Ռուսաստանի հայերի միությունը հիմարություն է համարում իր նախագահի հրաժարականի պահանջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը հիմարություն է համարում իր ու կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջն ու դրան ուղղված ստորագրահավաքը: Այս մասին  Armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Լ. Մուկանյանը:

Նշենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո համացանցում Ռուսաստանի հայերի միության ղեկավարության դեմ ստորագրահավաք սկսվեց, որի մասնակիցները պահանջում էին, որ  կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը և փոխնախագահ Լևոն Մուկանյանը հրաժարվեն իրենց պաշտոններից:

«Ղեկավար կազմն ընտրվում է կազմակերպության անդամների կողմից, ովքեր մաքուր խիղճ և լուսավոր հոգի ունեն, իրենց ազգի և հայրենիքի նվիրյալներ են: Իսկ առանձին անձանց կողմից հրապարակվող հայտարարությունները, որոնք ոչ մի կապ չունեն կազմակերպության հետ և ամենատարբեր հիմարություններ են ասում, չի կարող հետաքրքրել սթափ մտածող մարդկանց», -ասաց Մուկանյանը:

Մեր այն դիտարկմանը, թե սա առաջին դեպքը չէ, երբ պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը և որպես հիմնավորում բերում այն հանգամանքը, որ միությունը  չի նպաստում Ռուսաստանի սփյուռքի զարգացմանը, Լ. Մուկանյանը նշեց, թե դա համարում է պրովակոտորների գործը, ովքեր ցանկանում են մարդկանց մոլորության մեջ գցել: Նրա խոսքով, այս միությունը մեծ աշխատանք է կատարում Հայաստանի և Ռուսաստանի հայերի համար:




Լրահոս