Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց բնապահպանության նախարարությունը, ոմանք մամուլում այն միտքը հայտնեցին, թե կարիք չկար գնալու կառավարության կազմի ուռճացման, թե այդ գործառույթը կարելի էր վերապահել մեկ այլ նախարարության, քանի որ Հայաստանում բնապահպանությունը չի կարող շատ աշխատատար գործընթացներ պարունակել:
Սակայն առաջին նախարար Կարինե Դանիելյանն ապացուցեց, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ Հայաստանը, իսկապես, կանգնած է բնապահպանական աղետի առջեւ: Այն ժամանակ որպես «թիրախներ» դիտարկվում էին «Նաիրիտ»-ն ու ատոմակայանը: Հետագայում պարզվեց, որ ողջ երկիրն իրապես վտանգել է իր բնապահպանական ապագան` հայտնվելով այն երկրների շարքում, որոնք կարող են կորցնել բնապահպանական անվտանգությունը: Սակայն երկար տարիներ երկրի իշխանությունների համար այս նախարարությունը ոչ թե դարձավ կարեւորագույններից մեկը, ոչ թե այն դիտարկվեց որպես հիմնարար ծրագրեր ներկայացնող եւ իրականացնող կառույց, այլ վերածվեց սովորական ՍՊԸ-ի` բնականաբար, այս նախարարության միջոցով լուծելով մի շարք իշխանավորների ֆինանսական հոսքերի, նոր տարածքների ձեռքբերման, ինչպես նաեւ փողեր լվանալու հարցերը: Այդ ամենը շատ ավելի ցայտուն դարձավ նախկին ՕԵԿ-ական, ապա ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի նշանակումից հետո. մի պաշտոնյայի, ում համար կարեւոր չէ, թե որ ոլորտն է ղեկավարում` քաղաքաշինությա՞ն, թե՞ բնապահպանության:
Հատկապես բնապահպանության կառավարման համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, մասնակցություն տարբեր միջազգային գիտաժողովներին եւ խորհրդաժողովներին: Բայց Ա. Հարությունյանը վերականգնեց խորհրդային արհմիութենական ակտիվիստի ու արտելի դիրեկտորի կերպարն ու իր աշխատանքները կազմակերպեց հենց այդ սկզբունքներով` բնապահպանությունը դարձնելով անչափ անկարեւոր մի ոլորտ: Ավելին, հենց Ա. Հարությունյանի ջանքերով բնապահպանություն ասելով` հասկանում ենք միայն ու միայն Սեւանի խնդիր: Իսկ սա պատահական չէ: Սեւանը ոչ միայն ազգային հպարտություն է, այլեւ փողեր լվանալու եւ մի շարք անձանց հարստացնելու «հրաշալի հանգրվան», քանի որ «կարեւոր փողերն» այստեղ ձեռք են բերում հիմնականում մանրաձկների իբրեւ թե աճեցման եւ դրանք Սեւան բաց թողնելու ճանապարհով:
Եթե հետեւենք բնապահպանության նախարարի հայտարարած թվերին, թե ինչքան մանրաձուկ է տարեկան բաց թողնվում Սեւան, ապա շատ վաղուց մեր փոքրիկ լեռնային գեղեցկուհին պիտի դառնար համաշխարհային ձկնապաշարի խոշորագույն պահեստարաններից մեկը: Բայց… Սեւանն օրավուր ձկնազրկվում է, այստեղ արդեն իշխանի տեսակները եւ մանավանդ կարմրախայտը դարձել են հազվագյուտ, սիգն ու իշխանը վերածվել են «Կարմիր գրքում» գրանցվելիք ձկնատեսակների` իրենց տեղը զիջելով խեցգետնին: Ամեն տարի Ա. Հարությունյանն ինչ-որ արշավներ է կազմակերպում, ջահելներին հավաքում-տանում է Սեւան, ինքն էլ, մարզիկի տեսք առած, իբրեւ թե փրկում է Սեւանը` նույն պահին կործանելով ողջ հանրապետության բնապահպանությունը՝ հընթացս կազմակերպելով ընդհուպ մինչեւ ավազի թալան:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախարարությունը չունի ծրագրեր` կապված Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Կապանի, Քաջարանի, Արարատի բնապահպանական հարցերի հետ, որեւէ ֆինանսական միջոց չի ներդրվում Արփա լճի բնապահպանական միջավայրի պահպանման, մայրաքաղաք Երեւանում ընդունելի բնապահպանական ֆոն ստեղծելու համար: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչու է պետությունը պահում այս նախարարությունը, ինչու է բյուջեից հսկայական միջոցներ տրամադրում, ինչու է հատկապես հանրապետականների մի մեծ խումբ շահագրգռված, որպեսզի Հարությունյանը շարունակի իր պաշտոնավարումը: Մասնավորաբար Ա. Հարությունյանի հետագա պաշտոնավարումն ուզում են ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որը շատ ջերմ է արտահայտվում իր հաջորդի մասին, հանդուրժողականության քարոզիչ Գալուստ Սահակյանը եւ ուրիշներ:
Բուն բնապահպանության նախարարությունում, ինչպես ընդունված է, վատ չեն արտահայտվում նախարարի մասին, ցանկանում են նորից նրա հետ աշխատել, շարունակել իրենց «ազգափրկիչ» ծրագրերը: Նախարարի մասին շատ լավ են արտահատվում նաեւ Սեւանի փրկության խնդիրները համակարգող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ մի քանի հանքատերեր:
Սակայն Ա. Հարությունյանի դեպքում առաջ է գալիս նաեւ Արմեն Գեւորգյանի գործոնը, քանի որ Հարությունյանը համարվում է նրա մարդը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը եւս պաշտպանում է Արամ Հարությունյանին եւ խոստացել է բարեխոսել նախագահի մոտ: Հունիսի 14-ին պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր բաժին կընկնի 2003-ից նախարարի պաշտոն զբաղեցնող Արամ Հարությունյանին, որը, ըստ էության, նույնպես կառավարության «ստարիկներից» է: Հազիվ թե իշխանությունները որոշում կայացնեն հրաժարվել նրա ներկայությունից, քանի որ ցանկացած ոք, մտնելով բնապահպանության նախարարություն, կտեսնի, որ այս նախարարությունն ամեն ինչով զբաղվում է, բացի բնապահպանությունից: Երեւի նաեւ դա է պատճառը, որ նախարարության շենքը գտնվում է բոլորի աչքից հեռու…
ԲՆԱՔԱՆԴ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՎԵՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ