Եթե ԵԱՀԿ դիտորդները կրակոցներին չեն արձագանքում, ուրեմն՝ ուզում են, որ նման իրավիճակ լինի. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Սակայն ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով դիտարկման անցկացումն ընդհատվել է:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) եւ ԵԱՀԿԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ-ի համար նման իրավիճակներն արդեն սովորական բնույթ են կրում: Հարցին, թե ինչպես կարելի է գնահատել այն փաստը, որ Ադրբեջանն արդեն հաշվի չի առնում անգամ միջազգային հանրության կարծիքը մեր զրուցակիցը պատասխանեց.

«Իրավիճակն այնպիսին է, որ կարծես թե նման գնահատականներն իրենց ուժը կորցրել են: Այո՛, Ադրբեջանը միջազգային հանրության տեսակետն արհամարհում է, բայց ի՞նչ է փոխվում դրանից, եթե դրա մասին բարձրաձայնվում է: Ես կարծում եմ, որ մենք չպետք է ամեն անգամ ասենք՝ տեսե՛ք, տեսե՛ք, ինչո՞ւ իրենք չգիտեն, որ Ադրբեջանը կրակել է, որի պատճառով իրենք այդ դիտարկումը դադարեցրեցին, մենք իրենց ի՞նչ ասենք: Իրենք դա իրենց աչքով են տեսել»:

Վ. Աթանեսյանն ընդգծեց, որ նման վերաբերմունքին Արցախն արդեն շատ հանգիստ է վերաբերում. «Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը կրակել է ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ, ի՞նչ անենք, դրանից ողբերգությո՞ւն սարքենք, իրենց ներկայությամբ կրակել են, ու իրենք էլ կարող են վերաբերմունք արտահայտել: Եթե չեն արտահայտում, ուրեմն նշանակում է, որ իրենք ուզում են, որպեսզի նման իրավիճակ լինի: Այս է գնահատականը, այլ բան ես չեմ կարող ասել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս