Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից:
Ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, իսկ դրանց ցուցահանդեսը կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը:
Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին:
Պագանոն նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում Վատիկանի գաղտնի արխիվներից գրավոր տեղեկություններ թուրք զինվորների գործողությունների վերաբերյալ, կհրատարակվի առանձին գրքով: Նա ներկայացրել է հատվածներ այդ գրքից.
թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունը. «Մենք մտնում էինք հայկական գյուղեր և սպանում բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Մեզնից հետո գյուղ մտած քրդերը թալանում էին հայերի տները: Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք սպանել բոլորին: Գելիեգուզան ավանում սպանվեցին կամ այրվեցին 800 հայեր, Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը և ականջները կտրեցին: Ես չեմ սպանել ոչ մի երեխա, նույնիսկ երկուսին փրկել եմ : Նրանց երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա, որ նրանց մարմինները մասնատված են…»:
Եպիսկոպոս Պագանոն նաև հայտնել է, որ Վատիկանը կհրապարակի նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները: «Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ», – ասել է եպիսկոպոսը: