Ինչպես հայտնել էր Armlur.am-ը` երեկ Ռուսաստանի Դաշնության պետդումայի մի խումբ պատգամավորներ ժամանել են Գյումրի՝ ծաղկեպսակներ դնելու` ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի յոթ անդամների: Պատգամավորական խմբում էին նաև ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի անդամները և ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդականը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով ի թիվս այլ պաշտոնյաների, ուղեկցում էր ռուս պատգամավորներին մեզ հետ զրույցում ասաց, որ ռուս պատգամավորները շփոթված էին և բառեր չէին գտնում ասելու:
«Նրանք շփոթված էին, բառեր չէին գտնում ասելու: Մեզ հետ կիսում են այս սուգը: Ես ասում եմ՝ շփոթված են, որովհետև որևէ նորմալ տրամաբանություն ունեցող մարդու ուղեղում չի կարող տեղավորվել Գյումրիում կատարվածը»,- ասաց պատգամավորը:
«Նրանք նշեցին, որ փոխանցելու են Հայաստանի իրավիճակն իրենց ղեկավարությանը, որպեսզի օր առաջ նախաքննությունը կարողանա բացահայտել Գյումրիում տեղի ունեցած դեպքերը: Նրանք ասացին, որ ամեն ինչ կանեն, որ գործը բացահայտվի և հանցագործության դրդապատճառները հանրության սեփականությունը դառնան»,- նշեց պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը նշեց, թե բոլորն էլ գիտակցում են, որ կան միջազգային պայմանագրերի և օրենսդրության խնդիրներ, և դրանք անտեսել չի կարելի: «Բոլորն էլ ուզում են, որ նախաքննությունն արդար ընթանա, սակայն Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններն ու իրավապահ մարմինները գիտակցում են, որ անհարկի միջամտությունները միայն կարող են խանգարել գործի արդար քննությանը: Ռուս պատգամավորները նշեցին, որ երկու երկրների փոխգործակցությունը կարող է բերել արդար արդյունքի»,- նշեց Սահակյանը:
Վերջինիս բնորոշմամբ`մեր բոլորի գերնպատակը պետք է լինի այս սպանության դրդապատճառները գտնելը, բացահայտելը և մեղավորներին պատժելը: