շարք նախարարներ եւ պատգամավորներ: ՕԵԿ-ականներից ներկա էր կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ ԲՀԿ-ականներից ոչ ոք չկար:
Ժամը 09:45-ի սահմաններում Պանթեոն էր ժամանաել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն  առաջինը ծաղիկներ դրեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Այնուհետեւ ժամանեցին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Բոլորից առանձին եկավ նաեւ ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ժամանեցին միասին, ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ու քաշվելով  մի կողմ` սկսեցին զրուցել ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանի հետ:
Որոշ ժամանակ հետո եկան նաեւ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ Գարեգին Նուշիկյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արտաշես Գեղամյանը, որը շատ հեռվից հետեւում էր ընթացքին, Խոսրով Հարությունյանը, որը գալուց անմիջապես հետո կարծես փորձում էր բոլորի աչքին «երեւալ»` ցույց տալով, թե ինքն էլ է ներկա այդ ամենին: Հայրենի պաշտոնյաներն արեւի տակ երկար սպասեցին իրենց նախագահի ժամանմանը: Մոտ մեկ ժամ տեւեց, մինչեւ Սերժ Սարգսյանը եկավ Պանթեոն: Այդ ընթացքում արեւի տակ երկար տանջվեցին նաեւ Ավան վարչական շրջանի կողմից «բերված» 9-12 տարեկան երեխաները, որոնք 9:30-ից սպասում էին, թե երբ են ծաղիկ դնելու Մարգարյանի շիրիմին:
Ժամը 11:15-ի սահմաններում վերջապես ժամանեց նաեւ երկրի  «բարձրագույն էլիտան»՝ ՀՀԿ առաջնորդի ղեկավարությամբ, որոնց հետ կրկին եկել էր Տիգրան Սարգսյանը, որը, ինչպես արդեն նշեցինք, բոլորից  շուտ եկել ու գնացել էր: Բայց թե որն էր Տ. Սարգսյանի` շուտ գալու, գնալու եւ հետ վերադառնալու իմաստը, այդպես էլ անհասկանալի մնաց բոլորի համար: Կամ էլ երեւի վարչապետը, տեսնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ առաջնորդի հետ է Պանթեոն գնում,  փոշմանել ու հետ էր եկել:
Անդրանիկ Մարգարյանի որդին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս նրանց շարքերում էր: Այդ խմբի հետ ժամանեց նաեւ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որը կարծես դեռեւս չի համակերպվել, որ ինքն այժմ շարքային պատգամավոր է: Սերժ Սարգսյանի հետ էին նաեւ մշակույթի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխխոսնակներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, որը շարքի միջից ձեռքով բարեւեց շարքից ավելի հեռու կանգնած սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին: Հարգանքի տուրքը մատուցելուց անմիջապես հետո հայրենի պաշտոնյաներն արագ հեռացան ` իրենց պարտքը համարելով կատարած:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս