Հայտնիներն էլ «ծառայում են» իրենց զինվորների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի հողին ամուր կանգնելու հուսալի երաշխիքն այսօր հայ զինվորն է: Հայոց բանակի մի մասնիկն էլ կազմում են հայտնիների զավակները, ովքեր, ի տարբերություն իրենց ծնողների որոշ գործընկերների դասալիք որդիների, չեն խուսափել եւ մեկնել են հայրենիքին ծառայելու: Եվ հատկապես այժմ, երբ սահմանին լարված իրավիճակ է, նրանց մասին հիշելն առավել քան տեղին է:

Երգիչ, հաղորդավար-շոումեն Սամվել Գրիգորյանը, օրինակ, որդուն օրերս է ճանապարհել բանակ: Նա չի ընդունում հայրերի՝ որդիներին «բանակից փախցնելու» տարածված միտումը: «Եթե ամեն մեկն այդ քայլին դիմի, մեր սահմաններն անտեր կմնան: Ինքս երբեւէ զինվոր չեմ եղել եւ մտածել եմ՝ գոնե որդիս ծառայի: Եթե նայենք սահմանի լարված իրավիճակին, պետք է Հայաստանից գնանք: Իսկ եթե ապրում ենք այստեղ, ուրեմն պատասխանատու ենք ամեն ինչի համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց հաղորդավարը: Նա նաեւ խոստովանեց, որ որդուն բանակ ուղարկելուց հետո փոխվել է զինվորի հանդեպ ունեցած վերաբերմունքը. «Ցանկացած պատահական զինվորի ուզում եմ մոտենալ, գրկել ու համբուրել, խոնարհվում եմ բոլորի առջեւ եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում»,-ասաց նա:

Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը եւս հպարտ է, որ զինվոր ունի հայոց բանակում. եղբայրն է այնտեղ ծառայում: Նա եթերից մշտապես առաջինը ողջունում է հենց հայ զինվորին. «Զինվորի հետ ծառայում է նաեւ նրա ընտանիքը: Գիտեմ, թե այս ժամանակահատվածում որքան դժվար իրավիճակ է ծառայողի եւ նրան սպասողի համար: Բոլորին լավատեսություն եմ մաղթում»,- ասաց հաղորդավարուհին: Անկայի խոսքով՝ ամեն անգամ մեր բանակի վերաբերյալ «վատ լուրեր» կարդալիս՝ իր կյանքից տարիներ են գնում, ուստի ուզում է մեր երկիրը խաղաղ տեսնել: «Ինքս մարտական եմ տրամադրված, եթե պետք լինի, ես էլ կծառայեմ»,-կես-կատակ, կես-լուրջ նշեց հաղորդավարուհին:

Երգիչ Արմեն Խուբլարյանն էլ, ում որդին եւս ծառայում է հայոց բանակում, թեեւ շատ լավ պատկերացնում է, որ այսօր սահմանին իրավիճակը լարված է, այնուամենայնիվ գիտակցում է, որ հայրենիքի անվտանգության հարցը հենց զինվորի ձեռքում է. «Վախենում ենք, որ գնում, սահմանին կանգնում են, բայց ուրիշ ոնց անեն, բոլորը որ հետ կանգնեն, ո՞վ պետք է ծառայի…»,-նկատեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս