ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՐԱՎՆ ԷԼԻ ՀԱՆԳԵՑՐԵՑ ԱՐՅԱՆ ՈՒ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում մարդիկ հրաժեշտ տվեցին ՌԴ զինծառայողի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: ՀՀ ղեկավարության առաջին երեք դեմքերից Ավետիսյանների ընտանիքի թաղմանը մասնակցում էր միայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ ինչու թաղմանը չմասնակցեցին Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ գոնե նրանց պաշտոնական ներկայացուցիչները, այդպես էլ չբացատրվեց:

Իսկ արդեն երեկոյան վերսկսվեցին դեռեւս նախորդ օրը սկսված բողոքի ցույցերը, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Արդյոք իրադարձությունները նման կերպ կզարգանային, եթե Հայաստանի ղեկավարությունը ջայլամի կեցվածք չդրսեւորեր եւ փորձեր իր քաղաքացիներին համոզել, որ ոճրագործը չի խուսափի Հայաստանի արդարադատությունից: Սակայն այս փաստն ընդունելու փոխարեն ՀՀ ոստիկանության հասցեին հնչած քննադատությունները երեկ արձագանքվեցին հաթաթաներով, անգրագիտության մեղադրանքներով: Իհարկե, մեր երկրում բոլորը չէ, որ իրավաբան են, հետեւաբար պետք է մարդկանց հետ խոսել հասկանալի եւ համոզիչ հայերենով: Սակայն իրավիճակի ողջ լրջությունը չգիտակցվեց, որի ապացույցը եղավ նաեւ այն, որ երեկոյան արդեն ոստիկանությունը փորձեց Գյումրիում ցուցարարներին ուժով ցրել եւ ինչպես 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ՝ քաղաքացիների դեմ հատուկ միջոցներ կիրառելով, սակայն հուրախություն մեզ, այս անգամ առավել «անփորձանք» ստացվեց. զոհեր չունեցանք, միայն 14 վիրավոր:

 

 

 

 

«Մենք վերջապես պետք է դասեր քաղենք հայոց պատմության ամենաողբերգական դեպքերից, որովհետեւ, Աստված մի արասցե, ցեղասպանության կրկնությունը հայ ազգի համար կլինի մեր հազարամյա պատմության եզրափակիչ դրվագը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօրվա կեղծ նժդեհականներին փոխարինելու գան Նժդեհի իրական գաղափարակիրները, որոնք կկարողանան համախմբել ժողովրդին ու փրկել մեր հայրենիքը։ Վերջապես ժամանակն է համախմբվելու։ Ուշքի եկե՛ք, հայե՛ր…»,- գրել է «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը «Անկախության կորստի ընթացքը» վերնագրով հոդվածում: Այն ամբողջությամբ կարող եք կարդալ 5-րդ էջում:

 

 

 

 

Երեւանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի եւ դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնել է «Պրեմիում» տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, «ՍԻ ՓԻ ԷՍ օիլ» ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլեւ դիզելային վառելիք: «Ռեգուլյար» տեսակի բենզինի քանակությունը կազմել է 1 միլիոն 34 հազար 621,1 լիտր, որի համար վճարել է 465 միլիոն 579 հազար 495 դրամ: Իսկ դիզելային վառելիք եղել է 161 հազար 46 լիտր, որի համար վճարվել է 71 մլն 665 հազար 470 դրամ: Նույնիսկ, եթե ընդունենք, որ քաղաքապետարանն այդ խմբաքանակը գնել է ողջ տարվա կարիքները հոգալու համար, միեւնուն է, պետք է արձանագրել, որ ծավալները բավականին մեծ են: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանն ունի մոտ 50 ծառայողական ավտոմեքենա, որոնք, ենթադրում ենք, որ ամեն օր չեն գնում Մեղրի ու վերադառնում:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կատարողին փնտրելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները բազմաթիվ այլ հանցագործություններ են բացահայտել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, երբ հանցագործին փնտրելու նպատակով ոստիկաններն ուսումնասիրել են տարածքի բնակարաններն ու շինությունները, մի քանի գողություններ են բացահայտել` հայտնաբերելով գողոնները: Տեղեկություններ կան նաեւ, որ այդ շրջայցերի ժամանակ ոստիկանները նույնիսկ հետախուզվողների են հայտնաբերել, որոնք մեղադրվում են նախկինում կատարած հանցագործությունների համար եւ այս ընթացքում իրավապահներից թաքնված են եղել: Այլ կերպ ասած՝ ոճրագործին որոնելու նպատակով Գյումրիի մասսայական «խուզարկությունը» նաեւ դրական կողմ է ունեցել:

 

 

 

ՍՏՐԿԱՄՏՈՐԵՆ

Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո ՀՀ քաղաքացիների համար ցավի, տագնապի եւ զայրույթի զգացողություններից բացի համատարած է անօգնականության եւ անտերության զգացողությունը: Ամբողջ երեք օր` հունվարի12-ից մինչեւ հունվարի15-ը՝ զոհերի հուղարկավորությունն ու դրան հետեւած բախումները, ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չլսեցին ո՛չ երկրի աշխարհիկ, ո՛չ էլ հոգեւոր իշխանության ղեկավարների խոսքը: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, բացի սելեկտորային խորհրդակցություն անցկացնելուց, այդպես էլ հարկ չհամարեց ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին, Գյումրու վիրավոր, ափերից դուրս եկած բնակիչներին եւ հավաստիացնել, որ ՀՀ իշխանությունները երաշխավորում են մարդասպան տականքի` Հայաստանում կայացվելիք ամենախիստ դատավճիռը:
Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը: Որքան էլ շատերի համար ոչ լեգիտիմ, այդուհանդերձ նա այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը եւ պարզապես պարտավոր էր խոսել ժողովրդի հետ: Ժամանակին Սաֆարովի արտահանձնման առիթով, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, նա հոխորտում էր, թե «հայ ժողովուրդը դա չի ներելու»: Գյումրիի դեպքերից հետո արդեն այդ խոսքերն ուղղված են լինելու Սերժ Սարգսյանին. հայ ժողովուրդը դա չի ներելու: Չի ներելու այդ աստիճան անթաքույց ստրկամտության համար, այդ աստիճան վախկոտության եւ «անթասիբության» համար, երբ նա անգամ համարձակություն չունեցավ վեց անմեղ զոհերի նահատակության կապակցությամբ սուգ հայտարարել:
Եվ այստեղ ամենեւին կարեւոր չեն ՀՀԿ-ականների այն մտացածին արդարացումները, թե Ս. Սարգսյանի լռությունը մեզ` հասարակ մահկանացուներիս համար ոչ հասու` ինչ-ինչ աշխարհաքաղաքական պատճառաբանություն ունի: Չկա նման բան, իսկ եթե կա էլ, ապա դա հերթական անգամ ցույց է տալիս այն, որ Ս. Սարգսյանն օր առաջ պետք է հեռանա, քանզի հենց նրա շնորհիվ է, որ մենք զրկվել ենք անգամ մեր վիշտը սգալու համարձակությունից:
Ս. Սարգսյանի «ավելի լավ Հայաստանում» ռուսահպատակությունն այնպիսի մակարդակի է հասել, որ հայ ոստիկանները կրծքով են պաշտպանում ռուսական դրոշը՝ փոխարենը ոտնատակ տալով մեր` հայկական դրոշը, ինչի ականատեսը եղանք ՌԴ դեսպանատան առաջ երեկ կազմակերպված ակցիայի ընթացքում: Իսկ համայն հայերի հոգեւոր առաջնորդն էլ, ով շտապում է ամեն պատեհ կամ անպատեհ առիթով շնորհավորական կամ ցավակցական հեռագրեր հղել ռուս ժողովրդին կամ, օրինակ, որեւէ ռուսական լրատվական գործակալության, մեր համազգային վշտի եւ տագնապի այս օրերին ձկան նման լուռ է: Ինչ է, կաթողիկոսի՞ն էլ պիտի ռուսները ճնշեին, եթե նա համարձակվեր ցավակցական ուղերձով դիմել իր հոտին: Վստահաբար` ոչ: Իրավիճակի ամբողջ ողբերգությունն այն է, որ մեր իշխանությունների` աշխարհիկ եւ հոգեւոր, ստրկամտությունը ոչ թե պարտադրված է, այլ ինքնաբուխ:




Լրահոս