Ադրբեջանական կողմը թիրախ է դարձնում նաև ձկնորսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն այժմ փաստորեն սահման է հանդիսանում: Արհեստական այս ջրամբարը մեծ հանդիսությամբ շահագործման հանձնվեց 1980թ. աշնանը: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը:

1990թ. սկսված հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը: Արդյունքում` Ջողազի ջրամաբարի ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվելու 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից:

Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող հենակետերից: Սակայն չնայած դրան` բերքաբերցիները երբեմն մահացու ռիսկի դիմելով` գիշերները փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա չափազանց վտանգավոր է, քանի որ ադրբեջանական զինուժը, ունենալով գիշերային տեսողության սարքեր, ձկնորսներին թիրախ է դարձնում: Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա կրակահերթ բացեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքներին, եւ նա կյանքի համար վտանգ ներկայացնող վնասվածքներ չստացավ: Սակայն անգամ նման դեպքերից հետո սոցիալական վատ պայմաններում ապրող բերքաբերցիները շարունակում են վտանգավոր ձկնորսությունը:

Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզ




Լրահոս