«Ժառանգություն»-ը հայ զինվորի կողքին է. կուսակցության շնորհավորանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունեն շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին և ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն և բազկի զորություն: Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները և պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները:

Վերջին շրջանում և, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանում սանձարձակ հակառակորդը սաստկացրել է հայ զինվորների կյանք արժեցող միջադեպերը, ինչն արդարացի վրդովմունք ու անհանգստություն է առաջ բերել հասարակության շրջանում: Սահմանային դեպքերի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդհանրական ձևակերպումները, իսկ որոշ դեպքում՝ ուղղակի անգործությունը, էլ ավելի են մեծացնում առկա լարվածությունն ու մարդկային կորուստների վտանգը:

Զինվորի սպանությունը խիստ դատապարտելի երևույթ է: «Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի է համարում հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երեք երկրների պատասխանատուների ամորֆ, իրավիճակը համահարթեցնող դիրքորոշումը և անհամարժեք արձագանքը ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների նկատմամբ: Այդպես թշնամին, որպես կանոն, ավելի է լկտիանում՝ ազատ զգալով իր հանցավոր գործողությունների մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայ զինվորի կողքին լինելու հաստատակամությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նահատակ զինվորների ընտանիքներին, ծառայակից ընկերներին և հարազատներին՝ կոչ անելով գործող իշխանություններին ու բոլորին, ձեռնարկել ամեն միջոց զինվորի մահը բացառելու համար»,–ասվում է հաղորդագրությունում»։




Լրահոս