«Մեր ազգային բանակը բազմիցս է ապացուցել իր մարտունակությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ծնունդ առնելով Արցախյան ազատամարտի թեժ շրջանում՝ մեր բանակը պատերազմ մղելուն զուգահեռ կարողացավ կայանալ որպես մարտունակ, իր առջև դրված խնդիրները փայլուն կատարող կուռ համակարգ:

Մեր ազգային բանակը բազմիցս է ապացուցել իր մարտունակությունը, ցուցաբերել անկոտրում ոգի: Գաղտնիք չէ, որ բանակի մարտունակությունը պայմանավորված է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցությամբ:

Պետք է նշեմ, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին 4 տարիներին իրականացված արմատական բարեփոխումների արդյունքում էապես ավելացել են առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներն ու պարգևավճարները:

Զբաղվածության ազգային քաղաքականության նոր մոդելի շրջանակներում, որպես առաջնահերթություն, ամրագրված է զորացրվելուց հետո պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված երիտասարդների զբաղվածության ապահովումը:

Հայոց բանակը մեր նորանկախ պետության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, ուստի մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով պետք է աջակից լինի ազգային բանակին և հայ զինվորին: Հայոց բանակում ծառայող զինվորը մշտապես պետք է զգա, որ պետությունն ու հասարակությունն այլևս իր և իր ընտանիքի կողքին է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Մեր Բանակի օրվա կապակցությամբ՝ մեր զինվորներին մաղթելով անկոտրում ոգի, արիություն, ուժ և կորով:

Աստված պահապան բոլորիդ»:




Լրահոս