«Իմ հետևից շատ են չարախոսում, բայց ես ամենաերջանիկ կինն եմ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համազգային թատրոնի դերասանուհի, «Կարգին հաղորդման», մի շարք կատակերգական ֆիլմերի ու սերիալների հերոսուհի Արմինե Պողոսյանը երազում է լուրջ դերի մասին: Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ երբեւէ չի բարդութավորվել իր տեսքից, եւ այն իրեն չի խանգարել բեմում: Նա նաեւ անդրադարձել է այն փաստին, որ ռեժիսորներն իրեն մշտապես առաջարկում են ջղային կանանց դերեր եւ խոստովանել, որ դժվարությամբ է մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ, քանի որ ինքը բնավորությամբ հանգիստ մարդ է:

-Այս տարի հասցրե՞լ եք թատրոնից եւ կինոյից նոր հրավերներ ստանալ:

-Մեր թատրոնը մարտին մեկ ամսով գնում է հյուրախաղերի: Տեսնենք՝ եթե նոր բեմադրություններ լինեն, կարծում եմ՝ իմ մասնակցությունը կունենամ դրանցում: Տարին դեռ նոր է սկսվել, այնպես որ, հրավերներ դեռ կունենամ:

armine poxosyan

Դուք դերասանուհի եք, որը չունի ստանդարտ արտաքին, այդ առումով, միանշանակ, տարբերվող եք: Այս հանգամանքը Ձեզ երբեւէ բարդութավորե՞լ է:

-Ո՛չ, իմ արտաքինն ինձ երբեք չի խանգարել, ինչ դեր որ խաղացել եմ, համապատասխանել է տեսքիս: Եթե դերը համապատասխանում է տվյալ դերասանի հմտություններին, կարծում եմ՝ այլ խանգարող հանգամանք լինել չի կարող:

Ձեզ հաճախ բաժին են ընկնում ագրեսիվ կանանց կերպարներ. վերջինը «Սուպեր մամա» կինոկատակերգությունում կերտած ջղային կնոջ դերն էր: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները հենց Ձեզ ընտրում նմանատիպ դերերի համար:

-Պրոֆեսիոնալ դերասանուհին ռեժիսորի առաջարկած ցանկացած դեր պետք է խաղա: Բայց դերասանին մշտապես պետք են փոփոխություններ, նոր դերեր: Քանի որ ինքս կյանքում հանգիստ մարդ եմ, դժվարությամբ եմ մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ: Կոնկրետ «Սուպեր մամա»-ի նկարահանումների ժամանակ վախենում էի, որ այդ կնոջ դերը չեմ կարողանա խաղալ, սակայն ամեն բան ստացվեց:

armine poxosyan3

-Չնայած Դուք դեռ չեք մայրացել, սակայն կարողանում եք արտահայտել մայրական բնազդները, փոխանցել դրանք էկրանից այն կողմ: Դրա վառ վկայություններն են «Աննա», «Որբերը» սերիալներում Ձեր կերտած դերերը: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

-Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ ցանկանա՝ մի երեխայի մատը փուշ մտնի. ես դա շատ ծանր եմ տանում: Մոր կերպարները շատ սիրով եմ մարմնավորել: Մայրական բնազդներ ունենալու առումով, թերեւս, Դուք ճիշտ եք: Տա Աստված՝ իրականում էլ ապրեմ մայրանալու բերկրանքը:

-Թե՛ բեմին, թե՛ էկրաններին մեծ մասամբ հանդես եք գալիս կատակերգական կերպարներով: Արդյո՞ք թաքուն ցանկություն չունեք ներկայանալու ավելի լուրջ դերերով:

-Այնպես չէ, որ մշտապես հանդես եմ գալիս կատակերգական կերպարներով, բայց, իհարկե, շատ կցանկանայի մի շատ լուրջ դեր խաղալ, օրինակ՝ մեծ է ցանկությունս, որ մեր թատրոնում բեմադրվեր Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», եւ ես խաղայի Կատերինայի դերը, բայց դա դեռ երազանք է…

armine poxosyan2

-Կա՞ կանացի մի հատկություն, որն արժանի է ծաղրի, եւ որը կուզենայիք ներկայացնել բեմից:

-«Թաղականին կինը» անունով պիես կա, որի շրջանակում հաճույքով կմարմնավորեի այդ կնոջը: Մի ժամանակ այն հնարավոր էր դիտել հեռուստաթատրոնի շրջանակում: Այս ներկայացման մեջ ընդգծվում է կնոջ քաղքենիությունը, բամբասկոտությունը, մեծամտությունը, մարդկանց վերեւից նայելու միտումը: Սրանք ցավալի երեւյթներ են, եւ այդպիսի հատկություններով կանայք, բնականաբար, մեր օրերում էլ ապրում են:

-Ձեր եւ Ձեր ամուսնու միջեւ առկա տարիքային տարբերության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Եվ պետք է նկատել, որ Դուք ոչ ստանդարտ եք նաեւ անձնական կյանքում արած Ձեր քայլերով: Ի վերջո, այդ ոչ ստանդարտությունը Ձեզ երջանկություն բերե՞լ է:

-Այո՛, ու չնայած իմ ետեւից շատ են չարախոսում այդ առթիվ, բայց ասեմ, որ ես ամենաերջանիկ կինն եմ, կարծում եմ՝ ամուսնուս ընտրելով՝ կյանքիս ամենաճիշտ քայլն եմ արել: Կցանկանայի, որ մեր կանանց գոնե կեսը զգար այդ անձնական երջանկության համը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս