Թուրքական ու ադրբեջանական մամուլը ևս անմասն չի մնացել ու բուռն կերպով անդրադարձել է օրեր առաջ Գյումրիում ռուս զինվորականի կողմից Մյասնիկյան փողոցում բնակվող ընտանիքներից մեկի 6 անդամի սպանության մեծ սկանդալ հարուցած գործին:
Մասնավորապես, թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը գրում է, որ «դասալիք ռուս զինվորը Հայաստանում հայ ընտանիքի է սպանել»: Այնուհետև համառոտ կերպով նշում է, որ Պերմյակովը մեղադրվում է սպանության մեջ, որ նրան բռնել են հայ-թուրքական սահմանի մոտ, ինչպես նաև ներկայացվում են սպանության որոշ մանրամասներ:
Ադրբեջանական haqqin.az-ը նշում է, որ Գյումրիում բողոքի ցույցեր են, և որ ցուցարարները պահանջում են հայկական կողմին հանձնել Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովին: Իրադարձությունների զարգացումը ներկայացվում է ամենայն մանրամասնությամբ, շեշտվում է, որ ցուցարարներին է մոտեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ու փորձել է համոզել նրանց ցրվել: Ադրբեջանական կայքը նաև հրապարակել է Տիգրան Խզմալյանի բերման ենթարկման կադրերը:
Թուրքական «Cihan» լրատվական կայքը ևս գրում է, որ Հայաստանում ռուս զինվորականի կողմից կատարած սպանության պատճառով ցուցեր են: Նշվում է, որ ցուցարարները պահանջում են, որպեսզի մարդասպանը հանձնվի հայկական կողմին:
Ադրբեջանական vesti.az կայքը մասնավորապես ՀՀ-ում այժմ տիրող իրավիճակի շուրջ զրուցել է ադրբեջանամետ ռուս քաղաքական վերլուծաբան Օլեգ Կուզնեցովի հետ:
Վերջինս, անդրադառնալով Գյումրիում ընթացող ցույցերին, ադրբեջանցի խաժամուժին բավարարող հայտարարությամբ է հանդես եկել.
«Եթե հանկարծ տաք գլուխներով հայ ներկայիս ազգայնական ընդիմադիրները փորձեն շրջափակել ռազմաբազայի հարակից տարածքները, ապա կցանկանայի նրանց հիշեցնել 1989 թ աշնանը գրանցված դեպքերը, երբ «Կռունկ» շարժման զինյալները փորձեցին շրջափակել ՀԽՍՀՄ «ԿԳԲ»-ի շենքը»,- սպառնացել է ադրբեջանամետ ռուսը` հավելելով, որ Կովկասում պատերազմի փորձ ունեցող ներկայիս ռուս սահմանապահները էլ ավելի դաժան ու պրոֆեսիոնալ են, քան նրանց խորհրդային գործընկերներն էին:
Իսկ Թուրքական Haber3 կայքը ընդհանրական ձևով ներկայացնում է սպանությունը` ոչ մի խոսք չասելով տեղի ունեցող ցույցերի մասին :
«Գյումրիում ընտանիքի 6 անդամին սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին։ Ռուսական 102-րդ բազայում ծառայող ռուս զինվորին դատելու են ընտանիքի 6 անդամին սպանելու և 6-ամսական երեխային վնասվածք հասցնելու մեղադրանքով»։
Նշենք, որ շատ խոշոր թուրքական լրատվամիջոցները ընդհանրապես չեն անդրադարձել Հայաստանում գրանցված այս դեպքին, մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ակտիվ ու ամենայն մանրամասներով են լուսաբանում իրադարձությունների զարգացումը: