Արդեն հայտնել էինք, որ երեկ երեկոյան ԱՄՆ մեկնած աշխատանքային այցից վերադարձած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ասուլիսով հանդես եկավ: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, քաղաքապետն իր վրդովվմունքն է հայտնել այն հարցի շուրջ, որ մի շարք լրատվամիջոցներ իր բացակայությունն այլ կերպ են ներկայացրել: Սամվել Բալասանյանի խոսքով` ինքը ոչ թե մեկնել էր արձակուրդի, այլ աշխատանքային այցով էր գտնվում Գլենդելում, պարզապես ձևակերպել էր որպես արձակուրդ, որպեսզի պետբյուջեից գումար չգանձվի:
«Ես երեկ պատրաստվում էի ժամը 17:00-ին գտնվել դատախազության շենքի դիմաց` իմ ժողովրդի հետ, սակայն, ցավոք, չվերթ չկար: Գյումրեցին թասիբ ունի, ու ես անդադար ժողովրդիս հետ եմ լինելու: Պարզապես չհասկացա, թե ինչո՞ւ ժողովուրդը կեսից բաժանվեց, և մի մասը հյուպատոսարանի ուղղությամբ գնաց, ու սրա արդյունքում անկարգություն ստեղծվեց»,- ասաց քաղաքապետը:
Վերջինս հայտնեց նաև, որ հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով ևս մեկ անգամ շեշտել է, որ քննչական գործողություններն ամբողջովին գտնվում են իրավական հարթությունում: «Ինքն ինձ, ինչպես և ժողովրդին, տղամարդավարի խոստացավ, որ հարցը լուծում կստանա գյումրեցիների կամքին համաձայն»,- շարունակել է քաղաքապետը:
Վերջինս լրագրողների այն հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է ռուսական ռազմաբազան Գյումրիից տեղափոխելու անհրաժեշտություն, քաղաքապետը բացասական պատասխան է տվել ու ասել, թե պետք չէ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: «Մենք ունենք դարավոր բարեկամություն: Այդուհանդերձ, ես նույնպես պահանջելու եմ, որ հանցագործը դատվի այստեղ»,- նշել է քաղաքապետը:
Ասուլիսը շարունակվում է: