Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ՃՈ հետ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 89 արձանագրություն, որից 83-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել համատեղ ստուգայցերն ու խստորեն հետևել ինչպես այդ խախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, այնպես էլ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը բացառելուն:
«Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված էլ զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում նախորդ շաբաթ ստացվել է 221 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից լուծում տրվել կամ պատասխանվել է 184-ին, մնացածը կատարման ընթացքում են:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած Երևան համայնքում գործող պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների կատարման պահանջները: