«Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Նրա այդ պատասխանատու հայտարարությունը հնչել է հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման ՀՀ օրենսդրությամբ եւ մեր դատարանում դատապարտվի: Սակայն երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ իր գործընկերոջը կդիմի այն ժամանակ, երբ նախաքննության ընթացքում ինչ-որ խնդիրներ առաջանան, իսկ մինչ այդ չի պատրաստվում նամակ գրել: Սա այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Փաստորեն, ՀՀ ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը, քաղաքացիների պահանջներին ի պատասխան, մի հայտարարություն է արել, կոնկրետ խոստում տվել, բայց իրականում մարդկանց խաբել է: Բա էլ ո՞ւր մնաց «տղամարդու խոստումը»: Թեեւ մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Կոստանյանն անձամբ Գյումրիում իրադարձությունների ողջ ծանրությունը չվերցներ իր ուսերին՝ մինչ կեսգիշեր այնտեղ մնալով: Այն դեպքում, երբ անգամ Շիրակի մարզպետն էր ընդհատակ անցել:
Ի դեպ, նկատենք նաեւ, որ Կոստանյանը հետաքրքիր բառախաղ է անում՝ ասելով, թե Պերմյակովը պատասխանատվություն կկրի ՀՀ տարածքում. բանն այն է, որ այսօր արդեն իսկ ռուս քննիչների կողմից իրականացվող քննությունը նրա մասով հենց ՀՀ տարածքում է լինում եւ դեռ կշարունակվի: Այլ հարց է, թե ինչ է լինելու ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրգործը, եւ վերջապես այն, թե դատապարտվելուց հետո ինչ է լինելու 6 հոգանոց ընտանիքին սպանած զինվորի ճակատագիրը, որտե՞ղ նա կկրի իր պատիժը: Այս հարցերի պատասխանը դեռ չկա:
Ինչպես հայտնի է՝ «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի: «Ժողովուրդ»-ը «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ի՞նչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը: «Պարտքերի մի մասը մարել եմ: Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը: Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար»,- պատասխանեց Միխայիլ Բաղդասարովը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ստեղծված իրավիճակի հարցով արդյո՞ք ինքը դիմել է Սերժ Սարգսյանին, Բաղդասարովը պատասխանեց հեգնանքով: «Գուցե Օբամայի՞ն, Մերկելի՞ն էլ դիմեմ, բոլորի՞ն պետք է դիմեմ»,-ասաց նա: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Արմավիա»-ի նախկին գրասենյակում այս պահին գործունեություն է ծավալում «Միկա ինտուր թրավել» ընկերությունը: Բաղդասարովը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այն վաղուց վաճառել է:
Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբողջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: Սա այն դեպքում, երբ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված` 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա: Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչեւ զորամասը լքելը կրակոցներ է արձակել այնտեղ: ՌԴ թիվ 102 ռազմաբազայի հրամկազմը լռում է: Բայց ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք. ՌԴ իրավապահների կողմից Պերմյակովին երկու` զորամասն ինքնակամ լքելու եւ դիտավորյալ սպանության մեղադրանքներ են առաջադրվել: Առաջինը պարզ է, իսկ ի՞նչ հիմքով է սպանության մեղադրանք առաջադրվել. չէ՞ որ ՌԴ իրավապահներն իրավասու չէին նրան մեղադրել Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դա ՀՀ իրավապահների իրավասության հարց է: Արդյո՞ք Պերմյակովին այլ սպանության մեջ են կասկածում. այս հարցը չի պարզաբանվել:
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը (ստացված եւ ուղարկված գումարների դրական տարբերությունը) նվազել է շուրջ 12 տոկոսով` 152 միլիոն 705 հազար դոլարով: Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն դեպքում, երբ 2013-ին այդ ամսվա ցուցանիշը եղել է 120 միլիոն 219 հազար դոլար: Անկումը կազմել է մոտ 40 տոկոս: Դեկտեմբերի ցուցանիշը կհրապարակվի հունվարի վերջին, բայց կասկածից վեր է, որ այդ դեպքում անկումն ավելի մեծ կլինի: Նշենք, որ հատկապես նոյեմբերը եւ դեկտեմբերը տրանսֆերտներ ստացողների համար շատ կարեւոր ժամանակաշրջան է. մարդիկ այդ գումարներով պետք է ձմեռը հաղթահարեն: Իսկ եթե գումարները քիչ են ուղարկվում, ապա նշանակում է՝ մարդիկ այլեւս հանձնված են բախտի քմահաճույքին:
Ո՞ՒՐ ԷԻՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ
Հունվարի 15-ին՝ Գյումրիում նահատակված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից եւ դրան հետեւած բախումներից հետո, երեկ ոչ իշխանական դաշտի ուժերը քաղխորհրդի նիստեր են արել, քննարկել կատարվածը եւ հանդես եկել հայտարարություններով: Մասնավորապես ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը տարածել են գրեթե նույնաբովանդակ կոչերով տեքստեր` ուղղված ՀՀ իրավապահ համակարգին եւ ժողովրդին, որում, բնականաբար, հատուկ ընդգծված է հակառուսական տրամադրությունների սերմանման անթույլատրելիությունը:
ԲՀԿ-ի հայտարարության միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ դրա սկզբում հիշատակվում է ԲՀԿ-ական, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` հունվարի 15-ին ունեցած դերակատարությունը լարվածության թուլացման հարցում: Սակայն հենց այդ հիշատակումն էլ շատերի մոտ առաջացնում է հարցը` իսկ ո՞ւր էր ինքը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ո՞ւր էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ո՞ւր էին ընդամենը երեք ամիս առաջ Գյումրիում կազմակերպված հանրահավաքում որպես ազգի փրկիչներ ներկայացած «եռյակի» «դուխով», «ջիգյարով» եւ «թասիբով» ներկայացուցիչները, որոնք գյումրեցիներին հավաստիացնում էին, որ նրանց կողքին են լինելու ե՛ւ լավ, ե՛ւ վատ պահերին:
Նրանց պոստֆակտում ընդունած հայտարարությունները գրոշի արժեք չունեն, քանզի եթե նրանք իրապես մտահոգ էին հնարավոր բախումների համար եւ համակարծիք գյումրեցիների բարձրացրած, իրենց իսկ խոսքով` «արդարացի պահանջներին», ապա պետք է որ լինեին ողջ օրն արդարություն պահանջող գյումրեցիների կողքին: Եթե հունվարի 15-ին սգավոր թափորի երթի առաջին շարքերում լինեին Գ. Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ա. Բաղդասարյանը եւ Արմեն Ռուստամյանը, գուցե այդ բախումները չլինեին, ե՛ւ ժողովուրդն ավելի սթափ կլիներ, ե՛ւ ոստիկանները` ավելի զուսպ: Մինչդեռ նրանք իշխանություններից ոչնչով չտարբերվելով (սրանցից գոնե Աժ նախագահն ու երկու նախարար ներկա էին), իրենց տաքուկ գրասենյակներում նստած՝ հետեւում էին եւ հավանաբար հաշվարկում, թե այս ամենի ընթացքում որքանով է բացվում իրենց ճամփան դեպի Ս. Սարգսյանի՝ այնքան բաղձալի աթոռը:
Իրենց այլընտրանք, ժողովրդի հույս ներկայացնող այս ոչ իշխանականները գոնե կարող էին իրենց երիտթեւերին ուղարկել, օրինակ, Ազատության հրապարակում կազմակերպված մոմավառությանը կամ նախագահականի առաջ ընթացող բողոքի ակցիային: Բայց ոչ, ինչու ավելորդ տեղն աչքի ընկնել, եթե դա առանց իրենց էլ անում են «գրանտակերները»: Իրենք ավելի լավ է` նիստեր հրավիրեն եւ ճոռոմաբառ տեքստեր հրապարակեն, ով գիտե, թե ինչ կլինի առաջիկայում: Ինչու, ուրեմն, ավելորդ տեղը «ջղաձգվել», ի վերջո, իրենց իշխանություն տվողը հո գյումրեցիները, ՀՀ քաղաքացիները չեն, որ նրանց «սիրտը շահեն»: Իրենց իշխանություն տվողը (եթե, իհարկե, տան) ռուսներն են, որոնք շատ զգայուն են նման ազգասիրական «ջղաձգումների» հանդեպ: