Դրամի արժեզրկումը չի ազդել անշարժ գույքի գների վրա. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

»Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ամփոփեց 2014թ. ընթացքում կատարված աշխատանքները։ Ըստ նրա, կոմիտեն ամբողջությամբ եւ սահմանված ժամկետում կատարել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։

Ավելացել են ինչպես անշարժ գույքի գրանցումները, այնպես էլ ստացվող գումարները։ Անցած տարի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաեւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով հավաքել են շուրջ 3 մլրդ 697 մլն դրամ։ Այն նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 1,3 տոկոսով։

Կոմիտեն իրականացրել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների ավելի քան 214 հազար գրանցում, ինչը 11,9 տոկոսով գերազանցել է 2013թ. ցուցանիշը։

Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը» պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին եւ կազմակերպություններին տրամադրել է 473 հազարից ավել տեղեկատվություն՝ գույքի, ինչպես նաեւ դրանց նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ։
Տարվա ընթացքում կոմիտեի սպասարկման գրասենյակներն ընդունել են ավելի քան 354,5 հազար դիմում։ Տրամադրված փաստաթղթերի քանակը անցնում է 398 հազարից.

Դրական գնահատելով անցած տարի կատարված աշխատանքները՝ այնուհանդերձ Մ.Սարգսյանը համարում է, որ ոլորտում դեռեւս բավական անելիքներ կան։ Դրանք կապված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների առավել պարզեցման, բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարձրացման, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառման, ոլորտի գործունեության առավել թափանցիկության եւ մատչելիության ապահովման հետ։

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայի վիճակին՝ կադաստրի կոմիտեի նախագահը նշեց, որ անցած տարվա ընթացքում իրականացված գործարքները 8,3 տոկոսով ավելացել են։ Ոչ էական, բայց աճել են նաեւ գները։ Մասնավորապես մայրաքաղաքում անշարժ գույքը թանկացել է 0,8 տոկոսով։ Միջին գները Երեւանում տատանվում են քառ. մետրի հաշվով 273,6 հազար դրամի սահմաններում։ Դրանք ավելի էժան են մարզերում՝ միջինը 86,2 հազար դրամ։

Կադաստրի կոմիտեի նախագահի կարծիքով, Հայաստանի արժութային շուկայում անցած տարվա վերջին տեղի ունեցող զարգացումները եւ դրամի արժեզրկումը գոնե այս փուլում որեւէ ազդեցություն չեն ունեցել անշարժ գույքի գների վրա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս